Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

շարժիչի տեսակարար զանգվածը։ Գոյություն ունեցող Ռ․ շ՜ների քարշուժը տատանվում է լայն տիրույթում (Գ–ի տասնորդական մասերից մինչև հարյուրավոր Տ)։

ՌԵԱԿՏԻՎ ՊՍԻԽՈԶՆԵՐ, տես Պսիխոգեն հիվանդություններ։

ՌԵԱԿՏԻՎ ՈՒԺ, ռեակտիվ շարժիչի ծայրափողակից արտահոսվող աշխատանքային մարմնի (օրինակ, գազի) շիթի հակազդման ուժ, որն ուղղված է աշխատանքային մարմնի արտահոսման արագության վեկտորին հակառակ։

ՌԵԱԿՏԻՎԱՅԻՆ ԹՂԹԵՐ, քիմ․ ինդիկատորների լուծույթով ներծծված ֆիլտրի թղթեր։ Օգտագործվում են լուծույթներում ջրածնային ցուցիչի (pH) որոշման, ինչպես նաև գազերում որոշ նյութերի արագ հայտնաբերման նպատակով։ Առավել հայտնի է լակմուսի թուղթը, որը թթու միջավայրում դառնում է կարմիր, հիմնայինում՝ կապույտ, չեզոքում՝ մանուշակագույն։ Կիրառվում են նաև օսլային, յոդ–օսլային ևն Ռ․ թ․։

ՌԵԱԿՏԻՎՆԵՐ ՔԻՄԻԱԿԱՆ, ռեագենտներ քիմիական, նյութեր, որոնք օգտագործվում են քիմ․ վերլուծության (որակական և քանակական), գիտահետազոտական փորձառական աշխատանքների (քիմ․ միացությունների հատկությունները, փոխարկումները և ստացման եղանակներն ուսումնասիրելու) համար և այլ նպատակներով։ Ռ․ ք․ կոչվում են նաև հատուկ նպատակներով օգտագործվող որոշ խառնուրդներ և լուծույթներ (օրինակ, Նեսլերի ռեակտիվը ամոնիակի որոշման համար)։ Հիմնական նյութի և թույլատրված խառնուրդների պարունակությունը Ռ․ ք–ում ԱԱՀՄ–ում սահմանվում է պետ․ ստանդարտով և տեխ․ պայմաններով, որոնց համարները՝ հաճախ նաև խառնուրդների պարունակությունը, նշվում են թողարկվող ռեակտիվի պիտակի վրա։ Ըստ այդ հատկանիշների ռեակտիվները դասակարգվում են՝ հատուկ մաքուր, քիմիապես մաքուր, վերլուծության համար մաքուր, մաքուր, մաքրված և տեխ․։ Հատ ու կ մաքուր ռեակտիվները (խառնուրդների գումարային պարունակությունը՝ 10՜5– 10~10%) օգտագործվում են կիսահաղորդչային, ինֆրակարմիր, հրթիռային, ատոմական տեխնիկայում, քվանտային էլեկտրոնիկայում։ Քիմիապես մաքուր մակնիշի ռեակտիվներում առանձին խառնուրդների պարունակությունը 10~~2–10 5 % է։ Վերլուծության համար մաքուր ռեակտիվներում հատկապես խիստ վերահսկվում է վերլուծությանը խանգարող խառնուրդների պարունակությունը։ Որպես Ռ․ ք․ օգտագործվում են նաև արդյունաբերության համար թողարկվող քիմ․ նյութերը։ Ռեակտիվները դասակարգվում են նաև ըստ բաղադրության (անօրգանական, օրգ․, ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող ևն), նշանակության (ինդիկատորներ, օրգ․ լուծիչներ, ֆիքսանալներ ևն) կոմպլեքսոններ ևն։ Բազմաթիվ օրգ․ և որոշ անօրգանական Ռ․ ք․ թողարկվում են կրճատված կամ պայմանական անվանումներով (օրինակ՝ ֆեռոն, սեգնետյան աղ, Ֆիշերի ռեակտիվ, Մորի աղ ևն)։ Ռ․ ք–ի փաթեթավորումը, տեղափոխումը և պահեստավորումն ու օգտագործումը պահանջում են հատուկ կանոնների պահպանում։ Նրանցից շատերը դյուրավառ են (ացետոն, բենզոլ, մեթանոլ ևն), թունավոր (կալիումի ցիանիդ, ակրիլոնիտրիլ ևն) կամ պայթյունավտանգ (եռնիտրաբենզոլ, պիկրինաթթու, ծծմբածխածին ևն)։ Բազմաթիվ (3000-ից ավելի) ռեակտիվներ թողարկվում են Երևանի Քիմիական ռեակտիվների գործարանում։

Գրկ․ Փизер И․, Физер Д․, Реагенты для органического синтеза, пер․ с англ․, т․ 1, М․, 1970; Фрейштат Д․ М․, Реактивы и препараты․․․, М․, 1977; Նույնի, Реактивы и препараты для микроскопии, М․, 1980․ Ս․ Գաբրիեչյան

ՌԵԱԿՏՈՐ–ԲԱԶՄԱՊԱՏԿԻՉ, բրիդեր, միջուկային ռեակտոր, որտեղ արտադրվող միջուկային վառելիքի քանակը հավասար է ծախսվող վառելիքի քանակին կամ գերազանցում է այն։ Ռ–բ–ի խնդիրն է ստանալ ծախսվածից ոչ պակաս քանակությամբ երկրորդային վառելիք։ Ուրանպլատոնիումային վառելիքային ցիկլով Ռ–բ–ներն աշխատում են արագ նեյտրոններով։ Ուրան–թորիումային ցիկլի կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել դանդաղ նեյտրոններով աշխատող Ռ–բ–ներ։

ՌԵԱՆԻՄԱՏՈԼՈԳԻԱ (< ռե․․․, լատ․ animatio – կենդանացում և․․․ ւոգիա), բժշկության բաժին, ուսումնասիրում է մարդու օրգանիզմի ֆունկցիաների մարման և վերականգնման հիմնական օրինաչափությունները։ Տեսական հիմքը հոգեվարքի> կւինիկական մահվան ախտաբանական ֆիզիոլոգիան է։ Վերակենդանացման գործնական մեթոդները միավորվում են «ռեանիմացիա» հասկացությամբ (տես Վերակենդանացում)։ Մահամերձ մարդու վերակենդանացման փորձերը հայտնի են դեռևս վաղուց, այդ նպատակով օգտագործել են ջերմային և ցավային գրգռիչներ, կատարել արյան ներարկում և բացթողում, սրտի արտաքին մերսում, նորածնի շնչահեղձության դեպքում՝ արհեստական շնչառություն՝ «բերան–բ երանի» մեթոդով։

XVI դ․ կեսին Ա․ Վեզալիուսը կիրառել է (կենդանիների վրա) արհեստական շնչառության մեթոդ՝ շնչափողային եղեգնյա ծայրակի օգնությամբ։ XVII դ․ վերջին սկսեցին ուսումնասիրել օրգանիզմի մահացման և կենսագործունեության վերականգնման օրինաչափությունները։ Գիտական Ռ․ ձևավորվել է XX դ․ կեսին, որին նպաստել են երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ արյունազեղումային և ցավային շոկի ուսումնասիրությունը, 50-ական թթ․ Եվրոպայում բռնկված պոլիոմիելիտի համաճարակի ժամանակ շնչառական անբավարարության դեմ պայքարի միջոցների մշակումը, ախտաբանական ֆիզիոլոգիայի, ինչպես նաև Ռ–ի հետ առնչվող դիսցիպլինների (հիմնականում՝ կրծքային վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի, անեսթեգիոլոգիայի, դեղաբանության) նվաճումները։ ԱԱՀՄ–ումՌ–ի զարգացմանը նպաստել են Ա․ Բրյուխոնենկոյի, Վ․ Նեգովսկու և այլոց աշխատանքները։ Ռ–ում կիրառվում են նաև ժամանակակից տեխնիկայի նվաճումները, օրգանիզմի տարբեր համակարգերի ֆունկցիաների խանգարումներն ազդանշանող էլեկտրոնային սարքավորումներ, շնչառությունը և արյան շրջանառությունը պահպանող ապարատներ։ Կլինիկական Ռ–ի զարգացումը պայմանավորված է վերակենդանացման ծառայության, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի մասնագիտական կենտրոնների ստեղծմամբ, շտապ օգնության համակարգի սպասարկման մեթոդների կատարելագործմամբ։ Ռ–ի ուսումնասիրության օբյեկտը օրգանիզմի կարեվոր կենսական համակարգերն են՝ սիրտ-անոթային, կենտրոնական նյարդային, շնչառական ևն։ Կարևոր խնդիրները, կյանքից կենսաբանական մահվան անցնելու և վերակենդանացման շրջանում առաջացած փոփոխությունների ոչ դարձելիության չափանիշների, սահմանային վիճակների (նախահոգեվարք, հոգեվարք, կլինիկական մահ) ուսումնասիրությունները, կլինիկական մահվան տևողության երկարացման տարբեր մեթոդների (հիպոթերմիա, հիպերբարիկ օքսիգենացիա, օժանդակ արյան շրջանառություն, արհեստական շնչառություն, դեղաբանական նոր պատրաստուկների օգտագործում) մշակումը։

Գրկ․ Неговский В․ А․, Актуальные проблемы реаниматологии, М․, 1971․

ՌԵԲՅՈՌՆ (Raeburn) Հենրի (1756-1823), շոտլանդացի նկարիչ։ 1812-ից էդինբուրգի նկարիչների ընկերության պրեզիդենտ, 1822-ից՝ պալատական նկարիչ։ Ստեղծել է շոտլանդացի ազնվականների, մշակույթի գործիչների և հասարակ մարդկանց դիմանկարներ, ձգտել է բացահայտել ազգ․ բնավորության առնականությունը, իր ժողովրդի ինքնատիպ կյանքը։ Աշխատանքներին բնորոշ են ձևերի ընդհանրացվածությունը, ազատ և հյութեղ նկարելակերպը, կոմպոզիցիայի և լուսավորության էֆեկտները [<Ջոն և Ռոզմերի