Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քըն է, ողջ իրականության ելակետը։ Երկրորդը՝ «միտքն» է, որը լույսի պես ծնվում է «առաջնամիակից» և հակադրվում նրան՝ մնալով ամենահարազատը։ Երրորդը՝ «համաշխարհային հոգին», ներթափանցում է ողջ տիեզերքը և իր մեջ միավորում ինքնաշարժման սկզբունքը, հավերժական գաղափարները՝ փոփոխական աշխարհի հետ։ Անհատական «հոգին» համաշխարհային հոգու արտազեղումն (էմանացիան) է, նրա մասնիկը։ Անմահ լինելով՝ այն ժամանակավորապես կապվում է մահկանացու մարմնի հետ, որի «զնդանից» ազատվելով վերադառնում է ընդհանուր հոգուն, այնուհետև կրկին ու կրկին մարմնավորելու համար։ Իմացաբանության մեջ Պ. հետևողականորեն զարգացրել է իդեալիզմի գիծը, այն ենթարկել «գաղափարների» իր տեսությանը և հոգեբանական ուսմունքին։ Նա հակադրում է բանականությունը զգայություններին, գտնելով, որ ճշմարտությունը կարող է ձեռք բերվել միայն բանական ճանաչողությամբ։ Մարդկային հոգին որևէ բան ճանաչելիս, ըստ Պ-ի, միայն վերհիշում է այն «իդեաները», որ նա մտահայել է մինչև մարմնին միանալը։ Զգայությունները չեն կարող աղբյուր լինել գիտելիքի համար, նրանք գործ ունեն նյութական իրերի հետ, մինչդեռ իսկական ճանաչողությունը «գաղափարների» բանական ըմբռնումն է։ Դիալեկտիկան, ըստ Պ-ի, այն միջոցն է, որը հոգում գրգռում և արթնացնում է հիշողություններ գաղափարների մասին և հանդես գալիս որպես ճանաչողության մեթոդ, որը գոյի ճանաչման երկու եղանակից է բաղկացած՝ բազմությունից դեպի առաջնամիակը և հակառակը՝ առաջնամիակից դեպի բազմություն։ Դիալեկտիկան Պ. վեր է ածել գերզգայական ճանաչման տրամաբանական տեսության, որի հիմնական խնդիրն է որոշել ընդհանուր հասկացությունների դերը ճշմարտության ճանաչման գործում։ Պ-ի բարոյագիտության հիմքում դրված է հոգու, որպես անմահ էության, ուսմունքը. մարդկային հոգին բաղկացած է բանական, կամային (ցասմնական) և ցանկական (զգայական) մասերից։ Առաջին երկուսը ցանկականի հաղթահարման հիմքն են, որի շնորհիվ ծնվում է ողջախոհության և չափավորության առաքինությունը։ Բանականության ղեկավարությամբ մարդ հասնում է արդարության առաքինությանը։ Ըստ Պ-ի, իսկական բարոյականությունը մատչելի է միայն ընտրյալներին։ «Իդեալական պետության» նպատակն է ժողովրդի մեջ դաստիարակել ողջախոհության առաքինություն, ենթարկվելու բարոյականություն սերմանելով՝ ետ պահել նրան արիստոկրատիայի դեմ պայքարելուց։ Պ. «իդեալական պետությունը» հակադրել է դեմոկրատիային, առաջադրել հասարակական և պետ. կառուցվածքի ուտոպիական տեսություն, հասարակությունը պետք է կառուցված լինի ազատ քաղաքացիների երեք խավերից՝ ղեկավարող փիլիսոփա-քաղաքականագետներից, պետության ներքին ու արտաքին անվտանգությունն ապահովող զինվոր-պահապաններից և բոլոր քաղաքացիների նյութական պահանջմունքները բավարարող հողագործներից ու արհեստավորներից։ Պետության մեջ կատարվում է աշխատանքի հստակ բաժանում, մտավոր աշխատանքն անջատվում է ֆիզիկականից, հավերժացվում է ստրկատիրությունը, մերժվում է մասնավոր սեփականությունը և զինվորների համար ընտանիքը։ Ազատ քաղաքացիների զավակների համար Պ. առաջարկել է պետ. դաստիարակության և կրթության մի ամբողջ համակարգ։ Առաջ է քաշել արվեստի հասարակական նշանակության հարցը, նշել նրա դերը դաստիարակության գործում, բայց ենթարկել այն աստվածապաշտության տարածման խնդիրներին։ Նա մերժել է այն արվեստները, որոնք հենվում են զգայական իրերի նմանողության և վերարտադրման վրա։ Գեղեցիկի գաղափարը հավերժ է և անփոփոխ, այն ունի բացարձակ ինքնաբավ գոյություն, հակադիր է զգայական իրերի գեղեցկությանը և բացվում է միայն տեսական մտածողության առջև։ Պ. մերժել է հին հուն, ռեալիստական արվեստը, որպես երիտասարդությանը այլասերող և ամբոխի կրքերը գրգռող դեմոկրատական արվեստ։ Պ-ի իդեալիզմը հին հուն, փիլ-յան առաջին համակարգված աշխարհայացքն է և գիտակցված ձևով հակադրվել է մատերիալիզմին։ Ելնելով դրանից, Վ. Ի. Լենինը փիլ-յան մեջ ողջ իդեալիստական ուղղությունը անվանել է «Պլատոնի գիծ» (տես Երկ . լիակտ. ժող., հ. 18, էջ 159): Պ-ի գաղափարները ծառայել են որպես պղատոնականության և նեոպղատոնականության ելակետ։ Հայ իրականության մեջ Պ-ի ուսմունքը տարածվել է V դ. և զգալի դեր է խաղացել փիլ. գիտության ձևավորման գործում։ Պատրիստիկայի դիրքերից Պ-ի հայացքները քննադատել է Եզնիկ Կողբացին՝ հանիրավի մեղադրելով նրան դուալիզմի մեջ։ Պ-ի փիլ-յունը տարածել է հունաբան դպրոցը, երբ VI դ. կեսին թարգմանվում են Պ-ի «Օրենքները», «Եվթիփռոնը», «Մինոսը», «Տիմեոսը» և «Սոկրատեսի ջատագովությունը»: Հայ փիլիսոփաներից բոլորից շատ Պ-ի ազդեցությունն է կրել և նրա հայացքների տարածմանը նպաստել Գավիթ Անհաղթը։ Նրա «Սահմանք իմաստասիրութեան» մեջ բերված և մանրամասն քննված վեց սահմանումներից երեքը վերցված են Պ-ից։ «Ֆեդոն» և «Տիմեոս» տրամախոսությունների իր թարգմանության մասին է հայտնում Գրիգոր Մագիստրոսը (չեն պահպանվել), որը Պ-ի ջերմեռանդ երկրպագուներից էր։ Բնածին գաղափարների և ճանաչողության, որպես «վերհիշման», պլատոնյան ուսմունքը սենսուալիգմի դիրքերից քննադատել է Գրիգոր Տաթևացին։ Միջնադարում մեծ հեղինակություն վայելելով հանդերձ՝ Պ. իր խաղացած դերով զիջում է իր աշակերտ Արիստոտելին։ Պ-ի երկերի հայերեն թարգմանությունների հրատարակման գործում գնահատելի են Վենետիկի Մխիթարյան միաբանության գիտնականների ծառայությունները։

ՊԼԱՏՈՆԱԿԱՆ ՍԵՐ, ցանկասիրությունից զերծ, ոչ մարմնական, զուտ հոգևոր սեր։ Արտահայտությունը կապվում է Պղատոնի ուսմունքի հետ։ Նրա իմացության տեսության մեջ գաղափարի նկատմամբ սիրո հիացմունքը և ճանաչողությունը կազմում են անքակտելի ամբողջություն։ Պլատոնը գեղարվեստական վառ գույներով ներկայացրել է սիրո վեր բարձրանալը մարմնականից դեպի հոգու և մաքուր գաղափարների աշխարհը։ Սիրո («էրոս») և իմացության համադրությունը Պ. ըմբռնել է որպես յուրատեսակ մոլուցք և զմայլանք, որպես սիրային խանդավառություն։

ՊԼԱՏՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, իդեալիստական փիլ. և գաղափարական ուղղություն անտիկ աշխարհում (մ. թ. ա. IV դ. մ. թ. III դ.): Պ-յան հիմքը Պղատոնի գաղափարների տեսությունն էր, որը տարբեր երանգավորում ու մեկնաբանություն էր ստանում Պ-յան զարգացման տարբեր շրջաններում։ Գաղափարը ըմբռնվել է որպես ծայրահեղ ընդհանրացված կենսականորեն գործող տրամաբանական հասկացություն, որը պարունակում է յուրաքանչյուր իրի իմաստավորման սկզբունքն ու մեթոդը, օժտված է գեղարվեստական կառուցվածքով և յուրահատուկ սուբստանց է։ Արդեն Պլատոնի կենդանության օրոք գաղափարաների ուսմունքը ենթարկվեց պյութագորական վերամշակման։ Պլատոնի անմիջական հաջորդները (տես Պղատոնյան ակադեմիա) զբաղվեցին հիմնականում նրա ուսմունքի քարոզմամբ։ Մ. թ. ա. I դ. Պ. համակարգեց Պոսիդոնիոսը, որը հիմք դրեց ստոիկյան Պ-յանը։ Վերջինիս ամենախոշոր պաշտպանն ու տարածողը Փիլոն Ալեքսանդրացին էր, իսկ հետևորդները՝ գնոստիկականության, հերմետիզմի և վաղ պատրիստիկայի ներկայացուցիչները։ Ստոիկյան Պ-յան բարոյագիտության և դիցաբանության դեմ ռացիոնալիզմի ու դիալեկտիկայի դիրքերից պայքար ծավալվեց մ. թ. I դ.՝ Պ. արիստոտելականության հետ համադրելու միտումով։ Այդ պայքարի հետևանքով մ. թ. III դ. երևան եկավ նեոպլատոնականությունը։

Գրկ. Асмус В. Փ., Античная философия, 2 изд., доп., М., 1976; Merlan Р., From Platonism to Neoplatonism, 2 еd, The Hague, 1960; Hoffman Е., Platonismus und christliche Philosophie, Zurich-Stuttgart, 1960. Ս Արևշատյան

ՊԼԱՏՈՆՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ, Պլատոնի մ. թ. ա. մոտ 387-ին հիմնադրած փիլ. դպրոցը։ Գտնվում էր Աթենքի արվարձա֊