Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊՍԻԽՈՆԱԼԻԶ, հոգևվերլուծություն, հոգեբուժական մեթոդ (հիմքում ընկած է անձի հոգեկան երևույթների հետազոտման և հիվանդին բուժելու տեխնիկան) և հոգեբանական ուսմունք (այդ տեխնիկայի կիրառումից ստացված փաստերն ընդհանրացնող տեսությունների ամբողջություն)։ Պ–ի ուշադրության կենտրոնում են անգիտակցական հոգեկան պրոցեսները և որևէ արարքի մղող դրդապատճառների ամբողջությունը (մոտիվացիա)։ Հոգեվերլուծական ուսմունքը մշակել է ավստրիացի բժիշկ Զ․ Ֆրեյդը XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին։ Պ․ որպես կոնկրետ ուսմունք ու մեթոդ պետք է տարբերել ֆրեյդիզւէից, որը հոգեվերլուծության դրույթները հասցնում է մինչև փիլ․-մարդաբանական սկզբունքների կարգը։ Պ–ի առանձին դրույթներ (նևրոզների հոգեբանական տեսության) կարելի է նկատել ժ․ Շարկոյի, Պ․ ժանեի և Ֆրեյդի այլ նախորդների ու ժամանակակիցների մոտ։ Դեռևս 1882-ին վիեննացի հոգեբույժ Յո․ Բրյոյերը ցույց տվեց, որ կարելի է հասնել հիստերիայի ծանր ձևերի բուժման, եթե հաջողվի հիպնոսի օգնությամբ հիվանդին ստիպել հիշել ու վերաբերմունք ցույց տալ իր մոռացած հոգեխախտման պատճառ այն իրադրության նկատմամբ, որը նևրոզի սկզբնաղբյուրն է եղել։

Ավելի ուշ Ֆրեյդը հիպնոսը փոխարինեց խոսքային ազատ զուգորդությունների մեթոդով, որը և ընկավ Պ–ի տեխնիկայի հիմքում։ Պարզվեց, որ հոգեխեղող իրադրությունները, աֆեկտային ապրումներրը, չիրականացված ցանկությունները հոգեկանից ոչ թե չքանում են, այլ գիտակցականից արտամղվում են անգիտակցականի ոլորտը, ուր, հաճախ քողարկված, որպես նևրախախտմսԼն ախտանիշներ, շարունակում են ակտիվորեն ներգործել հոգեկան կյանքի վրա։ Դրանք հոգեկան փոխզիջողական կազմավորումներ են, որոնք առաջանում են արտամղվող հակումների և դրանց հակադրվող՝ գիտակցական «Ես»-ը վտանգավոր հակամետություններից պաշտպանող մեխանիզմների ու ազդակների բախումից։ Համանման կազմավորումներ են դիտվում նաև երազների, սխալ գործողությունների (խոսքի սխալ, վրիպակ) և այլ երևույթների մեջ։ Այդ զննական արդյունքները Պ–ին դուրս են բերել զուտ հոգեբուժության սահմաններից և նրան հնարավորություն ընձեռել կապ հաստատելու հոգեկանի նորմալ և ախտաբանական երևույթների միջև, դրանց և ուրիշների մեջ հայտնաբերել խտացման, խորհրդանշման, փոփոխման և այլ ընդհանուր հոգեկան մեխանիզմներ։ Պ․ գտնում է, որ հոգեկան յուրաքանչյուր երևույթ պետք է բացահայտվի 3 տեսանկյունով․ դինամիկական (որպես հոգեկան տարբեր ուժերի փոխազդման ու բախման արդյունք), էներգետիկական (այս կամ այն պրոցեսում ազատ և կապված էներգիայի բաշխում։ Ֆիզիկական էներգիային համանման հոգեվերլուծությունը հասկացություն է մտցնում հոգեկան էներգիայի քվանտների, կատեքսիսների, նրա բաշխման ու տեղաշարժի ․եղանակների մասին) և կառուցվածքային։

Պ–ի զարգացման սկզբնական շրջանում հոգեկան էներգիայի տարբեր ձևերի ու դրսևորումների մասին մշակված ուսմունքը հենվում էր սեռական հակումների վրա (էիբիդո)։ Հոգեկան կառուցվածքի մասին ուսմունքը մշակվեց ավելի ուշ (Զ․ Ֆրեյդ, «Ես» և «Այն», 1921)։ Հոգեկանի առավել հնամյա և ամբողջապես անգիտակցական մասը Ֆրեյդն անվանեց «Այն»։ Դա հոգեկանի շտեմարանն է, անմիջապես բավարարման ձգտող հակումների ու եռանդի «եռացող կաթսան», որը զրկված է արտաքին աշխարհի հետ կապերից և չգիտի արտաքին ռեալականության և սուբյեկտիվ ոլորտի տարբերությունը։ Հոգեկան կառուցվածքի երկրորդ, ամբողջապես գիտակցական մասը, որը իդենտիֆիկացիայի (նույնացում) օգնությամբ ձևավորվում է արտաքին ռեալականության ազդեցության տակ, Ֆրեյդն անվանեց «Ես»։ Սա միջնորդ է «Այն»-ի և արտաքին աշխարհի, հակումների և բավարարվածության միջև, ղեկավարվում է ոչ թե հագուրդ ստանալու սկզբունքով, այլ ռեալականության պահանջներով, արտամղման վրա հիմնված մի շարք պաշտպանական մեխանիզմների (պրոյեկցիա, ինվերսիա, հակազդող կազմավորումներ ևն) միջոցով զսպում է «Այն»-ի իռացիոնալ ազդակները (հակումների պոռթկումներ ևն)։ Այդ մեխանիզմները կառուցված են երկարժեք հակադիր զգայական ապրումների վրա (նույն օբյեկտը անձի մոտ միաժամանակ հանդես է բերում երկու իրար հակադիր զգացում), որոնցից յուրաքանչյուրն արտամղման ժամանակ գիտակցականում վեր է ածվում իր հակադրությանը (չգիտակցված սերը՝ գիտակցված ատելության, դաժանությունը՝ բարության ևն)։

Հոգեկանի կառուցվածքի երրորդ մասը, որը ձևավորվում է ըստ հասարակական միջավայրի սոցիալական նորմերի, անվանվեց «Գեր–Ես»։ Այս մասը անձի բարոյական դիրքորոշման սկզբնաղբյուրն է, մեծ մասամբ գործում է չգիտակցված, իսկ գիտակցականում հանդես է գալիս որպես խիղճ, հոգեկան կառուցվածքում նրա առաջացրած լարվածությունը ընդունվում է որպես վախի, մեղքի, անկման, անձի ոչ լիարժեքության զգացում։ «Գեր Ես»-ի ձևավորմամբ, ըստ Պ–ի, հոգեկան ապարատն արդեն գործում է որպես մի ամբողջություն և նրա կառուցվածքային մասերի փոխհարաբերությունների՛ խախտումները կարող են հոգեկան տարբեր հիվանդություններ պատճառել։

Արևմուտքում Պ․ մուտք է գործել մշակույթի մի շարք բնագավառներ։ Գրականագիտության մեջ, օրինակ, համարվում է անգիտակցականի մասին հոգեբանական ուսմունքի տեսակետից գրական ստեղծագործության քննարկման եղանակ։ Ըստ Պ–ի գեղարվեստական ստեղծագործությունը իրականությունից մերժված և երևակայության մարզում փոխհատուցված բավարարվածության մեջ գտնվող նախասկզբնական հոգեկան ազդակների ու հակումների (սեռական և այլ) սուբլիմացվող ազդանշանային արտահայտություն է։ Պ․ գրականության պատմության մեջ հայտնաբերել է մի շարք կայուն սյուժետային սխեմաներ, որոնցում հեղինակն իրեն նույնացնելով հերոսի հետ, նկարագրում է կամ իր ենթագիտակցական ցանկությունների իրագործումը, կամ դրանց ողբերգական բախումը սոցիալական ու բարոյական արգելիչ ուժերի հետ (Սոֆոկլեսի «էդիպ արքայի», Շեքսպիրի «Համլետի», Դոստոևսկու «Կարամազով եղբայրների» մեջ ըստ Պ–ի տարատեսակվում է հայրասպանության նույն մոտիվը, Որի հիմքը «էդիպյան կոմպլեքսն» է)։ Պ․ գրականության և արվեստի մեջ կիրառելու առաջին օրինակները ցույց է տվել Ֆրեյդը («Պոետն ու երևակայությունը», «Դոստոևսկին և հայրասպանությունը»)։ Նա միաժամանակ զգուշացնում էր, որ չի կարելի շփոթել հոգեվերլուծության ու գրականագիտության խնդիրները, Պ․ գրականությանը մոտենում է միայն որպես սյուժետային, ցուցադրական նյութի և ինքն իրեն անընդունակ է բացատրելու գլուխգործոցի և նրա վերարտադրության, խոշոր գրողի ու շարքային ջղագարի միջև եղած տարբերությունը։ Ավելի քան նույնական է Պ–ի կիրառումը դիցաբանության և «զանգվածային մշակույթ»-ի նյութերի ուսումնասիրման մեջ, ուր անձի գիտակցական «Ես»-ը լուծվում է անգիտակցական «Այն»-ի մեջ և վերանում սեփական գեղագիտական չափանիշներից։ 1920–30-ական թթ․ գեղարվեստը որպես պատրանք և կենսբ․ բնազդների միավորում համարող գռեիիկ Պ–ին զուգընթաց, լուրջ փորձեր արվեցին ֆորմալիստական և գռեհիկ սոցիոլոգիական մեթոդաբանության դեմ պայքարելու (Լ․ Վիգոտսկի, վ․ Վոլոշինով), նոր հոսանքների (դադաիգմ, սյուրռեալիզմ, էքսպրեսիոնիզմ ևն) պրակտիկան իմաստավորելու, յպնցյալի հանելուկային գրական երևույթները բացատրելու, Պ․ գրականության հասարակական դերի և գեղարվեստական ձևերի մասին ուսմունքների հետ միավորելու ուղղությամբ։

Ետպատերազմյան շրջանում Արևմուտքում առավել տարածում ստացավ Պ–ի 2 ուղղություն։ էկզիստենցիալիստական Պ․ (Ժ․Պ․ Սարտր, Ա․ Մալրո, Մ․ Դուբրովսկի և ուրիշներ) գրականության մեջ որոնում է իսկական մարդկային կեցության ապացույց, որը արմատավորվել է ոչ թե կենսբ․ բնությամբ, այլ բարոյական ազատությամբ և հասել լրիվ անձնական բացահայտման գեղարվեստական երևակայության աշխարհում, ուր հոգևոր «ինքնինը» հաղթահարում է պատմ․ ճակատագրի ճնշաբեռը և մաքրում իրեն։ Կառուցվածքային Պ․ (ժ․ Լական, Կ․ Մորոն և ուրիշներ) ընդգծում է արվեստագետի կախվածությունը մշակույթի գերանձնական մեխանիզմներից (լեզու և նշանային այլ համակարգեր), որոնք գործում են անգիտակցականի ոլորտում և պայմանավորում են ստեղծագործության կառուցվածքը՝ անկախ նրա «գիտակցական» մտահղացումից ու մտքից։ Արևմուտքի մարքսիստ գրականագետները քննադատում են Պ–, նրա ներունակ վիճակագրական կառուցվածքին հակադրում կյանքի սոցիալ–պատմ․ տեղաշարժերը՝ որպես ստեղծագործական պրոցեսի մեկնակետ։ Պ–ի ուսմունքը վիճարկում են նաև կուլտուր–պատմ․ դպրոցի և մաթեմատիկա–