Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բուժվում են սիրտ–անոթային, նյարդային համակարգերի, շնչառական օրգանների ոչ–տուբերկուլոզային հիվանդություններով և մարսողության խանգարումներով տառապողները։ Գործում են առողջարաններ, ջրացեխաբուժարան, հանգստյան տներ և պանսիոնատներ։

ՊԱԼԱՆՏԱՅ (Կլյուչնիկով) Իվան Ստեպանովիչ (1886–1926), սովետական կոմպոզիտոր, բանահավաք և մանկավարժ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Սովորել է Կազանի երաժշտ․ ուսումնարանում։ Հիմք է դրել մարիական խմբերգային արվեստի զարգացմանը։ 1923-ին Կրասնոկոկշայսկում (այժմ՝ Ցոշկար Օլա) կազմակերպել է Օրինակելի ժող․ երգչախումբ։ Խմբերգային ստեղծագործությունների հեղինակ է, մշակել է ժող․ երգեր, կազմել բազմաթիվ երգարաններ։

ՊԱԼԱՍԱՆՅԱՆ Ստեփան Հովհաննեսի (1837, Բոտոշան, Ռումինիա –19․2․1889, էջմիածին), հայ լեզվաբան, պատմաբան, բանասեր, մանկավարժ։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1852–55-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել Գ․ Այվազովսկուն, Ա․ Գաւֆայանին, Ս․ Թեոդորյանին։ Իր ուսուցիչների՝ Մխիթարյան միաբանության կողմից դպրոցից վտարվելուց հետո Պ․ սովորել է նրանց հիմնած Հայկազյան վարժարանում։ 1858-ին վերադարձել է Բոտոշան և նույն տարում հրավիրվել Թեոդոսիայի Գ․ Այվազովսկու դպրոցում պաշտոնավարելու։ Նոր Նախիջևանի խալիպյան-հայրապետյան խմբակցությունների վեճի ժամանակ պաշտպանելով հայրապետյաններին՝ գժտվել է Այվազովսկու հետ և 1861-ին պաշտոնակից ուսուցիչներ Ս․ Շիլլիկյանի և Հ․ Իփեկճյանի հետ մեկնել Նոր Նախիջևան, հիմնել դպրոց։ 1863-ին Այվազովսկու ամբաստանությամբ արտաքսվել է Նոր Նախիջևանից և հաստատվել Թիֆլիսում։ 1863 – 1881-ին Ներսիսյան դպրոցում դասավանդել է հայոց լեզու, հայոց և ընդհանուր պատմություն, հայ և ընդհանուր գրականություն, ֆրանս․։ Այդ ընթացքում դասավանդել է նաև Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1869-ին մի խումբ հայ մտավորականների հետ հիմնել է Գայանյան օրիորդաց դպրոցը, եղել նրա առաջին մանկավարժներից։ 1881-ից որպես ուսուցիչ աշխատել է էջմիածնի ճեմարանում։ Թղթակցել է «Մասյաց աղավնի», «Կռունկ», «Մեղու Հայաստանի»,«Մշակ», «Փորձ», «Արարատ» և այլ պարբերականների։ Ա․ Այտնյանի «Քերականության․․․» սկզբունքներին հետևելով, Պ․ լույս է ընծայել «Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց» (1870) աշխատությունը, գրական արևելահայերենի քերականությունը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է արևելահայերենի հնչյունական համակարգի, բառակազմության, իմաստաբանության և այլ քերականական կարգերի բնորոշ առանձնահատկությունները։ Ըստ Պ–ի, նոր լեզուն պիտի ընթանա կենդանի բարբառների, ժող․ խոսակցական հարստությունների օգտագործման ճանապարհով։ Պ․ ընդունել է պատմահամեմատական մեթոդը և, ըստ այդ ժամանակ տարածված կարծիքների, ինքն էլ հայերենը դիտել է իրանական ճյուղի լեզու։ «Քերականություն մայրենի լեզվի» (մաս 1–3, 1874) արևելահայերենի առաջին դասագրքում Պ․ աշխարհաբարի չնորմավորված իրողություններից գտել է այն իրակությունները, որոնք ընդհանրանալու միտում են ունեցել, հաշվի առել նրանց ծավալվելու հեռանկարը, ցանկացել ժողովրդախոսակցական կենդանի լեզուն նորմավորել, մաքրել խորթ ձևերից ու տարրերից։ Գրքում տրվում են խոսքի կազմությունն ու խոսքի մասերը, որոշ բառերի ստուգաբանությունն ու քերականական ձևերի կազմությունը, բառակազմությունը, նախադասության կապակցության եղանակներըւ Պ․ ընդունել է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում, բայական 4 լծորդություն։

«Պատմություն հայոց գրականության» (հ․ 1, 1865) աշխատության մեջ, որը նվիրված է ժող․ բանահյուսությանը, անդրադաոձել է հայ գրականությունը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, գրականության առաջընթացը կասեցնող պատճառներից գլխավորը համարել գրաբարով գրելու փաստը, առաջ քաշել ժող․ բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտությունը։ Հեղինակը գրականության, արվեստի և գիտության զարգացումը կապել է կյանքի հետ, պայմանավորել նրա զարգացման ընթացքով։ Պ–ի գեղագիտական հայացքները ձևավորվել են արվեստի ռոմանտիկական տեսության ազդեցությամբ։ «Հանգարան խորեն Վ․ Գալֆայանի» («Մեղու», 1863, JVJI 6), «Երկու խոսք հայ գրականության վերա» («Մեղու Հայաստանի», 1863, N 1) հոդվածներում Պ․ քննել է պոեզիայի և դրամատուրգիայի, պոետիկայի և արվեստի տեսության հարցեր։

1890-ին, ետմահու, լույս է տեսել Պ–ի «Պատմություն Հայոց» աշխատությունը։ Այստեղ պատմ․ անցքերը քննվում են իրենց ծագման ու զարգացման պրոցեսում՝ չկտրվելով ժողովրդի տնտ․ ու քաղ․ կյանքից։ Սակայն կանգնած լինելով իդեալիստական պատմահայեցողության դիրքերում՝ Պ․ պատմ․ դեպքերի գնահատության հարցում հաճախ չի կարողացել հաղթահարել ավանդական պատմագրության սխեմատիզմը։ Գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն, երկար ժամանակ ծառայել որպես հայ ժողովրդի պատմության դասագիրք հայկ․ դպրոցներում։ Նրա ստեղծագործությունների մեջ նշանակալից տեղ են գրավում իմացաբանական հարցերը․ բնորոշ է բնության երևույթների մակերեսային ընկալումից նրանց ներքին բովանդակության մեջ թափանցելու, եզակիի ճանաչումից դեպի ընդհանուրի ճանաչումը գնալու միտումը։ Ըստ Պ–ի, հասարակության զարգացման օրենքը բացարձակ և առավել ընդհանուր սոցիոլոգիական օրենք է։ Ամեն ինչ գտնվում է հավիտենական շարժման և փոփոխության մեջջ։

Պ․ զբաղվել է ժամանակի հրատապ հարցերով։ Անցյալի օրինակներով՝ Իտալիայի և Լեհաստանի հայ գաղթավայրերի ճակատագրով, ցույց է տվել գաղթի կործանարար էությունը, պաշտպանել ու պրոպագանդել Հունաստանի, Հայաստանի, Բալկանյան ժողովուրդների ազատասիրական ձգտումները։ Շոշափել է նաև մանկավարժական խնդիրներ։ Թարգմանել է Վ․ Հյուգոյի «էռնանի» դրաման, որը բեմադրվել է ժամանակի թիֆլիսահայ բեմում, Վ․ Լանգլուայի «Ուսումնասիրություն Մովսես Խորենացու Հայոց պատմության աղբյուրների մասին» (հայ․ հրտ․ «Մովսես Խորենացի և նրա պատմությունը», 1863) աշխատությունը։

Գրկ․ Հարությունյան Ի․, Ստեփանոս Պալասանյան, Թ․, 1895։ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, է․, 1958։ Թովմասյան Ս․Ս․, Սա․ Պալասանյանի գեղագիտական հայացքները, Ե․, 1959։ Աբրահամյան Ա․ Ա․, Պալասանյանը և աշխարհաբարի քերականության իր դասագիրքը, «Տայոց լեզուն և գրականությունը դպրոցում», 1974, № 2։ Վ․ Պաբսամյան, խ․ Կարաղեչյան

ՊԱԼԱՏ (< լատ․ palatium), արքունի կամ իշխանական տուն, ապարանք։ Մկզբնապես Պ․ են անվանել միայն տիրակալի գահանիստը, հետագայում՝ նաև հասարակության բարձր խավերի ներկայացուցիչների պալատատիպ բնակարանները, XIII –XV դդ․ պետ․ կարևոր հիմն ստրկությունները, իսկ XIX դարից՝ կարևոր նշանակություն ունեցող տարբեր հասարակական շենքեր (Արդարադատության Պ․, Մշակույթի Պ․, Սպորտի Պ․ են)։

Պ–ի ճարտ․ կերպարին բնորոշ է մասշտաբային և ձևերի մոնումենտալությունը՝ պայմանավորված պետ․ գաղափարախոսությունն առավել արտահայտելու և պատկառազդու դարձնելու ձգտումով։ Պ–ների շինարարությունը սովորաբար իրագործել են ժամանակի մեծագույն ճարտ–ները, գեղանկարիչները, դեկորատիվ արվեստի վարպետները, ուստի և այն եղել է ճարտ–յան ընդհանուր զարգացման էական գործոններից։

Տարբեր ժամանակաշրջաններում պալատային կոմպոզիցիաները ստեղծվել են յուրօրինակ սկզբունքներով։ Եգիպտ․ փարավոնների Պ–ներում (Ռամզես III Պ․ Մեդինեթ–Աբույում, մ․ թ․ ա․ XII դ․) գերակշռողը հանդիսավոր ընդունելություննե– րի և արարողությունների դահլիճներն էին։ Կրետե–միկենյան ժամանակաշրջանի Պ-ին (պալատային համալիր Կնոսոսում, Կրետե կղզի, մ․ թ․ ա․ XX–XV դդ․) բնորոշ են մեծ քանակությամբ ներընկած բակերը, հետզհետե կցումներով պայմանավորված բարդ, խճճված կոմպոզիցիաները։ Պարսկաստանի Պ–ներից պահպանվել են (Պերսեպոլսում, մ․ թ․ ա․ VI – IV դդ․) հանդիսավոր շքամուտքերի, լայնադիր սանդուղքների, բազմասյուն դահլիճների ավերակները։ Պ–ի ճարտ․ զարգացման նոր փուլ է սկսվել Հռոմի Օգոստոս կայ–