Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«սիրողական մակարդակի» թարգմանությունները։ «Սասանյան արքայատան պատմության փորձ ըստ հայ պատմիչների հաղորդած տեղեկությունների» (1863, ռուս․), «Դեպի Հնդկաստանի ափերը Թգլաապալասարի կարծեցյալ արշավանքի մասին» (1879, ռուս․) և այլ աշխատություններում Պ․ ճշգրտել է Մերձավոր Արևելքի ժողովուրդների հին և միջնադարյան պատմության մի շարք սկզբունքային հարցեր։ «Մի քանի խոսք հին հայկական ամսանունների մասին» (1871, ռուս․) աշխատությամբ արժեքավորել է հին հայկ․ օրացույցը։ Զբաղվել է Հայաստանում հայտնաբերված սեպաձև արձանագրությունների վերծանմամբ ու մեկնաբանմամբ, սեպագրերում պահպանված մի շարք տեղանունների ու ցեղանունների պարզաբանումով։ Արևելագետների միջազգային կոնգրեսներում (1873-ին՝ Փարիզում, 1874-ին՝ Լոնդոնում) ներկայացնելով ռուս, արևելագիտության նվաճումները՝ Պ․ ընդգծել է հատկապես սեպաձև արձանագրությունների կարևորությունը Հայաստանի հնագույն պատմության ուսումնասիրման գործում։ Նրա «Վանի արձանագրությունները և դրանց նշանակությունը Առաջավոր Ասիայի պատմության համար» (1881, ռուս․), «Ռուսաստանի սահմաններում հայտնաբերված Վանի համակարգի սեպաձև արձանագրությունների մասին» (1882–83, ռուս․) և այլ աշխատություններ կարևոր ներդրում են Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրման գործում։

«Հետազոտություն հայոց լեզվի կազմության մասին» (1864, ռուս․) դոկտորական դիսերտացիայում, պատմահամեմատական լեզվաբանության նվաճումների հիման վրա, Պ․ բնութագրել է հայոց լեզվի դերը, անդրադարձել հին հայերենի ծագման, զարգացման և մի շարք այլ հարցերի։ Գրաբարը համարել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի հինավուրց խոսակցական լեզուն, իսկ հայոց պետականության ժամանակաշրջանում (մ․ թ․ ա․ VI–մ․ թ․ V դդ․)՝ հայ ժողովրդի պաշտոնական կամ ընդհանրական, այնուհետև (V–XIX դդ․)՝ գրոց (կրոնի, կրթության, գիտության) լեզուն։ Հայերենի բարբառների գիտ․ ուսումնասիրման մեջ արժեքավոր ավանդ է Պ–ի «Հետազոտություն հայոց լեզվի բարբառների մասին» (1869, ռուս․) աշխատությունը, որի համար հայագետ Հ․ Տաշյանը նրան անվանել է «հայ բարբառագիտության հայր»։ Իր այդ գրքերում Պ․ զետեղել է Մշո, Խոյի, Ագուլիսի, Ջուղայի, Արցախի բարբառներով գրի առնված պատմվածքներ, հեքիաթներ, զրույցներ։ Հայերենի բարբառները Պ․ դիտել է որպես Հայաստանի հնագույն ցեղային լեզուների ժառանգներ։ Պ–ի համոզմամբ՝ մինչև XIX դ․ գրաբարը նոր զարգացում չի ապրել և մնացել է քերականական նույն կաղապարի մեջ, ինչին հանդիպում ենք IV–V դդ․։ Նա գտնում էր, որ V–XIX դդ․ գրաբարը չի եղել հայ ժողովրդի կենդանի ու առօրյա խոսակցական լեզուն։ Պ–ի «Հայոց լեզվի զբաղեցրած տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1879, ռուս․) աշխատությունը նոր քայլ էր հնդեվրոպական լեզուների համակարգում հայերենի տեղի հարցը լուսաբանելու ուղղությամբ։ Քննելով հայերենի բառապաշարը և այն համեմատելով զանազան լեզուների հետ՝ Պ․ եզրակացնում էր, որ հայերենը իրան, և սլավոնալիտվական լեզուների միջև ընկած մի անհայտ հնդեվրոպական լեզվախմբի (թերևս՝ փոքրասիական) ինքնուրույն ներկայացուցիչ է։ Պ․ նյութեր է հավաքել հայերենի բացատրական, ինչպես նաև հայոց անձնանունների բառարաններ հրատարակելու համար («Նյութեր հայերեն բառարանի համար», մաս 1–2, 1882–84, ռուս․), սակայն այդ գործը մնացել է անավարտ։ Նա արժեքավոր աշխատություններ է գրել նաև միջնադարյան հայ մատենագիրների ու նրանց երկերի մասին («Ցուցակ հայ գրականության, IV դ․ մինչև XVII դ․ կեսը», 1860, ֆրանս․, «Հայոց պատմական գրականության մատենագիտական ակնարկ», 1880, ռուս․, «Նշխարք մատենագրության հայոց», 1884)։ Իր մի շարք հոդվածներում պայքարել է հայոց լեզվի անաղարտության, ինչպես նաև անհարկի մաքրամոլության դեմ։ Բազմիցս ընտրվել է միջազգային զանազան գիտ․ ընկերությունների անդամ։

Գրկ․ Веселовский Н․ И․, К․ П․ Патканов (биографический очерк), СПБ, 1890; М а р р Н․ Я․, К․ П․ Патканов, в кн․; Биографический словарь профессоров и преподавателей С․ Петербургского университета, т․ 2, СПБ,1898, с․ 89–97; Русский биографический словарь, т․ 13, СПб, 1902; Акопян Э․ А․, Керопэ Паткавян, Е․, 1975․ Մ․ Սաղյան Մ, Կատվալյան

ՊԱՏԿԱՌՈՒԿ (Mimosa), միմոզա, միմոզազգիների ընտանիքի հաճախ փշոտ, բազմամյա խոտաբույսերի, թփերի կամ ծառերի ցեղ։ Տերևները կրկնափետրաձև են, ծաղիկները՝ փոքրիկ, հասկաձև կամ գլխիկավոր ծաղկաբույլերով։ Պտուղը կաշեկերպ կամ թաղանթավոր ունդ է։ Հայտնի է Պ–ի 450–500 տեսակ։ Պ–ի առանձին տեսակների տերևները ընդունակ են շարժվելու՝ նաստխսևերի․ օրինակ, ամոթխած Պ–ի (M․ pudica) տերևիկները հպումից, հարվածից կամ մութն ընկնելուց զույգ առ զույգ ծալվում են, և ամբողջ բարդ տերևն իջնում է։

ՊԱՏԿԵՐ գեղարվեստական, գրականության և արվեստի մեջ իրականության արտացոլման յուրահատուկ միջոց: Պ․ գեղարվեստական մտածողության առանձնահատկությունների ամենացայտուն դրսևորումն է։

Գեղարվեստական Պ–ի գիտ․ ըմբռնումն առաջին անգամ, թեև իդեալիստորեն, ձևակերպել է Հեգելը։ Հետագայում այն մատերիալիստորեն իմաստավորվել է հեղափոխական դեմոկրատների գեղագիտության մեջ։ Վ․ Գ․ Բելինսկին արվեստի էությունը տեսնում է հենց նրա մեջ, որ այն «պատկերավոր մտածողություն» է։ Պ–ի հասկացությունը սովետական գրականագիտության և արվեստագիտության կենտր․ ըմբռնումներից է, որն ուղղակի կամ անուղղակի առնչվում է մարքսիստական գեղագիտության բոլոր հիմնական հարցադրումների հետ։

1․ Գրական–գեղարվեստական Պ․ ոչ միայն գրական երկում հանդես եկող մարդկային կերպարն է (տես Կերպար գեղարվեստական), այլև դեպքերի, բնության և առարկայական աշխարհի, որևէ խոհի կամ տրամադրության նկարագրությունը, որն ունի համեմատաբար ինքնուրույն և ավարտուն բնույթ։ Լինում են այլաբանական և սիմվոլիկ, ինչպես նաև կոլեկտիվ Պ–ներ։

Պ–ի մեջ գեղարվեստորեն արտահայտվում են իրականության երևույթներին բնորոշ բազմաթիվ հակադիր հատկանիշներ, որոնք դիալեկտիկական միասնություն են կազմում։ Պ–ի բովանդակության մեջ միշտ առկա են և" օբյեկտիվ, և՝ սուբյեկտիվ կողմեր, քանի որ այն ոչ միայն կյանքի արտացոլումն է, այլև պարունակում է գրողի գնահատականն ու իդեալը։ Պ–ում միավորվում են կյանքի զգայական ընկալումը և տրամաբանական ըմբռնումը։ Պ․ կենսական երևույթի պատճենը կամ պարզ կրկնությունը չէ, այն ստեղծվում է գրողի երևակայության և հնարանքի (պայմանականության) շնորհիվ։ Սակայն գեղարվեստական Պ–ի ըմբռնման համար ամենից կարևորը նրա անհատական բնույթի և ընդհանրացնող նշանակության միասնությունն է։ Պ․ պահպանելով իրականության փաստերին հատուկ կոնկրետությունը և անկրկնելի յուրահատկությունը, միաժամանակ պատկերացում է տալիս շատ համանման կենսական երևույթների մասին։ Դրանով իսկ գեղարվեստական Պ․ ձեռք է բերում տիպական նշանակություն, ճանաչողական և դաստիարակիչ արժեք։ է․ Ջրբաշյան

2․ Արվեստում Պ․ է կոչվում կերպարվեստի ստեղծագործությունը՝ կատարված տարբեր նյութերով, բազմազան տեխնիկայով ու արտահայտչամիջոցներով (նկար, քանդակ, որմնանկար, մանրանկար, զարդաքանդակ, նախշ, զարդապատկեր, գծանկար, փորագրանկար են)։ 3․ Պիեսի, բեմական ներկայացման ավարտուն մասը։ Դրամատիկական, օպերային, բալետային ներկայացումներում Պ–ները միմյանցից անջատվում են կարճ ընդմիջումով, որի ընթացքում հանդիսատեսները մնում են հանդիսասրահում, իսկ բեմում դեկորները փոփոխվում կամ մնում են նույնը։

«ՊԱՏԿԵՐ», 1․ կրոնական, գիտական, գրական–բտնասիրական կիսամսյա հանդես։ Կ․ Պոլսի հայ կաթոլիկների պատրիարքարանի հրատարակություն։ Լույս է տեսել 1890–99-ին, Կ․ Պոլսում։ 2․ Ազգային, գրական, գեղարվեստական շաբաթաթերթ, վերջում՝ կիսամսյա։ Լույս է տեսել 1931–45-ին, ընդհատումներով, Ստամբուլում։ խմբագիր՝ ժ․ Վարժա–