Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ման։ 1948-ի մայիսի 14-ին Պ–ի աարածքի մի մասում ստեղծվեց Իսրայեչ պետությունը։ Պ–ի արաբ ժողովուրդը չկարողացավ իրագործել անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, քանի որ սիոնիստները, արևմուտքի իմպերիալիստական տերությունները և արաբ, երկրների հետադիմական ուժերը հրահրեցին արաբա– իսրայելական պատերազմ (1948–49)։ 1949-ին Իսրայելի և արաբ, պետությունների միջև կնքվեց հաշտություն։ ՄԱԿ–ի կողմից արաբ, պետության համար նախատեսված տարածքի կեսից ավելին (6,7 հզ․ կմ2), ինչպես նաև Երուսաղեմի արմ․ մասն անցավ Իսրայելին։ Պ–ի արլ․ շրջանները (Հորդանան գետի արմ․ ափը) և Երուսաղեմի արլ․ մասը միացվեցին (1950) Հորդանանին, իսկ Գազայի շրջանն անցավ Եգիպտոսի հսկողության տակ։ Իսրայելի զինված ուժերը գրաված հողերից վտարեցին 900 հզ․ արաբների, առաջ եկավ, այսպես կոչված, պաղեստինցի գաղթականների հարցը, իբրև Պ–ի խնդրի (որի էությունն է՝ Պ–ի արաբ, ժողովրդի, ՄԱԿ–ի որոշումով նախատեսված, օրինական իրավունքների ապահովումը) մի մաս։ 1967-ի հունիսին Իսրայելը նոր հարձակում սկսեց հարևան արաբ, երկրների դեմ (տես Իսրայեչի ագրեսիան ընդդեմ արաբական երկրների /967) և զբաղեցրեց ոչ միայն երբեմնի ենթամանդատային Պ–ի ամբողջ տարածքը, այլև Եգիպտոսին պատկանող Աինայի թերակղզին, Աիրիային պատկանող Գոլանի բարձունքները, առավել սրվեց Պ–ի գաղթականների հարցը (ՄԱԿ–ի տվյալներով 1974-ին նրանց թիվը հասավ ավելի քան 1,5 մլն մարդու)։ Պ–ի արաբները Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարությամբ պայքարում են 1967-ի իսրայելական ագրեսիայի հետևանքները վերացնելու և Պ–ի խնդրի արդարացի լուծման համար։

Ճարտարապետությունը և կերպարվեստը։ Պ–ի արվեստի առաջին նմուշները վերաբերում են միջին քարի դարի ժամանակաշրջանին։ Պահպանվել են Երիքովի (մ․ թ․ ա․ VII –VI հզ․), Մեգիդդոյի (մ․ թ․ ա․ IV հզ․) և այլ բնակավայրերի քաղաքատեղիները, մ․ թ․ ա․ V հազարամյակի խեցեղեն, ավելի ուշ շրջանի փղոսկրե արձանիկներ, ոսկերչական իրեր։ Մ․ թ․ ա․ III –II հազարամյակներում զարգացել են Երուսաղեմ, Երիքով, Բետ–Շեան (Բեյսան) և այլ քաղաքատիպ բնակավայրեր, որոնք ունեցել են քարից ու հում աղյուսից պաշտպանական կառույցներ, քարե տաճարներ, ջրատար թունելներ։ Պահպանվել են բարձրաքանդակներ, բոլորաքանդակներ, արձանիկներ, կենդանակերպ անոթներ։ Իսրայելի և Հուդայի թագավորությունների (մ․ թ․ ա․ X դ․ 2-րդ կես–մ․ թ․ ա․ VI դ․) ժամանակաշրջանի կառույց էր Սողոմոնի տաճարը Երուսաղեմում (մ․ թ․ ա․ X դ․)։ Հելլենիստական և ավելի ուշ շրջանին են վերաբերում որմնանկարներով դամբարանները։ Հռոմ․ շրջանից պահպանվել են տաճարների, թատրոնների, ջրանցույցների, խճանկարով և քանդակներով զարդարված տների մնացորդներ, մարմարյա սարկոֆագներ։ II–IV դդ․ կառուցվել են սինագոգներ (Կապեռնաումի սինագոգը), բյուզ․ շրջանում՝ վանքեր, տաճարներ, ամրոցներ։ VII դ․ Պ․ գրաված արաբները կառուցել են մզկիթներ, մեդրեսեներ են, որոնցից նշանավոր են Կուբբաթ աս Սախրա և ալ Ակսա մզկիթները Երուսաղեմում, Հերբեթ ալ Մաֆջար դղյակը։ Խաչակիրների ժամանակաշրջանից (XI – XIII դդ․) պահպանվել են ամրոցներ, դղյակներ։ XVI դ․– XX դ․ սկզբի (թոլրք․ տիրապետության շրջան) կառույցներից առանձնանում են Սաֆեդի սինագոգը (XVI դ․ կես), Ցաֆֆայի մզկիթը (1810)։ Հրեաների վերաբնակեցման հետևանքով (XIX դ․ վերջ) տեղական մշակույթ են ներթափանցել տարբեր երկրների գեղարվեստական ավանդույթներ։ Սկզբում կառուցվել են էկլեկտիկ, ավելի ուշ՝ արևմտաեվրոպա–կան ժամանակակից ոճերով շենքեր (ճարտ․ է․ Մենդելզոն, Ռ․ Կաուֆման)։ Կերպարվեստում առկա են տարբեր հոսանքներ (ռեալիզմից մինչև աբստրակ ցիոնիզմ)։ Տես նաև Իսրայեչ, Հորդանանհոդվածները։

Գրկ․ Б a յ и л и К․ М․, Сирия и Палестина под турецким правительством ․․․, М․, 1962; Новейшая история арабских стран, М․, 1968, с․ 113–33; Parke s I․ W․, A History of Palestine, Լ․, 1949․

ՊԱՂԻՆ, Գայլ (այժմ՝ Փերի, վերին հոսանքում՝ Քղի, էլմալի), գետ Հայկական լեռնաշխարհում, Մնձուրի ձախ վտակը (Արածանիի համակարգ)։ Երկարությունը մոտ 240 կմ է։ Սկիզբ է առնում Մեղեդուղխ (Շակշակ) լեռների արլ․ լանջից, հոսում անտառապատ կիրճերով դեպի արմ․, կտրում Գայլախազուտ լեռնաշղթայի արլ․ ճյուղավորությունները և ընդունում հվ–արմ․ ուղղություն։ Կեբանի ջրամբարի կառուցումից հետո թափվում է նրա մեջ։ Սնումը խառն է, հորդանում է մայիս–հունիսին։

ՊԱՂԻՆ, բերդ Մեծ Հայքի Ծոփք նահանգի Պաղնատուն գավառում, Արածանու Պաղին վտակի աջ ափին (այժմ՝ ավերակ)։ Հնում եղել է Ծոփաց իշխանության պաշտպանական կարևոր ամրություններից մեկը։ IX դ․ 1-ին քառորդից տիրել են բյուզանդացիները, XI դ․ 2-րդ կեսից՝ սելջուկյան թուրքերը։ Բերդատեղին տակավին չի ուսումնասիրված։ Պ–ի մոտակայքում գտնվել է ուրարտ․ սեպագիր արձանագրություն։ Պ–ի ավերակները թուրքերն անվանում են Բաղին կալեսի։ XX դ․ սկզբին բերդատեղիից ոչ հեռու գտնվում էր Պաղին կամ Բաղին հայաբնակ գյուղը, որի բնակիչները տեղահանվեցին 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ՊԱՂԼԵՂՆԵՐ, շիբեր, ծծմբական թթվի կրկնակի աղերի բյուրեղահիդրատները՝ M1[MI1I(S04)2]-12H20, որտեղ (M‘= K+, Na+, NH+4, M1U = A13+, Cr3+, Fe3+ են)։ Կոմպլեքսային միացություններ են, ջրում լուծվող, տտիպ թթվահամ բյուրեղական նյութեր։ Քիմիապես կայուն են։ Տաքացնելիս կորցնում են բյուրեղաջուրը, օդում դանդաղ հողմնահարվում են։ Նոսր լուծույթներում դիսոցվում են M1+, М3+ և Տ024- իոնների։ Ալյումինական Պ․ անգույն են, քրոմականը՝ մուգ, իսկ երկաթինը՝ բաց մանուշակագույն։ Պ․ հայտնի են շատ վաղուց, հիշատակվում են Ալեքսանդրիայի գրադարանի տեղեկատուներում, Պլինիոս Ավագի (23–79 թթ․) գրքում, ալքիմիական ձեռագրերում (տես նկ․ Աչքիմիա հոդվածում)։ Հայաստանում Պ․ օգտագործվում էին որդան կարմիր և այլ ներկեր պատրաստելու, կաշին դաբաղելու համար և բժշկության մեջ։

Ստացվում են համապատասխան սուլֆատների խառնուրդներից։ Օգտագործ վում են որպես դաբաղանյութեր (կաշվի և լուսանկարչական արտադրություն), որ պես արծնիչներ (տես Արծն, գործվածքեղենի ներկում), թուղթը սոսնձելու համար ևն։ Կալիում–ալյումինական Պ․ օգտագործ վում ենբժշկության մեջ՝ փոքր վնասվածքների, արյունահոսությունը դադարեցնելու համար, իսկ լուծույթները՝ ողողումների, թրջոցների ևն նպատակով։

ՊԱՂՆԱՏՈՒՆ, Պաղնայ տուն, Պաղնա գավառ, Խոզան, գավառ Մեծ Հայքի Ծոփաց նահանգում, Արածանու Պաղին վտակի ավազանում։ Կոչվել է իր գլխ․ բերդերի՝ Պաղինի ու Խոզանի անուններով։ Հվ–ից սահմանակից էր Բալահովիտ, արլ–ից՝ Հաշտյանք, հս–արլ–ից՝ Խորձյան, հս–արմ–ից՝ Մնձուր (Մուզուր), արմ–ից՝ Ծոփք Շահունյաց գավառներին։ Ունի բարեբեր դաշտեր ու ոսկու պաշարներ։ Մեծ Հայքի բաժանումից (387) հետո Պ․ անցել է Բյուգանդական կայսրությանը (մտել է Ներքին Հայք կուսակալության մեջ՝ որպես ինքնավար իշխանություն)։ VII – IX դդ․ անցել է մե՝րթ բյուզանդ․, մերթ արաբ, նվաճողների ձեռքը։ IX–XI դդ․ մնացել է Բյուզանդիային, 1071-ից տիրել են սելջուկյան թուրքերը։ Այնուհետև ենթարկվել է զանազան վաչկատուն ցեղերի ավերածություններին։ XIX դ․ վերջից մտնում էր Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառակի (կազա) մեջ։ Պ–ի հայ բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։

ՊԱՂՊԱՂԱԿ, զովացուցիչ աղանդերային սննդամթերք։ Ունի դուրեկան համ, բարձր կալորիականություն և լավ է յուրացվում։ Պ–ի շատ տեսակներ պարունակում են սննդի համար անհրաժեշտ սպիտակուց ներ, ճարպեր, ածխաջրեր, հանքային աղեր և վիտամիններ։ Հիմնական հումքը կաթնամթերքն է (կաթ, սերուցք, կարագ են), շաքարը, պտուղները կամ հատապտուղները (թարմ կամ սառեցրած), մուրաբաները, շոկոլադը, ընկույզը, նուշը, մրգակճեպը, ձուն, կայունարարները, բուրումնավետ նյութերը են։ Հումքից, որոշակի բաղադրագրով, պատրաստվում է խառնուրդ, որը վարակազերծվում է, համասեռացվում, հովացումից հետո սառեցվում և հարվում ֆրիզերներում։ Ստացված «փափուկ» Պ–ում ջրի մինչև 60% –ը վերածված է սառույցի մանրագույն բյուրեղիկների, իսկ ջերմաստիճանը հասցված մինչև –4, –5°С։ «Փափուկ» Պ․ կշռաբաշխում են, ձևավորում և ենթարկում հետագա սառեցման («կոփման»)։ Կոփման ժամանակ տեղի է ունենում ջրի լրացուցիչ սառեցում, Պ․ պնդանում է,և նրա ջերմաստիճանն իջնում մինչև –10, – 20°С։ 100 գ Պ–ի կալորիականությունը 100–240 կկալ է։

ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊԻՐ, տես Բաղդասար Դպիր։