նում՝ առասպելական հերոս Ակադեմոսին նվիրված պարտեզում (այստեղից էլ ակադեմիա անվանումը): Հուստինիանոս կայսեր հրամանով 529-ին փակվել է՝ հեթանոսական գաղափարախոսության դեմ պայքարի հեաևանքով։ Մշտապես եղել է անտիկ գիտության և իդեալիստական փիլ-յան խոշորագույն կենտրոն, մեծ տեղ էր հատկացվում մաթեմատիկայի, աստղաբաշխության և բնագիտության հետազոտմանը, բայց և պայքար էր մղվում մատերիալիզմի ու աթեիզմի դեմ։ Պ. ա. ունեցել է զարգացման հինգ շրջան՝ Հին (1-ին) ակադեմիա (մ. թ. ա. 387-265), որը գլխավորում էր Պլատոնը, ապա իր անմիջական աշակերտները, Միջին (2-րդ) ակադեմիա (մ. թ. ա. մոտ 265-180), երբ դպրոցն անցնում է սկեպտիցիզմի դիրքերին, Նոր (3-րդ) ակադեմիա, որի հիմնադիրը Կարնեադես Կիրենացին էր (մ. թ. ա. 214-129), նրա օրոք ուժեղանում է պայքարը ստոիցիզմի դեմ։ Փիլոն Լարիսացու (4-րդ ակադեմիա) և Անտիոքոս Ասկալոնացու (5-րդ ակադեմիա) ժամանակ (մ. թ. ա. 110-68) դպրոցը հեռանում է սկեպտիցիզմից և ընկնում էկլեկտիզմի գիրկը, Պլատոնի ուսմունքը միացնելով Արիստոտելի, Պյութագորասի և ստոիցիզմի փիլ-յանր։ Իր գոյության վերջին շրջանում (IV-VI դդ.) Պ. ա. դառնում է նեոպլատոնականության կենտրոն։ Հայ փիլ. գրականության մեջ Պ. ա-ի հնագույն շրջանի, Պլատոնի և նրա հաջորդների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ են պահպանվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» և «Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտէլի» երկերում։
ՊԼԱՏՈՆՈՎ Բորիս Վիկտորովիչ (1903-1967), բելոռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող. արտիստ (1948): ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1922-ից աշխատել է Յա. Կուպալայի անվ. Բելոռուս, թատրոնում (1961-1963-ին՝ գեղարվեստական ղեկավար): Լավագույն դերերից են՝ Երիսկին (Ֆուրմանովի և Պոլիվանովի «Խռովություն»), Օգնե, Ռոմոդան (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ», «Թևեր»), Կոնստանտին Զասլոնով (Մովզոնի «Կոնստանտին Զասլոնով», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1948), Տումիլովիչ (Կրապիվայի «Երգում են արտույտները», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952), ժադով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Եզովպոս (Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը»): Պ-ի ամենախոշոր ստեղծագործական աշխատանքը Վ. Ի. Լենինի կերպարի կերտումն է (Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը»): ԲՍՍՀ V-VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով։
ՊԼԱՏՖՈՐՄ (ֆր. plate-forme բառացի՝ հարթ ձև), երկրակեղևի սալաձև բազմանկյուն խոշոր բլոկներ, որոնք կազմում են ցամաքազանգվածների և օվկիանոսային մարզերի կենտրոնական ողորկ մակերևույթ ունեցող շրջանները (Երկրի մակերևույթի մոտ 2/3 մասը) և եզրապատված են ծալքավոր լեռնաշղթաներով, օֆիոլիտային գոտիներով, երիտասարդ գեոսինկլինալային ճկվածքներով, գեոռիֆտոգենալներով կամ խորքային խզվածքներով։ Ցամաքատիպ Պ-ների հիմքը կազմված է խիստ ծալքավորված և մետամորֆիզմի ենթարկված ապարներից, որոնք ներարկված են ինտրուզիվ զանգվածներով։ Հիմքի վրա աններդաշնակ ձևով տեղադրված է նստվածքային (նստվածքահրաբխային) շերտախումբը, որը գտնվում է առավելապես մերձհորիզոնական վիճակում։ Ցամաքատիպ Պ-ների մետամորֆային հիմքը առաջացել է նույն տեղում ավելի հին գեոսինկլինալային համալիրների հաշվին և ըստ քիմ. բաղադրության համապատասխանում է կիսաալկալային դացիտներին և շատ հաճախ ներփակում է գրանիտոիդային կազմի ինտրուզիաներ կամ ենթարկված է գրանիտային մետասոմատոզի. օվկիանոսատիպ Պ-ների կտրվածքում այս թթու ապարները բացակայում են և նստվածքային շերտախումբը տեղադրված է բազալտային կամ սերպենտինիտային կազմի ապարների վրա։ Ի տարբերություն գեոսինկլինալային մարզերի, պլատֆորմային մարզերում երկրբ. նորագույն պատմության ընթացքում թույլ են արտահայտված գեոդինամիկական ակտիվության այնպիսի երևույթներ, որպիսիք են նստվածքային ծածկոցի ապարների դեֆորմացիաներն ու մետամորֆիզմը, հրաբուխներն ու երկրաշարժերը, ինտրուզիաներն ու հանքառաջացնող հիդրոգազաջերմային պրոցեսները, ծանրության ուժի գրադիենտները։ Պ-ները համասեռ կառուցվածք չեն։ Պ-ի կազմում սովորաբար անջատվում են վահաններ, զանգվածներ, սալեր, անտեկլիզներ, սինեկլիզներ, ավլակոգեններ, պլականտիկլինալներ, վալեր ևն։ Նորագույն գրականության մեջ ֆաներոզոյան հասակի հիմք ունեցող Պ-ները առանձնացված են իբրև երիտասարդ Պ-ներ, իսկ շարժունակությունը հիմնականում կորցրած և զգալիորեն պենեպլենացված ծալքավոր մարզերը՝ իբրև քվազիպլատֆորմներ կամ քվազիկրատոններ։ Օվկիանոսային Պ-ները, որոնք միայն մորֆոլոգիայի և մեխանիկայի տեսակետից են նման ցամաքատիպ Պ-ներին, հաճախ առանձնացվում են թալասակրատոն անվան տակ։ Պլատֆորմային մարզերին բնորոշ են բազալտային բնույթի հազվադեպ, բայց շատ խոշոր և առատ լավային զեղումներ, դիաբազային դայկեր և սիլեր, քիմբերլիտներ ևն։ Հնագույններից են Ռուսական, Սիբիրական, Կանադական, Բրազիլական, Աֆրիկական, Արաբական, Հնդկական և այլ Պ-ները։ Երիտասարդ Պ-ներ են Արևմտասիբիրականը և Անդրկասպյանը (Թուրանի), քվազիկրատոններ` Ղազախստանի և Կենտրոնական Եվրոպայի, Տավր-Կովկասյան օրոգենում՝ Վանա լիճը շրջապատող պալեոզոյան ծալքավոր մարզերը։
ՊԼԱՑԴԱՐՄ (<ֆրանս. place d'armes - բառացի՝ զորքերի հավաքման հրապարակ), 1. սեփական կամ որևէ պետության տարածք (կամ դրա մի մասը), որն այլ պետության տարածք ներխուժելու նախապատրաստվելիս զինված ուժերի կենտրոնացման և ծավալման համար ծառայում է որպես ռազմ, բազա։ Պ. կարող է ունենալ ստրատեգիական և օպերատիվ նշանակություն։ 2. Տեղամաս, որը գրավում էին հարձակվող զորքերը՝ ջրային արգելքը հաղթահարելիս, կամ որը պահպանում էին նահանջող զորքերը՝ այդ արգելքի հակառակ ափին։ 3. Ծովային դեսանտի գլխավոր ուժերի ափհանումն ու ծավալումն ապահովելու նպատակով դեսանտային գործողություններ կատարելու ժամանակ գրաված ափամերձ տեղամաս։
ՊԼԱՖՈՆ (ֆրանս. plafond - առաստաղ), տես Առաստաղապատկեր։
«ՊԼԵԱԴԱ» («Pleiade»), Վերածննդի դարաշրջանի ֆրանս. բանաստեղծական դպրոց։ Այդպես է կոչվել ի պատիվ մ. թ. ա. III դ. ալեքսանդրյան յոթ բանաստեղծների խմբի։ Ձևավորվել է 1549-ին։ «Պ.»-ի անդամներն էին՝ Պ. դը Ռոնսարը, ժ. Գյու Բելլեն, ժ. Ա. դը Բաիֆը, է. ժոդելը, Ռ. Բելլոն, ժ. Դորան և Պ. դը Տիարը։ «Պ.» յուրացրել է ներբողի, սոնետի, եղերերգի, էկլոգի, կատակերգության և ողբերգության ժանրերը, ազգ. վիպերգության ստեղծման կոչ է արել, պաշտպանել է պոեզիայի հասարակական նշանակությունը, պայքարել լեզվական միջոցների հարստացման համար։ «Պ.»-ի բանաստեղծները զարգացրել են քաղաքացիական մոտիվները, բնության թեման, սիրային քնարերգությունը։ Նրանց ուշ շրջանի ստեղծագործություններում ի հայտ են եկել կլասիցիզմի և բարոկկոյի գծեր։
ՊԼԵԱԴՆԵՐ Պլիադներ (հուն, Πλειάδες), Ատլասի և Պլիոնե օվկիանուհու յոթ դուստրերը (Մայա, էլեկտրա, Տայգետե, Ալկիոնե, Կելենո, Ստերոպե, Մերոպե) հին հուն, դիցաբանության մեջ։ Ըստ առասպելի՝ քույրերից մեկի մահից հետո (այլ տարբերակում՝ երկնակամարն ուսերին պահելու դատապարտված հոր դաժան ճակատագրից) վշտով համակված Պ. ինքնասպան են եղել և աստվածների կամքով տեղափոխվելով երկինք՝ կազմել Բազումք համաստեղությունը։ Այլ առասպելի համաձայն, խուսափելով իրենց սիրահարված Օրիովն որսորդի հետապնդումից, Զևսի կամքով դարձել են աղավնիներ, թռել երկինք և փոխակերպվել աստղերի։ Առասպելի հետագա զարգացմանը զուգահեռ, Պ. համարվել են երկնային հավերժահարսեր, աստվածների սիրուհիներ ու առասպելական հերոսների նախամայրեր։ Հին հռոմեացիները Պ-ին անվանել են Վերգիլիաներ։ Պ. այլաբանորեն նշանակում է երևելի մարդկանց համաստեղություն։ Այս իմաստով Պ. տերմինն առաջին անգամ օգտագործվել է Ալեքսանդրյան դարաշրջանում (մ. թ. ա. III դ.)՝ նշանավոր յոթ բանաստեղծների համար։ Ֆրանսիայում Պ. են անվանել XVI դ. յոթ բանաստեղծների (տես «Պլեադա»): Վ. Ի. Լենինը Պ. է անվանել 1870-ական թթ. հեղափոխականներին։
ՊԼԵԲԵՅՆԵՐ լատ. plebeii < plebs հասարակ ժողովուրդ ազատ բնակչության խավ Հին Հռոմում։ Մինչև մ. թ. ա, III դ. սկիզբը ներգրավված չէին տոհմական համայնքի մեջ, իրավունք չունեին օգտվելու (ի տարբերություն պատրիկների) համայնական հողերից։ Մասնավոր սեփականության իրավունքով կարող էին տիրել ոչ մեծ հողակտորների։ Երկրագործու֊