1981-ին մարզում կար 91 սովետական և 49 կոլեկտիվ տնտեսություն։ Գյուղատնտ․ հողահանդակները կազմում են 8,5 մլն հա, որից ոռոգվող հողատարածությունները՝ 254,2 հզ․ հա (1980)։ Տողերի ջրարբիացման համար կառուցվել են ջրանցքներ ու ջրամբարներ։ Մշակում են հացահատիկային, տեխ․, բանջարաբոստանային կուլտուրաներ, կարտոֆիլ, խոտաբույսեր։ Զարգացած են պտղաբուծությունը, խաղողագործությունը, նրբագեղմ ու կիսանրբագեղմ ոչխարաբուծությունն ու կարակուլաբուծությունը։ 1981-ին մարզում կար 221,3 հզ․ խոշոր եղջերավոր անասուն (որից՝ 56,8 հզ․ կով), 3602,3 հզ․ ոչխար ու այծ, 61 հզ․ ձի, 65,3 հզ․ խոզ։
Երկաթուղիների երկարությունը 1153 կմ է, ավտոճանապարհներինը՝ 6,3 հզ․ կմ (կոշտ ծածկով՝ 3,3 հզ․ կմ)։ Ջամբուլում կա օդանավակայան։
1980–81 ուս․ տարում կար 415 հանրակրթական դպրոց, 21 ուսումնարան, 8 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ։ 1981-ին գործում էին 484 գրադարան, 563 ակումբային հիմնարկ, 2 հայրենագիտական թանգարան, 2 դրամատիկ, թատրոն, մարզային ֆիլհարմոնիա, 576 կինոսարք, 85 հիվանդանոցային հիմնարկ, 2,2 հզ․ բժիշկ, 5 առողջարան։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։
ՋԱՄԻ Աբդուռահման Նուրադդին իբն Ահմադ (1414–1492), պարսկ․ ու տաջիկ, փիլիսոփա և գրող։ Համարվում է ֆարսի լեզվով պոեզիայի դասական շրջանի վերջին բանաստեղծը։ Ծնվել է ազդեցիկ հոգևորականի ընտանիքում։ Կրթություն է ստացել Հերաթում և Սամարղանդում։ Հարել է «նաքշբանդիյե» սուֆիական օրդենին (տես Սոնֆիզմ)։ 1456-ին աներոջից ժառանգել է օրդենի ղեկավարի պաշտոնը Հերաթում։ Զ–ի վաղ շրջանի ստեղծագործություններից են սուֆիական արձակ տրակտատները, «Ոսկե շղթա» պոեմի առաջին մասը (1472), ինչպես նաև ռիթմին ու տաղաչափությանը վերաբերող աշխարհիկ տրակտատները, մուհամմաներ կազմելու ձեռնարկը։
Ջ–ի գրական գործունեության ծաղկման շրջանը (1474-ից հետո) սկսվում է «Գաղտնիքների ծով» (1475) ու «Ոգու շողարձակում» կրոնափիլ․ քասիդներով ու «Բարեկամության հովեր որբության օթևանից» (1476–78) ժողովածուով (սուֆիական սրբերի վարքագրություններ)։ 1480–1487-ին ավարտել է «Ցոթ թագ» («Մեծ արջ համաստեղությունը») պոեմների շարքը, որի մեջ ամփոփված «Սալաման և Աբսալ», «Ցուսուֆ և Զուլեյխա» և «Լեյլի ու Մեջնուն» պոեմներում հեղինակը սիրավեպի դասական ժանրն օգտագործել է ճշմարիտ, աստվածային սիրո ճանապարհին մարմնական սերը հաղթահարելու սուֆիական ուսմունքը շարադրելու համար։ «Ընծա ազնվազարմներին» (1481–82) պոեմն ընդգրկում է 20 առակ, որոնցում մերկացվում է իշխանությունների կամայականությունն ու հոգևորականության երկերեսանիությունը։ «Արդարակյացների տերողորմյան» (1482–83) և «Օսկե շղթա» (մ․ 2–3, 1485–86) պոեմներն աչքի են ընկնում շառլատանության մերկացումով և երկիրն իմաստությամբ ու մարդասիրաբար կառավարելու կոչերով։ Շարքը եզրափակում է «Գիրք իմաստության Իսկանդարի» (1486–87) պոեմը՝ Նիզամիի «Իսքանդարնամե»-ի բանաստեղծական պատասխանը։
Ջ–ի կյանքի վերջին տարիները նշանավորվել են բանաստեղծություններով ընդմիջվող «Բահարիստան» (1487) արձակ ստեղծագործությամբ, քնարական 3 դիվանով (1479–91) և «Տրակտատ երաժշտության մասին» գործով։ Ջ–ի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել ինչպես պարսկալեզու, այնպես էլ մահմեդական աշխարհի շատ ուրիշ գրականությունների զարգացման վրա։
Երկ․ Լիրիկա, Ե․, 1964։
Գրկ․ Бертельс Е․ Э․, Навои и Джами, М․, 1965; История персидской и таджикской литературы․ Под ред․ Яна Рипки, М․, 1970․
ՋԱՄՄՈՒ ԵՎ ՀԱՇՄԻՐ, նահանգ Հնդկաստանում, Կարակորումի նախալեռներում։ Տարածությունը 222,8 հզ․ կմ2 է, բն․5 մլն (1975)։ Վարչական կենտրոնը Սրինագար։ Ջ․ և Ք–ի տարածքի մի մասը գտնվում է Պակիստանի վերահսկողության տակ։ Նահանգի տարածքը հատում են Կարակորումի և Արմ․ Հիմալայների լեռնաշղթաները, որոնց լանջերը ծածկված են անտառներով։ Կան սառցադաշտեր։ Կլիման հս–արլ–ում լեռնային մերձարևադարձային է, հվ–արմ–ում՝ մուսսոնային, տաք։ խոշոր գետերն են՝ Ինդոսը (Գիլգիտ վտակով) և Ջելամը։ Առավել յուրացված և տնտեսապես կարևոր շրջանն է Քաշմիրի հովիտը։ Բնակչության 80%–ից ավելին զբաղված է գյուղատնտեսության մեջ։ Մշակում են բրինձ, ցորեն, եգիպտացորեն։ Ապրանքային նշանակություն ունեն բանջարաբուծությունն ու պտղաբուծությունը, դեղագործական բույսերի պլանտացիաները։ Զարգացած է անասնապահությունը, մորթատու գազանորսությունը։ Ավանդական զբաղմունք է շերամապահությունը։ Արտահանում է փայտանյութ։ Տարածված է գորգերի, շալերի, ձեռագործների, ոսկերչական, փայտե և կաշվե իրերի տնայնագործական արտադրությունը։ Կան մետաքսաթելի փաթաթման, բրդի ֆաբրիկաներ, ատաղձագործական, մեխանիկական արհեստանոցներ։
ՋԱՄՆԱ, Ջումնա, Յամունա, գետ Հնդկաստանում, Գանգեսի ամենաերկար և ջրառատ վտակը։ Երկարությունը 1384 կմ է, ավազանը՝ 351 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Զասկար լեռնաշղթայի (Կենտր․ Հի մա լայներ) հվ․ լանջերից։ Վերին հոսանքում անցնում է առավելապես խոր կիրճերով, միջին և ստորին հոսանքներում՝ հարթավայրով, որտեղ բաժանվում է բազուկների և վտակների։ Բնորոշ են ամառային վարարումները։ Նավարկելի ԷԳելիից ներքև։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Ջ–ի ափին են Դելի, Ագրա, Իլահաբադ քաղաքները։
ՋԱՄՇԵԴՊՈՒՐ, քաղաք Հնդկաստանի հս–արլ–ում, Բիհար նահանգում։ 670 հզ․ բն․ (1981)։ Երկաթուղային հանգույց է, ծանր արդյունաբերության կենտրոն։ Զարգացած է սև մետալուրգիան, ծանր մեքենաշինությունը (խողովակների, շոգեքարշերի, գյուղատնտ․ մեքենաների արտադրություն) և քիմ․ արդյունաբերությունը։ Ջ–ում է մետալուրգիական ազգային լաբորատորիան։
ՋԱՄՇԼՈՒ, գյուղ ՀՍՍՀ Արագածի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հս–արլ․։ Ջ–ով է անցնում Երևան–Սպիտակ ավտոուղին։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան։
ՋԱՅԼԱՄՆԵՐ (Struthioniformes), անողնուց թռչունների կարգ։ Թևերը թույլ են, թերզարգացած, թռիչքի համար ոչ պիտանի։ Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի։ Մարմինը հավասարաչափ պատված է փետուրներով։ Հայտնի է 1 սեռ, 1 տեսակ՝ աֆրիկական ջայլամը (Struthio camel us), որը ժամանակակից թռչուններից ամենախոշորն է։ Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ։ Արուների փետուրները սև են, պոչի և թևերի փետուրները՝ սպիտակ։ էգերն ունեն գորշ գույն։ Տարածված են Աֆրիկայում, մինչև 1941-ը հանդիպել են նաև Սիրիայում և Արաբիայում։ Բրածո Ջ․ գտնվել են նաև ՍՍՀՄ–ում (Ուկրաինայից մինչև Անդրբայկալ)։ Աֆրիկական Ջ․ ապրում են տափաստաններում, անապատներում, երբեմն թփուտներում, սովորաբար՝ խմբերով։ էգը դնում է 6–8 ձու, թխսում են 5–6 շաբաթ (ցերեկը՝ էգը, գիշերը՝ արուն)։ Ջ․ սնվում են բույսերի ցողուններով, տերևներով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, մողեսներով ու միջատներով։ Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի։ Կարող են վազել մինչև 70 կմ/ժամ արագությամբ, վտանգավոր են մարդու համար։ Արժեքավոր փետուրների համար նախկինում բազմացվում էին ֆերմաներում։ ՍՍՀՄ–ում պահվում են Ասկանիա–Նովա արգելանոցում։
ՋԱՅՆԻԶՄ, ջայնականություն, հնդ․ կրոնափիլ․ համակարգ, դասվում է ոչ ուղղափառ ուղղությունների շարքին, մերժում Վեդաների հեղինակությունը։