Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որոշ տեղերում4 3–4 անգամ։ Թերթի աշխատանքի համար պատասխանատու է կուսակցական կամ արհմիութենական, կոմերիտական կազմակերպությունների հաստատած խմբկոլը, թղթակիցները կոլեկտիվի անդամներն են։ Պ․ թ–երը երևան եկան սովետական իշխանության աոաջին տարիներին՝ բանգյուղթղթակիցների շարժման հետ միաժամանակ։ ՍՄԿԿ Պ․ թ–երի գործունեությունը համարում է կուսակցական, քաղ․ ու կազմակերպական աշխատանքի կարևոր, բաղկացուցիչ մասը։ ՌԿ(բ)Կ Կենտկոմի կազմբյուրոյի «Պատի թերթերի մասին» (1924) և կուսակցական այլ որոշումներում բարձր գնահատական է տրվել Պ․ թ–երի գործունեությանը և խնդիր դրվել դրանք է՝լ ավելի մասսայական դարձնելու մասին։ Սոցիալիստական ու կոմունիստական շինարարության ընթացքում Պ․ թ–երը կուսակցական կազմակերպությունների մարտական օգնականներ ու գաղափարական ներազդման կարևոր միջոցներն են։ Նրանք մոբիլիզացնում են կոլեկտիվի ուժերը՝ հանուն սոցիալիստական մրցության ծավալման, պլանային առաջադրանքների կատարման ու գերակատարման, աշխատանքային ու պետ․ կարգապահության ամրապնդման, ուս․ ու դաստիարակչական աշխատանքի բարձր որակի, մարտական ու քաղ․ պատրաստականության բարձր ցուցանիշների։

Պ․ թ–երի ակտիվին մեթոդական ու մասնագիտական օգնություն է ցույց տալիս «Պրավդա»-ի խմբագրությամբ հրատարակվող «Ռաբոչե–կրեստյանսկի կորրեսպոնդենտ» (<Рабоче-крестьянский корресондент») ամսագիրը։

ՊԱՏԻԺ, պետ․ հարկադրանքի հատուկ միջոց, որը կատարած հանցանքի համար պետության անունից կիրառում է դատարանը։ Նախնադարյան համայնական կարգերում, ուր բացակայում էին դասակարգերը, պետությունն ու իրավունքը, հասարակության անդամների թույլ տված խախտումների համար գոյություն ունեցող կարգը պահպանելու նպատակով կիրառվում էր հասարակական հարկադրանք։ Տոհմի անդամին կյանքից ղրկելու, նրան մարմնական վնասվածքներ հասցնելու, տոհմի կամ ցեղի սահմանները խախտելու և նման այլ արարքների համար ամենից հաճախ գործադրվել է արյան վրեժն ու աշխարհազրկումը։ Որպես դասակարգային ճնշման միջոց, Պ․ առաջացել է ստրկատիրական հասարակարգում։ Հարկադրանքի նախադասակարգային ձևերը հարմարեցնելով իր շահերին, ստրկատիրական հասարակարգը կիրառել է հարկադրանքի նոր ձևեր՝ տաժանակրություն, բանտարկություն, աքսոր ևն։ Քրիստոնեության տարածմամբ առաջ է քաշվել Պ–ի միջոցով մեղքը քավելու գաղափարը, որն արտացոլվել է նախ կանոնական իրավունքում, իսկ XVIII դ․ քրեական օրենքներում ու առանձին քրեական օրենսգրքերում։ Պ–ի գլխ․ նպատակը համարվել է ահաբեկումը, ուստի կիրառվել են արտակարգ դաժան ձևեր։ Բուրժ․ հեղափոխություններից հետո Պ․ հռչակվել է որպես հասարակական անվտանգությունն ապահովելու միջոց։ իրականում բուրժ․ քրեական իրավունքը Պ–ի հիմնական նպատակը համարում է հատուցումը։

XIX դ․ սկսած, բուրժ․ պետություններում Պ–ի բնույթը փոխվել է․ վերացականորեն ընդունվում է Պ–ի դաստիարակչական դերն ու դրան համապատասխան կիրառվում որոշ միջոցառումներ՝ բարելավվում են բանտարկության պայմանները, Պ․ զուգորդում ուսման հետ են։

Սոցիալիստական հասարակարգում Պ–ի էությունն ու նպատակները արմատապես այլ են։ ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քրեական օրենսդրության հիմունքների, ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների Ուղղիչ աշխատանքային օրենսդրության հիմունքների համաձայն ՍՍՀՄ–ում Պ․ կիրառվում է դատապարտյալներին ուղղելու և վերադաստիարակելու նոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով։ Պ–ի տեսակների բազմազանության, չափերի ու կիրառման օրենսդրությամբ սահմանված կարգի շնորհիվ դատարանը հնարավորություն ունի անհատականացնել յուրաքանչյուր հանցագործի նկատմամբ նշանակվող պատժատեսակն ու չափը, ապահովել նրա խնդիրներն ու նպատակները։

Պ․ լինում է հիմնական և լրացուցիչ։ Ըստ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 21 հոդվածի հիմնական տեսակներն են՝ ազատազրկումը, աքսորը, արտաքսումը, ուղղիչ աշխատանքները (առանց ազատազրկման), որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկումը, տուգանքը, պաշտոնանկությունը, հասարակական պարսավանքը։ ժամկետային ծառայության զինվորական ծառայողների նկատմամբ Պ․ կարող է կիրառվել նաև կարգապահական գումարտակ ուղարկելու ձևով։ Լրացուցիչ Պ–ներ են՝ գույքի բռնագրավումը, զինվորական կամ հատուկ կոչումից զրկումը, ծնողական իրավունքներից զրկումը։ Աքսորը, արտաքսումը, որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, տուգանքը, պաշտոնանկությունը կարող են կիրառվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ Պ–ներ։ Մահապատիժը Պ–ի համակարգի մեջ չի մտնում, ժամանակավոր միջոցառում է, կիրառվում է միայն օրենքով հատկապես նախատեսված դեպքերում։

Գրկ․ Ուզունյան Մ․ Ի․, Պատիժ և դաստիարակություն, Ե․, 1969։ Ной И-С․, Сущность и функции уголовного наказания в Советском государстве, Саратов, 1973․ Մ․ Ուզունյան

ՊԱՏԻՃՎԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բասեն գավառում։ 1909-ին ուներ 26 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հիմնականում հացահատիկի մշակությամբ), արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊԱՏԻՇԵՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 34 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասամբ արհեստագործությամբ։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում և այլուր։

ՊԱՏԻՎ, բարոյագիտության կատեգորիա, որը ցույց է տալիս հասարակության կողմից անհատին, ընտանիքին, կոլեկտիվին, դասակարգին, ազգին տրվող դրական բարոյական գնահատականը։ Պ․ սերտորեն առնչվում է արժանապատվության կատեգորիային։ Հասարակության բարոյական գիտակցությունը առաջ է քաշում, հասարակական կարծիքով հաստատում և Պ–ի արժանացնում այն մարդկանց ու հանրույթներին, որոնց գործունեությունը հանրօգուտ է։ Պ․ մարդկային գործողությունը տարբերակելու և համախմբելու կերպ է։ Ունի տարբեր ընդգրկումներ՝ անձի, ընտանիքի, կոլեկտիվի, դասակարգի, կուսակցության, ազգի, հայրենիքի Պ․ են։ Պ–ի ըմբռնումն ունի դասակարգային բնույթ, առնչվում է կաստաների, դասերի, դասակարգերի շահերի հետ։ Գոյություն ունեն Պ–ի մասնագիտական ըմբռնումներ՝ բժշկի, մանկավարժի, դատավորի, կուսակցականի Պ․ ևն։ Սոցիալիստական հասարակության մեջ Պ–ի ըմբռնումը ստացել է բնական բովանդակություն, դարձել լիարժեք ու բարոյալի, վերացել են Պ–ի կրոն․, իդեալիստական ու քաղքենիական պատկերացումների և դրանց հետ կապված բարոյական նախապաշարումների ու վերապրուկների սոցիալական արմատները։ Պ․ կոմունիստական բարոյականության զարգացման կարևոր լծակ՝ ներից է։

Սովետական իրավունքում Պ․ և արժանապատվությունը ըմբռնվում են որպես օրենքով պաշտպանվող անձնական ոչ գույքային, քաղաքացուց և կազմակերպությունից անօտարելի բարիքներ։ Պաշտպանության եղանակները երկուսն են՝ քրեական, քաղաքացիաիրավական։ Եթե քաղաքացու Պ–ի և արժանապատվության մասին տեղեկությունը հերյուրանք է և բովանդակում է հանցակազմ, մեղավորը ենթարկվում է քրեական պատասխանատվության (տես Զրպարտություն, Վիրավորանք)։ Քաղաքացիաիրավական պաշտպանությունը կախվածության մեջ չի դրվում խախտողի մեղքից։ Պ–ի և արժանապատվության քաղաքացիաիրավական պաշտպանությունը նախատեսված է ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներով, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերով։ Ըստ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի (հոդված 7), քաղաքացին (կազմակերպությունը) իրավունք ունի դատարանով պահանջել իր Պ․ ու արժանապատվությունը վիրավորող տեղեկությունների հերքում, եթե տարածողը չի ապացուցում, որ տեղեկությունները իրական են։ Եթե տեղեկությունները տարածվել են մամուլով, հերքումը նույնպես պետք է կատարվի մամուլով։ Այլ դեպքե–