Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արդ․ սրահներում են) պատից դուրս եկած, բարձակային հեծանների (փայտե, պողպատե, երկաթբետոնե) վրա հենված ճաղապատ հարթակ կամ սալ (մեծ մասամբ՝ երկաթբետոնե)։ Հանդիսադահլիճների Պ–ները սովորաբար դասավորվում են հարկերով։ Պ․ որպես կառույցի բաղադրամաս առաջացել է Արևելքում։ Եվրոպայում երևան է եկել միջնադարի պաշտպանական կառուցվածքներում (մաշիկուլի) և եկեղեցական (աւէրիոն) կառույցներում։ Վերածննդի և բարոկկոյի ճարտ․ մեջ Պ․ դարձել է պատի ռիթմապլաստիկական հորինվածքի կազմակերպման կարևոր բաղադրամաս։ Պ–ները լայնորեն կիրառվում են ժամանակակից բնակարանային ճարտ․ մեջ։

ՊԱՏՈՂ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ շենքերի և կառույցների, շինարարական կոնստրուկցիաներ (պատեր, վերնածածկեր, ծածկեր, միջնորմեր ևն), որոնք սահմանափակում են շենքի (կառույցի) ծավալը և բաժանում առանձին սենյակների։ Պ․ կ․ նախատեսված են, հիմնականում, սենյակները ջերմաստիճանային ներգործություններից, քամուց, խոնավությունից, աղմուկից, ճառագայթումից և այլ գործոններից պաշտպանելու համար՝ ի տարբերություն կրող կոնստրուկցիաների, որոնք ծառայում են շենքերի ու կառույցների ուժային բեռնվածքները կրելու համար։ Այս տարբերակումը պայմանական է, քանի որ հաճախ նույն կոնստրուկցիան (պատ, միջնորմ են) համատեղում է պատող և կրող ֆունկցիաները։ Պ․ կ․ լինում են արտաքին (գլխավորապես սենյակները մթնոլորտային ներգործություններից պաշտպանելու համար) և ներքին (հիմնականում շենքի ներքին տարածությունը բաժանելու և ձայնամեկուսացնելու համար)։ Արտաքին Պ․ կ–ի շահագործական հատկությունները պետք է համապատասխանեն տեղական կլիմային, այդ կոնստրուկցիաները սենյակներում պետք է ապահովեն անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններ և ստեղծեն հարմարավետություն։ Ներքին Պ․ կ․ մեկուսացնում են կից սենյակները օդային և հարվածային աղմուկից, կից սենյակների ջերմությունից և խոնավությունից։ Ըստ պատրաստման եղանակի Պ․ կ․ լինում են հավաքովի (գործարանային արտադրության պատրաստի տարրերից մոնտաժվող) և միաձույլ (շինարարության վայրում կառուցվող), ըստ կոնստրուկտիվ լուծման՝ պարզ և բաղադրովի։ Պարզ (միաշերտ) Պ․ կ․ կառուցվում են նույն նյութից կամ համասեռ հատային շինվածքներից (աղյուսե պատեր, թեթև բետոնե պանելներ, գիպսե միջնորմեր)։ Բաղադրովի («բազմաշերտ») Պ․ կ․ բաղկացած են մի քանի տարրերից կամ շերտերից (կրող, մեկուսացնող, վերջնամշակման)։ Հատուկ նշանակություն է տրվում արտաքին պատերին, որոնք բնորոշում են շենքի ճարտ․ տեսքը, հաճախ պատերի շինանյութը բնորոշում է նաև շենքի կոնստրուկտիվ տիպը՝ խոշորաբլոկային, խոշորապանելային, աղյուսե ևն։ Պ․ կ․ պետք է օժտված լինեն բարձր ամրությամբ, կոշտությամբ, կայունությամբ, հրակայունությամբ։ Անհրաժեշտ է նաև, որ Պ․ կ–ի մակերևույթի մակատեսքը, գույնը և դեկորատիվ այլ հատկությունները համապատասխանեն շենքերի և կառույցների նշանակմանը, նպաստեն դրանց ճարտարապետական արտահայտչականությանը։

ՊԱՏՈՄԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, գտնվում է ՌՍՖՍՀ Իրկուտսկի մարզում, Վիտիմ և Չարա գետերի միջև։ Բաղկացած է խորը հովիտներով մասնատված միջլեռնային զանգվածների համակարգից (բարձրությունը՝ 1200–1300 մ)։ Կազմված է պրոտերոզոյան բյուրեղային թերթաքարերից, կրաքարերից և քվարցիտներից, հս–ում՝ ստորին պալեոզոյան ապարներից։ Լանջերը, մինչև 900–1000 մ բարձ– րությունները, զբաղված են խեժափիճի ու լեռնային տայգայով, տեղ–տեղ՝ մայրու խառնուրդներով, ավելի բարձր տարածված են մայրու մացառուտները և կեչու թփուտները։ 1200 մ-ից բարձր գերակշռում է քարային տունդրան։ Արդյունահանվում է ոսկի (Բոդայբո, Արտյոմովսկի ևն) և շինանյութեր։

ՊԱՏՈՆ Բորիս Եվգենևիչ (ծն․ 27․11․1918, Կիև), մետալուրգիայի և եռակցման բնագավառի սովետական գիտնական, ՈԻՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1958) և պրեզիդենտ (1962-ից)։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962) և նախագահության անդամ (1963-ից)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1969, 1978)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ե․ Օ․ Պաաոնի որդին։ Ավարտել է Կիևի ինդուստրիալ ինստ․ (1941), եղել նույն ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1950–53)։ ՈԻՍՍՀ ԳԱ էլեկտրաեռակցման ինստ–ի դիրեկտոր (1953-ից)։ Պ․ ստեղծել է սկզբունքորեն նոր էլեկտրախարամային եռակցման եղանակը, որը հնարավորություն է ստեղծել պատրաստելու բարձր ճնշման տակ աշխատող տարողություններ էներգետիկայի և քիմ․ արդյունաբերության համար, խոշոր չափսերի հանգույցներ՝ ծովային նավերի և հիդրոգեներատորների համար։ Պ․ առաջարկել է հատուկ պողպատների և համաձուլվածքների որակի բարձրացման նոր եղանակ, գլխավորել հատուկ հալման ագրեգատներում եռակցման աղբյուրների ջերմության և որակական մետալուրգիայի նոր ճյուղի՝ հատուկ էլեկտրամետալուրգիայի ստեղծման հետազոտական աշխատանքները։ 1961–66-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու, 1966-ից՝ ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ։ ՍՍՀՄ VI–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Միության սովետի նախագահի տեղակալ (1973–74)։ ՍՍՀՄ պետ․ (1950), լենինյան (1957) մրցանակներ, Բուլղարիայի (1969) և Չեխոսլովակիայի (1973) ակադեմիաների անդամ։ Պարգևատրվել է Լենինի 2, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Երկ․ Элементы расчётов цепей и аппаратов переменного тока для дуговой сварки, Киев, 1953 (совм․ с В․ К․ Лебедевым); Электрооборудование для дуговой и шлаковой сварки, М․, 1966 (совм․ с В․ К․ Лебедевым); Плазменные процессы в металлургии и технологии неорганических материалов, М․, 1973 (համահեղինակ)։

ՊԱՏՈՆ Եվգենի Օսկարովիչ (1870-1953), եռակցման և կամրջաշինության բնագավառի սովետական գիտնական։ ՈԻՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1943)։ ՍՍԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Դրեզդենի պոլիտեխնիկական ինստ–ը (1894) և Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ը (1896)։ 1905-ից՝ Կիևի պոլիտեխնիկական ինստ–ի պրոֆեսոր։ Պ–ի նախաձեռնությամբ ՈԻՍՍՀ ԳԱ կից ստեղծվել է եռակցման լաբորատորիա, որը 1934-ին վերակազմվել է էլեկտրաեռակցման ԳՀԻ–ի (1945-ից Պ–ի անվ․)։ Պ․ եղել է այդ ինստ–ի առաջին դիրեկտորը։ 1945–52-ին ՈԻՍՍՀ ԳԱ փոխպրեզիդննտն էր։ Հիմնական աշխատությունները վերաբերում են ֆլյուսի շերտի առկայությամբ եռակցման պրոցեսների ավտոմատացմանը, արդյունաբերության մեջ եռակցման նոր մեթոդների արմատավորմանը։ Պ–ի ղեկավարությամբ 1953-ին Կիևում՝ Դնեպր գետի վրա կառուցվել է ամբողջովին եռակցված կամուրջ (այժմ՝ Պ–ի անվ․)։ Պ․ ֆլյուսի շերտի առկայությամբ եռակցման հարցերին նվիրված աշխարհում առաջին մենագրության հեղինակն է։ ՍՍՀՄ II և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։

Երկ․ Автоматическая сварка голым электродом под слоем флюса, М․, 1940․

ՊԱՏՈՐԺԻՆՍԿԻ Իվան Սերգեևիչ (1896-1960), ուկրաինացի սովետական երգիչ (բաս) և մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) կոնսերվատորիան (1922)։ 1925-1935-ին՝ Զարկովի օպերային թատրոնի, 1935-ից՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։ Պ․ ուկր․ վոկալ արվեստի ականավոր ներկայացուցիչներից էր, օժտված թավշյա տեմբրով, ուժեղ ձայնով։ Դերերգերից են՝ Սուսանին (Գլինկայի «Իվան Սուսանին»), Բորիս Դողունով (Մուսորգսկու «Բորիս Դողունով»), Ջրաղացպան (Դորգոմիժսկու «Ջրահարսը»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ), Կարաս (Գուլակ–Արտեմովսկու «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ»), Տարաս Բուլբա (Լիսենկոյի «Տարաս Բուլբա», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942), Վալկո (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»)։ Հանդես է եկել նաև որպես կամերային երգիչ։ 1946-ից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՊԱՏՎԱՆԴԱՆ, հիմք, որի վրա կանգնեցվում է արձան (արձանախումբ, կիսանդ–