Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զանգելու և հայ ժողովրդի դաւոը պաշտպանելու ուղղությամբ։ Անձնական և նամակագրական կապեր է ունեցել ժամանակի եվրոպացի գրողների ու հասարակական գործիչների հեա։ Թարգմանել և ֆրանս․ է հրաաարակել հին և նոր շրջանի հայ բանաստեղծների բազմաթիվ երկեր։ Այդ աշխատանքի պսակն է եղել «Վարդենիք Հայաստանի» ֆրանս․ (հ․ 1 – 3, 1918–1929) Ժողովածուն։

Չ․ եղել է Սովետական Հայաստանի անձնվեր բարեկամը,նրա հասարակական տնա․ և մշակութային նվաճումների ջերմ ջատագովը։ 1933-ին այցելել է հայրենիք, ողջունել նրանում կատարվող մեծ փոփոխությունները։

Չ–ի գրական–հասարակական գործունեությունը բարձր են գնահատել Հ․ Թումանյանը, Ա․ Շիրվանզադեն, Ա․ Իսահակյանը, Ա․ Ֆրանսը, է․ Վերհառնը, Ռ․ Ռոլանը, Վ․ Րրյուսովը և ուրիշներ։

Երկ․ Բանաստեղծություններ, Փարիզ, 1949։ Երկեր, Ե․, 1966։ Պետրոս Դուրյանի կյանքն ու գործը, Ե․, 1967։ Նամականի, Ե․, 1980։

Գրկ․ Թումանյան Հ․, Նաղաշ Հովնաթանը և նրա Քուչակ Նահապետի ու Սայաթ– Նովայի սերը, Թ․, 1916։ Ֆեներճյան Դ․, Արշակ Չոպանյան, Կենսագրական և մատենագրական նոթեր, Փարիզ, 1938։ է․ Ջբբաշյան

«ՉՈՌՆԻ ՊԵՐԵԴԵԼ», սոցիալիստ–ֆեդերալիստների կուսակցություն, 1880-ական թթ․ սկզբին հեղափոխական նարոդնիկական կազմակերպություն Ռուսաստանում։ Ստեղծվել է 1879-ի օգոստոս–սեպտեմբերին՝ <Զեմլյա ի վոլյա>–ի պառակտումից հետո։ Սկզբնական շրջանում կազմակերպության անդամներն ընդունում էին «Զեմլյա ի վոլյա»-ի ծրագիրը, ժխտում քաղ․ պայքարի անհրաժեշտությունը, չէին ընդունում «Նարոդնայա վոյա>-ի տեռորիստական և դավադրական տակտիկան, գտնում էին, որ հեղափոխությունը կարող է իրականացնել միայն ժողովուրդը։ Պետերբուրգում «Չ․ պ․»-ի կենտրոնական խմբակի կազմակերպիչներն էին Գ․ Վ․ Պլեխանովը, Պ․ Բ․ Աքսելրոդը, 0․ Վ․ Ապտեկմանը, Մ․ Ռ․ Պոպովը, Լ․ Դ․ Դեյչը, Վ. Ի. Զասուլիչը և ուրիշներ։ Խմբակը ստեղծել է տպարան, կազմակերպել «Չոռնի պերեդել» ամսագրի և «Զեռնո» թերթի հրատարակումը, կապեր հաստատել ուսանողների և բանվորների հետ։ Ծայրամասային խմբակներ են գործել Մոսկվայում, Խարկովում, Կագանում, Պերմում, Սարատովում, Սամարայում և այլ քաղաքներում։ Հետագայում կազմակերպության կենտրոնը տեղափոխվել է Մոսկվա, և նոր տպարան ստեղծվել Մինսկում։ Այդ շրջանում չոռնիպերեդելականների հայացքներում նշանակալի առաջընթաց է կատարվել։ Ընդունվել է քաղ․ ազատության համար պայքարի կարևորությունը և տեռորը՝ որպես հեղափոխական պայքարի միջոց։ 1880–81-ի ձերբակալությունները թուլացրին կազմակերպությունը։ 1881-ի վերջին «Չ․ պ․», որպես կազմակերպություն, դադարել է գոյություն ունենալուց, սակայն առանձին խմբակներ գործել են մինչե 1880-ական թթ․ կեսերը։ Անցնելով մարքսիզմի դիրքերը, Պլեխանովը, Դեյչը, Զասուլիչը և ուրիշներ 1883-ին ժնեում ստեղծեցին առաջին ռուս, մարքսիստական կազմակերպությունը՝ «Աշխատանքի ազատագրություն» խումբը։

Գրկ․ Аптекман О․ В․, Черный передел, в кн․։ Черный передел, М․–П․, 1923; Дейч Л․ Г․, Черный передел, в кн․։ Историко-революционный сборник, т․ 2, Л, 1924.

ՉՈՍԵՐ (Chaucer) Զեֆրի (1340, Լոնդոն–1400, Լոնդոն), անգլիացի բանաստեղծ։ Մասնակցել է 1337– 1453-ի հարյուրամյա պատերազմին, 70-ական թթ․ կատարել է դիվանագիտական հանձնարարություններ Ֆրանսիայում և Իտալիայում։ Վարել է վարչական պաշտոններ։ «Անգլիական պոեզիայի հայր» (Զ․ Դրայղեն) Չ․, հակառակ ընդունված լատիներենի, գրել է անգլերենով։ Իր ստեղծագործության առաջին փուլում (կոչվում է «ֆրանսիական», մինչև 1369) Չ․ կրել է ֆրանս․ ասպետական գրականության ազդեցությունը («Դքսուհու գիրքը», 1369, պոեմ)։ Իտալիա կատարած ուղևորությունից հետո ընկած երկրորդ փուլում («իտալական», մոտ 1380 – 1386) են ստեղծվել «Թռչունների պառլամենտը», «Տրոիլուս և Քրիզեիդ» պոեմները, «Հմայիչ կանանց առասպելը» պատմվածքների ժողովածուն ևն։ Համաանգլիական գրական լեզվով առաջին հուշարձաններից են 1380-ական թթ․ վերջերին սկսված և անավարտ մնացած «Քենտրբերյան պատմվածքներ»-ը, որ հատկանշում են Չ–ի ստեղծագործության երրորդ փուլը («անգլիական»)։ Այս գիրքը, որ ամփոփում է քսանից ավելի չափածո պատմվածք և նույնքան կապող ինտերմեդիաներ, ներկայացնում է իր ժամանակի Անգլիան զանազան սոցիալական շերտերով։ Չ․ սկզբնավորել է կենցաղային ռեալիզմը անգլ․ գրականության մեջ։ Ա․ Գասպարյան

«ՉՈՐ ԱՍԵՂ», ասեղնափոր, մետաղի վրա խոր փորագրության տարատեսակ։ Կատարվում է սուր ասեղով (պողպատ), մետաղյա թիթեղի (ցինկ, ալյումին) վրա՝ գծիկներ դրոշմելով։ «Չ․ ա․» տեխնիկայով կատարված փորագրությունները հաճախ ունենում են ինքնատիպ թավշյա շտրիխներ։ «Չ․ ա․» հաճախ հանդիսանում է օֆորտի տեխնիկայի լրացում։ Հայտնի է XV դ․ վերջից, իսկ որպես ինքնուրույն տեխնիկա տարածում է գտել XIX դ․։ «Չ․ ա․» տեխնիկայով ստեղծագործել են Ա․ Դյուրերը, Ռեմբրանդը, է․ Շահինը և ուրիշներ։

ՉՈՐ ԿԼԻՄԱ, արիդ կլիմա, անապատային և կիսաանապատային կլիմա։ Չ․ կ–ին բնորոշ են օդի ջերմաստիճանի օրական և տարեկան մեծ տատանումներ, տեղումների աննշան քանակություն (տարեկան՝ 100–150 մմ) կամ լրիվ բացակայություն, ստացված խոնավության արագ գոլորշիացում։ Հարևան ավելի խոնավ մարզերից հոսող ջրերը անապատներում ծանծաղում են և հաճախ վերջանում անհոսք գոգավորություններում աղի լճերով։ Երկրի մերկացած մակերևույթը օրվա ընթացքում ենթարկվում է ջերմաստիճանի խիստ տատանումների, ապարները քայքայվում և վերածվում են ավազի, որը քամին փոխադրելով առաջացնում է բարխաններ ու ղյուներ։ Չ․ կ․ ավելի ցայտուն արտահայտված է արևադարձային և մերձարևադարձային լայնություններում (Սահարա, Արաբական թերակղզու անապատներ, Ավստրալիա) և երկրագունդը չի շրջափակում։ Ավելի բարձր լայնություններում Չ․ կ․ օվկիանոսներից եկող խոնավության լեռնաշղթաներով արգելակման (Հյուսիսային և Հարավային Ամերիկաների անապատներ) կամ էլ օվկիանոսներից վայրի (Կենտրոնական և Միջին Ասիայի անապատներ) հեռու գտնըվելու արդյունք է։

«ՉՈՐ ՍԱՌՈՒՅՑ», պինդ ածխածնի երկօքսիդ (C02)։ Սպիտակ բյուրեղական նյութ է, նման է սառույցին (այստեղից էլ՝ անվանումը)։ Բյուրեղական ցանցը մոլեկուլային է։ Սովորական պայմաններում անմնացորդ սուբլիմվում է՝ գոլորշիանում առանց հեղուկանալու։ Հեղուկանում է –56,7°Շ–ում՝ 5 մթն ճնշման տակ։ Տեխ․ «Չ․ ս․»-ի խտությունը 1560 կգ/մ³ է, գոլորշիացման ջերմությունը 590 կջ/կգ է։ Օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ՝ տեղափոխվող և պահվող սննդամթերքները (պաղպաղակ են) սառեցնելու, գիտահետազոտական աշխատանքներում՝ ցածր ջերմաստիճաններ (մինչև – 79°C) ստանալու, մեքենաշինության մեջ՝ որոշ սարքեր փորձարկելու համար և այլուր։

ՉՈՐԱԹԱՆ, գյուղ ՀՍՍՀ Շամշադինի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հվ–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտագործությամբ , խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մսուր մանկապարտեզ, բուժկայան։ Չ–ում և շրջակայքում պահպանվեք են Ս․ Հռիփսիմե եկեղեցին (1683), մատուռ (XVII դ․) և խաչքարերով գերեզմանոց (XVII-XVIII դդ․)։

ՉՈՐԱԽ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 25 տուն (220 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչները տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՉՈՐԱՆՈՑ ծխախոտագործական, շինություն, որտեղ դեղնեցնում և չորացնում են ծխախոտի տերևները։ Տարբերում են արևային ու ստվերային,