Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

են, կլոր կամ երկարավուն, առկա են բույսերի բոլոր կենդանի բջիջներում։ ԼՊ–ում պարզ օրգ․ նյութերից սինթեգվում են օսլա, ենթադրվում է նաև ճարպեր, սպիտակուցներ, որոնք պաշարվում են պալարներում, կոճղարմատներում, սերմերում ու արմատներում։ Ըստ ԼՊ–ում կուտակված նյութերի տարբերում են ամիլա–, օլեա–, պրոտեինապլաստներ։ Սակայն Պ–ի նշված ձևերը կայուն չեն․ ԼՊ կարող են վերածվել ՔլՊ–ի (կարտոֆիլի պալարների կանաչումը լույսի տակ), ՔլՊ–ը՝ ՔրՊ–ի (աշնանային տերևներում) և հակառակը՝ (գազարի արմատապտղի հողից դուրս եկած մասի կանաչումը)։ Բոլոր Պ․ առաջանում են աճման կոնի սկզբնական մասնիկներից, որոնք անջատվում են բջջակորիզի թաղանթից։ Շատ կենսաբաններ Պ․ համարում են կապտականաչ ջրիմուռների ձևափոխություն, որոնք կյանքի վաղ շրջաններում համակեցության մեջ են մտել տարասուն օրգանիզմների բջիջների հետ։ Ջրիմուռների մեծ մասի Պ․ ներկայացված են մեկ կամ մի քանի քրոմատոֆորների ձևով։ Վերջիններիս վրա կան հատուկ կազմություն ունեցող հատվածներ՝ պիրենոիդներ, ուր կուտակվում են սինթեզի գործունեության արգասիքները։

ՊԼԱՍՏԻԼԻՆ (իտալ․ plastilina, < հուն․ лХаохос; – ծեփելի, պլաստիկ), ծեփանյութ։ Ստացվում է խնամքով մաքրված, մանրացված կավափոշուն չչորացող նյութեր՝ հանքամոմ, մեղրամոմ, կենդանական ճարպ, վազելին ևն ավելացնելով։ Ունենում է տարբեր երանգներ։ Պ․ տաքությունից փափկելով հնարավորություն է տալիս աշխատանքը շարունակել ցանկացած ժամանակ։ Պ–ով կերտում են ոչ մեծ մոդելներ, էսքիզներ, արձանիկներ։

«ՊԼԱՍՏԻԿ», արտադրական միավորում, ՀՍՍՀ տեղական արդյունաբերության ձեռնարկությունների համախումբ։ Կազմակերպվել է 1975-ին։ Գլխամասային ձեռնարկությունը Երևանի «Պլաստիկ» գործարանն է, որը հիմնադրվել է 1964-ին, ՀՍՍՀ ժողտնտխորհի քիմ․ արդյունաբերության վարչության «իյրոմպիկ» գործարանի բազայի վրա։ Գործարանը մասնաճյուղեր (արտադրամասեր) ունի էջմիածնում («Զովանի»), Հրազդանում և Ազիզբեկովում։ Միավորման կազմի մեջ են մտնում նաև Սպիտակի կաշվի փոխարինիչների գործարանն ու Լենինականի գեղարվեստաարտադրական կոմբինատը։ Թողարկում է կենցաղային քիմիայի ու տնային գործածության ապրանքներ՝ պոլիէթիլենային թաղանթ, թաղանթե ու պլաստմասսայե իրեր են։ 1980-ին, 1975-ի համեմատ, համախառն արտադրանքի ծավալն աճել է 1,5, աշխատանքի արտադրողականությունը՝ 1,3, արդյ ունաբ երաարտադրական անձնակազմի տարեկան միջին թիվը՝ 1,2 անգամ։ Կոոպերացված արտադրական կապերի մեջ է ՀՍՍՀ մոտ 20 ձեռնարկության հետ; Արտադրանքն առաքվում է նաև ՍՍՀՄ մյուս հանրապետությունները, ՍոնղուիսՀ, Աֆղանստան։

ՊԼԱՍՏԻԿ ԱՐՎԵՍՏՆԵՐ, տարածական արվեստի տեսակները միավորող հասկացություն։ Տես Տարածական արվեստներ։

ՊԼԱՍՏԻԿԱ (< հուն․ яХастхл –քանդակագործություն, քանդակ), 1․ նույնն է, ինչ քանդակագործությունը, քանդակը։ 2․ Փափուկ նյութերից քանդակելու տեխնիկա, նույնն է ինչ ծեփումը, 3․ նույնն է ինչ պլաստիկությունը։

ՊԼԱՍՏԻԿՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է պինդ մարմինների վարքը պլաստիկ դեֆորմացիաների դեպքում (տես Պչաստիկություն), զբաղվում պլաստիկ մարմինների մաթ․ մոդելների կառուցմամբ և այդ մարմիններում արտաքին ազդեցությունների հետևանքով առաջացած լարումների ու դեֆորմացիաների որոշման մեթոդներով։ Պ․ տ–յան մեջ օգտագործվում է առաձգականության տեսության հասկացությունների մեծ մասը, իսկ շատ խնդիրներ լուծվում են հոծ միջավայրի մեխանիկայի մեթոդներով։ Պ․ տ–յան մի քանի կարևոր դրույթներ ներմուծվում են մետաղների միառանցքային ձգման (սեղմման) դեպքում օ լարման և е դեֆորմացիայի կախումն արտահայտող տիպային դիագրամի (տես նկ․) հիման վրա։ Մինչե А կետը կախումը գծային է, В կետին համապատասխանող Os լարումը առաձգականության կամ հոսունության սահմանն է, BC-ն հոսունության հարթակն է, CD տեղամասը համապատասխանում է նյութի ամրապնդմանը։ В կետով դիագրամը բաժանվում է առաձգականության և պլաստիկության տիրույթների։ Առաձգականության տիրույթում նմուշի բեռնավորման և բեռնաթափման պրոցեսներն ընթանում են նույն կորով, լարումների և դեֆորմացիաների միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն։ Պլաստիկության տիրույթում որևէ М կետից սկսած, բեռնաթափումն ընթանում է OA-ին զուգահեռ МР գծային առաձգական օրենքով, իսկ РМ հատվածով տեղի է ունենում կրկնակի բեռնավորման պրոցեսը, այսինքն՝ նախնական պլաստիկ դեֆորմացիաների շնորհիվ մեծանում է նյութի առաձգականության սահմանը՝ այն ամրապնդվում է։ Այդ պատճառով լարումների և դեֆորմացիաների միջև կապը միարժեք չէ, էապես կախված է բեռնավորման ընթացքից։ Սովորաբար Պ․ տ–յան մեջ կառուցվում են ամրապնդման հատկությունից զուրկ (իդեալական պլաստիկ) և ամրապնդմամբ օժտված պլաստիկ մարմինների տարբեր մոդելներ։ Այդ մոդելներն ընդհանրացվում են պլաստիկության օրենքների՝ կապերի հավասարումների միջոցով։ Արդի Պ․ տ–յան մեջ ավելի տարածված են փոքր առաձգական դեֆորմացիաների տեսությունը (դեֆորմացիոն տեսություն) և պլաստիկ հոսունության տեսությունը, որոնք ստուգված են փորձերով, և որոշված են դրանց կիրառելիության սահմանները։ Դեֆորմացիոն տեսության հավասարումները տված կետի լարումների և դեֆորմացիաների միջև կապ հաստատող առնչություններ են և բավարար արդյունքներ են տալիս պարզ բեռնավորումների դեպքում, երբ լարումներն աճում են միևնույն պարամետրին համեմատական կերպով։ Հոսունության տեսության հավասարումները կապ են հաստատում դեֆորմացիաների ու լարումների աճերի և վերջավոր լարումների միջև։ Պ․ տ․ կարևոր նշանակություն ունի գիտության և տեխնիկայի մի շարք բնագավառներում։ Այն սերտորեն կապված է մետաղների պլաստիկ դեֆորմացման տեխնոլոգիական պրոցեսների մշակման, կոնստրուկցիաների կրողունակության որոշման, մետաղներում և ապարներում ալիքների տարածման խնդիրների հետ ևն։

Գրկ․ Качанов Л, М․, Основы теории пластичности, М․, 1956; П рагер В․, Ходж Ф․ Г․, Теория идеально пластических тел, пер․ с англ․, М․, 1956; Ильюшин А․ А․, Пластичность․ Основы общей математической теории, М․, 1963․ Մ Սարգսյան,

ՊԼԱՍՏԻԿՈՒԹՅՈՒՆ, պլաստիկա (հուն․ яХастхбс; – պլաստիկ, բառացիորեն՝ քանդակելու համար պիտանի, СлХйасгсо – քանդակել, ձևավորել) արվեստում, քանդակագործությանը ներհատուկ որակական հատկանիշ, ծավալաձեերի գեղարվեստական արտահայտչությոլնը, ծեփակերտվածքի գեղարվեստական ամբողջությունը, կերպարային հավաստիությունը, համամասնությունների ներդաշնակ զուգորդումը։ Լայն առումով վերաբերում է ծավալաձևի արտահայտչականությանը տարածական արվեստներում։ Ավելի լայն առումով Պ. քանդակայնություն, ցայտունություն, հստակություն (այդ թվում՝ պոեզիայում, երաժշտության մեջ, գրական շարադրանքում) և ընդհանրապես կերպարի ներդաշնակ միասնություն, գեղեցիկի շոշափելի դրսևորում է։ Տերմինը օգտագործվում է նաև իր ֆիզիկական նշանակությամբ՝ ճնշման տակ նյութի այլ ձև ընդունելու (ձևառնություն) և այն պահպանելու հատկությունը (օր․, քանդակային փափուկ նյութերի՝ կավի, մոմի, պլաստիլինի Պ., յուղաներկի ֆակտուրայի, գունաբծի Պ․)։

ՊԼԱՍՏԻԿՈՒԹՅՈՒՆ մեխանիկայում, պինդ մարմինների՝ մեխանիկական բեռնվածքների ազդեցությամբ իրենց չափերն ու ձևն անդարձելիորեն փոխելու հատկություն (պլաստիկ դեֆորմացիա)։ Ամորֆ մարմինների և բյուրեղների Պ–յան մեխանիզմները տարբեր են։ Ամորֆ նյութերի (ապակիներ, խեժեր ևն) Պ–յան հատկությունների բնութագիրը մածուցիկությունն է։ Իսկ բազմաբյուրեղային նյութերի, ինչպես նաև միաբյուրեղների Պ․ կապված է ատոմների և մոլեկուլների կոլեկտիվ բարդ վերախմբավորումների հետ։ Բազմաբյուրեղային նյութերում Պ․ կախված է ինչպես նյութը կազմող առանձին բյուրեղիկների (հատիկների), այնպես էլ տարբեր հատիկները միացնող միջբյուրեղային շերտերի հատկություններից։ Բազմաբյուրեղային