Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ–ի ժամանակակից դրամատուրգներից աչքի են ընկնում պատմ․ սոցիալական, փիլ․ պիեսների հեղինակներ՝ Խ․ Ռիոսը (ծն․ 1914), է․ Սոլարի Սուեյնը (ծն․ 1918) և Ս․ Սալասար Բոնդին (1924–65)։

XII․ ճարտարապետությունը և կերպարվեստը Պ–ի մշակույթը ամենահինն ու զարգացածն է Հվ․ Ամերիկայում։ Մ․ թ․ ա․ XII դարից հայտնի էր խեցեգործությունը, մ․ թ․ ա․ I հազարամյակից զարգացել են խաղաղ օվկիանոսի առափնյա շրջանների (Պարակաս, Սալինար են) ինչպես և լեռնային մարզերի (Չավին–դե–Ուանտար կենտրոնով) մշակույթները։ Մ․ թ․ սկզբին կազմավորվել են վաղ դասակարգային հասարակության մշակույթներ (Նասկա, Մոչիկա՝ Մոչե կենտրոնով, Չիմու՝ Չան–Չան կենտրոնով), որոնք XV դ․ փոխարինվել են ինկերի պետության մշակույթով (մայրաքաղաք՝ Կուսկո)։ Հին Պ–ում կառուցվել են ուղղանկյուն թաղամասերով և նեղ փողոցներով քաղաքներ, պաշտամունքային կենտրոններ, ամրոցներ, պալատներ, տաճարներ, ամֆիթատրոններ, աստիճանաձև բուրգեր ևն։ Առափնյա մասերում ոչ բարձր շինությունները ադոբայից էին՝ զարդարված բարձրաքանդակներով, ինտերիերում՝ որմնանկարներով, իսկ լեռներում՝ քարից (Մաչու–Պիկչու և Սակսաուաման ամրոցները)։ Պահպանվել են հազվագյուտ խեցեգործական իրեր, դեկորատիվ գործվածքներ, ոսկյա և արծաթյա արձանիկներ, դիմակներ, զարդեր։ XVI դ․, գաղութացումից հետո, Պ–ի հնագույն մշակույթի զարգացումը ընդհատվել է, սակայն ուժգին ազդել է հետագա արվեստի վրա։ XVI դ․ 2-րդ կեսին –XVII դ․ 1-ին կեսին ստեղծվել են փողոցների ուղղանկյուն ցանցով նոր քաղաքներ, կառուցվել ներքին բակով բնակելի տներ, աղյուսե գոթական թաղերով կամ փայտե «արտեսոնադո» առաստաղներով, «պլատերեսկո» ոճի շքամուտքով եկեղեցիներ։ XVII դ․ 2-րդ կեսին–XVIII դ․ ծաղկել է պերուական բարոկկոն։ Լեռնային մասի քարի ճարտարապետությունը զանգվածեղ է, հարդարանքում օգտագործվել են եվրոպ․ և տեղական արվեստների մոտիվներ («մետիս ոճ»)։ Գեղանկարչության և քանդակագործության մեջ եվրոպական մանյերիզմին (գեղանկարիչ և քանդակագործ՝ P․ Բիտտի, XVI դ․ վերջ) և բարոկկոյին (գեղանկարիչ՝ Ա․ դե Մեդորո, քանդակագործ՝ Պ․ դե Նոգերա, XVII դ․ 1-ին կես) ընդօրինակելուն զուգընթաց, նույնպես զարգացել է ինքնատիպ «մետիս» ոճը (Կուսկոյի դպրոցի հարթային դեկորատիվ գեղանկարչությունը՝ ժանրայինդիմանկարային կոմպոզիցիաներ, սրբապատկերներով բնանկարներ)։ XVII դ․ ռեալիզմի ձգտող խոշոր քանդակագործներից է հնդկացի N․ Թ․ Տույրու–Տուպակը։ XIX դ․ ճարտարապետության մեջ գերիշխել է ֆրանս․ կլասիցիզմին, իսկ 1870-ական թթ–ից՝ իտալ․ էկլեկտիկային ընդօրինակելը։ XX դ․ սկզբին «նեռգաղութային ոճով» փորձել են վերականգնել ազգ․ ավանդույթները (ճարտ․ Ռ․ Մարկինա, Կ․ Աաուտ)։ 1920-ական թթ․ առաջացել է «նեոպերուական ոճ»-ը (ճարտ․ Մ․ Պիկերաս Կոտոլի, է․ Արտ–Տեռե), որը միավորում էր հին Պ–ի ճարտ․ լակոնիզմն ու պլաստիկությունը արդի ոչ մեծ տների ֆունկցիոնալ նպատակահարմարության հետ։ 1930-ական թթ․ վերջերից սկզբնավորված ժամանակակից ճարտ․ սկզբունքները գերիշխող դարձան XX դ․ կեսերին։ Կառուցվում են բարձրահարկ վարչական շենքեր, հյուրանոցներ, ժամանակակից միկրոշրջաններ (ճարտ․ Մ․ Բյանկո, Ս․ Ագուրտո Կալվո, է․ Սեռանե Ռոս, Լ․ Միրո Կեսադա Գառլանդ)։ XIX դ․ սկզբներին Խ․ Խիլ դե Կաստրոն պատկերել է Ամերիկայի անկախության համար կռվող մարտիկների դիմանկարներ։ Եվրոպ․ ակադեմիզմին են հետևել նկարիչներ Ի․ Մերինոն, Ֆ․ Լասոն, Կ․ Բակա Ֆլորը, Դ․ էռնանդեսը։ Կոստումբրիզմի ներկայացուցիչ Պանչո Ֆյեռոն ժող․ հումորով պատկերել է երկրի կենցաղը։ 1920-ական թթ․ հանդես են եկել ինդիխենիզմի (գրական–գեղարվեստական հոսանք Լատ․ Ամերիկայում) ներկայացուցիչները (Խ․ Սաբոգալ, Խ․ Կոդեսիդո, Կ․ Բլաս, Խ․ Վինատեա Ռեյնոսո), որոնք պայքարել են ինչպես ակադեմիզմի, այնպես էլ մոդեռնիզմի դեմ՝ հանուն ժողովրդի (հնդկացիների) կյանքի արտացոլման և ազգ․ ավանդույթների վերածնման։ Այդ սկզբունքները ի հայտ են եկել քանդակագործության (Կ․ Աակո, Ի․ Պոսո) և մասամբ մոնումենտալ գեղանկարչության (Ապուրիմակ, Կ․ Կիսպես Ասին, N․ Մ․ Ուգարտե էլեսպուրու) մեջ։ Հնդկացի գյուղացիների կյանքը պատկերել է հնդկացի ինքնուս նկարիչ Մ․ Ուրտեագան։ Գեղանկարչության մեջ տարածում են գտել նաև կուբիգմը, էքսպրեսիոնիզմը (Ռ․ Գրաու, Ա․ Գուտիեռես), աբստրակտ արվեստը (Ֆ․ դե Աիսլո, Խ․ Պիկերաս, Ա․ Դավիլա)։ Հ․ Մուրի ազդեցությունն է կրել քանդակագործ Խ․ Ռոկա Ռեյը։ ժող․ արվեստում (երկրաչափական նախշերով «պոնչո» թիկնոցներ, խեցեղեն անոթներ, արձանիկներ, «կերո» փայտե անոթներ ևն) միահյուսված են հնդկացիների և իսպ․ ավանդույթները։

XIII․ Երաժշտությունը Հին ինկերը ունեցել են բարձր զարգացած երաժշտ․ մշակույթ։ Երաժշտությունը հիմնված էր պենտատոն հնչյունաշարերի վրա, հստակ բաժանված (պաշտամունքային, զինվորական, պալատական, ժող․) և խիստ տարբերակված ըստ ժանրերի՝ սրբազան հիմներ (խայլյի), պատմ․ երգասքեր (տակի), եղերերգական (ուանկա) և քնարական (արավի) երգեր, պարեր (ուայնո, կաշուա, կարույո)։ Երաժշտ․ գործիքարանը կազմված էր հարվածային (ուանկար, տինյա թմբուկներ) և բազմաթիվ փողային նվագարաններից՝ Պանի ֆլեյտա (սիկու կամ անտարա), երկայնակի ֆլեյտաներ (կենա, պինկոլյո, տարկա, անատա), փողեր (էրկե, այկորի) ևն։ Երաժշտ․ այս մշակույթը համարյա ամբողջությամբ ժառանգել են կեչուա և այմարա հնդկացիները։ Իսպան․ տիրապետության օրոք ստեղծվել և հնդկացիների երաժշտությանը գոյակցել է հիբրիդային («մետիսական») երաժշտությունը (տեղական լադերի, մետրառիթմիկայի վրա իսպան․ ազդեցությամբ)։ Պ–ի կրեոլական ժող․ երաժշտության մեջ նկատելի է XVI–XVIII դդ․ իսպ․ երաժշտության փոխառությունը։ Պարերգային հիմնական ժանրերից են՝ յարավի, տրիստե, սամակուեկա, մարիներա, տոնդերո, սախուրիանա, ռեֆալոսա, նվագարաններից՝ կիթառը և նրա տեղական տարատեսակը՝ չարանգո, տավիղ։ Գաղութային շրջանում կոմպոզիտորները (Գ․ Ֆ․ Իդալգո, է․ դե լա Սեռնա, Ա․ Կառասկո) ստեղծել են բացառապես եկեղեց․ երաժշտություն։ Նշանավոր աշխարհիկ առաջին կոմպոզիտորը Խ․ Բ. Ալսեդոն է՝ ազգ հիմնի (1821) հեղինակը։ XIX դ․ մյուս կոմպոզիտորներից են «Օլյանտայ» ազգ․ աոաջին օպերայի (1900) հեղինակ N․ Մ․ Վալյե Ռիեստրան, Օ․ Պոլաբը, Դ․ Օյլեն։ XX դ․ սկզբին են ստեղծագործել Մ․ Ագիռեն, Լ․ Դյունկեր Լավալյեն, Ռ․ Բրասեսկոն, Ֆ․ Ուրկիետան, Դ․ Ալոմիա Ռոբլեսը, Պ․ Չավես Ագիլարը։ XX դ․ 1-ին կեսին հայրենական կոմպոզիտորական դպրոցի կազմավորումը կապված է Տ․ Վալկարսելի, Ա․ Սաս Օրչասալի և Կ․ Սանչես Մալագայի անունների հետ։ 1970-ական թթ․ պերուական կոմպոզիտորներ Ռ․ Հոլցմանի, է․ Իտուռիագայի, Խ․ Մալսիոյի, Կ․ Գառիդո Լեկկայի, է․ Պինիլյայի, է․ Վալկարսելի ստեղծագործությունը առանձնանում է գեղագիտական և ոճաբանական խայտաբղետությամբ։ Ազգությամբ կեչուա Ա․ Գեվարա Օչոան շարունակում է ազգ․ ավանդույթները։ Երաժշտ․ կյանքի կենտրոնը Լիման է, ուր գործում են Ազգ․ կոնսերվատորիան, Մունիցիպալ թատրոնը, Ազգ․ սիմֆոնիկ նվագախումբը և մի շարք այլ գործիքային և երգչախմբային կատարողական կոլեկտիվներ։ Արեկիպայում, Տրուխիլյոյում, Կուսկոյում, Պյուրայում, Ուանուկոյում, Այակուչոյում կան ռեգիոնալ երաժշտ․ դպրոցներ։

XIV․ Թատրոնը Պ–ում, հատկապես ինկերի պետության կազմավորումից հետո, նշանակալի չափով զարգացել է բեմարվեստը։ Գոյություն է ունեցել թատեր․ ներկայացումների մի քանի տեսակ, որոնք ուղեկցվել են երաժշտությամբ և խմբ երգեցողությամբ։ 1548-ին կայացել է առաջին աշխարհիկ ներկայացումը։ 1680-ին Լիմայում կառուցվել է «Պրինսիպալ» թատրոնը։ XVII դ․ 2-րդ կեսի –XVIII դ․ դրամատուրգներից են՝ Խ․ դե էսպինոսա Մեդրանոն, Պ․ դե Պերալտա Բառնուէվոն, XIX դ․՝ Մ․ Մոնկլոա ի Կովառուբիասը, Ֆ․ Պարդո ի Ալյագան, Մ․ Ա․ Սեգուրան, նշանավոր դերասաններից՝ Տ․ Սիրանդան, Է․Պերեսը։ 1940-ական թթ․ ռեժիսորների և դրամատուրգների աշխատանքներին բնորոշ էր հայրենասիրությունը, սոցիալական խոր բովանդակությունը, թատերարվեստի զարգացման նոր ուղիների որոնումը։ 1960-ական թթ–ից տարբեր քաղաքներում անց են կացվում թատեր․ փառատոներ։ Բեմադրվում են Պ–ի դրամատուրգներ՝ Խ․ Ռիոսի, Ս․ Սալասար Րոնդիի, Խ․ Օրտեգայի և այլոց պիեսները։ Թատերաշենքերի և թատերախմբերի մեծ մասը գտնվում են Լիմայում, այդ թվում՝ Մ․ Ա․ Սեգուրայի թատրոնը, «Լա Կաբանյա»-ն, Սիրող–դերասանների ասոցիացիա թատերախումբը։ Դերասաններից են՝ Լ․ Առիէտէսն, Ա․ Պուրոն, Է․ Տրավեսին, N․ Վելաս–