Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տղեն ես, ես ու դու հ՚իրար պըտի առնենք, վե կաց էթանք մեր տուն, իմ մերը քեզ տենա: Վե կացանք գնացինք նրանց տունը, մերը տեհավ ինձ. — Հա՛, — ասեց, — էս իմ տեհած հ՚էրազի տղեն ա, մատանիքդ հանա նշան տու։ Մատանիքս հանեցի, դրուց ախչըկա մատը, ախչկա մատանիքը հանեց դրուց իմ մատը, հրե՜ս։ Խոսք տվի, որ էթամ հորս ու մորս բերեմ, պսակվեմ, ախչիկը տանեմ:

Հերն ու մերը վե կացան, սարք ու կարգ տեհան, մի քանի բարեկամների հետ նի էլան ձիանը, էկան Հալեպ, վե կալան սովդաքյար քավորին, գնացին։ Շատ գնացին, քիչ գնացին, աստված էր խաբար, գնացին մի սարի գլխի վեր էկան, մութն ընկավ: Շատ էլ ցուրտ էր։ Տղեն տեհավ, որ անկրակ կարալ չեն ապրիլ, հորն ասեց. — Ա՜յ հեր, մենք անկրակ չենք կարալ ապրիլ, թող էթամ չոբաններից մի կրակ վեր անեմ բերեմ։

— Է՜, որթի, վայ թե էթաս, կարենաս ոչ բերես, մենք էլ ըստի մնանք։

— Չէ՛, ա՚փու, թեզ կգամ։

Վե կացավ ձին նստեց, գնաց։

Ձին ասեց. — Հողածին, էս ինձ հ՚ո՞ւր ես քշըմ, հ՚ո՞ւր ես էթըմ:

— Ախար տենըմ ես ցուրտ ա, էթըմ եմ կրակի։

— Այ հա՜յ, բերիր հա՜, էս ֆողը նի մննողը դո՞ւս կգա։

— Խի՞, էս ու՞մ ֆողն ա։

— Մի հատ ախչիկ կա, Արարիշամ ա անըմը, որ էթանք ըտեղ, էլ մեզ բաց չի թողալ, եսիմ ուժ ունե՞ս, որ նրա հետ կռվես։

Տղեն ասեց. — Ետ դառնանք:

Ձին ասեց. — Էլ չէլավ ուզես չուզես՝ պըտի էթաս։ — Ձին քշեց։

Հերն ու մերը թող մնան ընտեղ քավորի հետ լալմիշ ըլելով։ Տեհան լիսը բաց էլավ, տղեն չէկավ, լաց էլան ու քարերը կրծեցին։ Օխտն օր կացան ըտեղ: Օխտն օրից ետը քավորն ասեց. — Զուր ա կենալներս, էկեք ետ դառնանք, թե սաղ ըլի՝ կգա կքթնի մեզ։ — Հ՚իրանք ետ դառան քավորի տունը։ Մնացին ըտեղ ղոնաղ։

Գանք տղի կուշտը։

Տղեն գնաց, գնաց, լիսը բացվեց, ասեց. — Վե գամ ձիս թիմարեմ։ — Ձիուցը վեր էկավ, սկսեց թիմարել, բեղաֆիլ ձեռը դիպավ ձիու հ՚աշկերին, տեհավ ջուր ա, ասեց. — Անասուն, էս ի՞նչ խաբար ա: