Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տղեն կասի. — Թաքավորի տունը քանդվի, հենց բան ա ասել բերել չի՚լիլ:

Մերը կասի. — Որթի, դա նազրի արածն ա, թաքավորին մեխկ չունի: Կէթաս թաքավորին կասես. «Մի հատ գյամի կշինես ծովի հ՚էրեսին, քառասուն խալվար ցորեն կդնես մեչը, քառասուն խալվար կորեկ, քառասուն խալվար բրինձ, էրկու հատ մարթ կդնես մեչը՝ դանակները ձեռներին»։ Կքցես ծովի հ՚էրեսը գյամին, կքշես ներքև, ամեն ադըմին[1] մի թայ կճղես, շուռ կտաս ծովը, կքշես դըբա վիրև, ամեն ադըմին մի թայ կճղես, շաղ կտաս ծովը, ծովի հ՚էրեսին էտ գյամին ընդար ման կածես, որ էտ թայերը բիրադի հատնի: Ծովի մեչը սով ա ընկել, կտա ձուկը քեզ դրախտական ծառը։

Էտ խրատը կտա մերը. տղեն կէթա թաքավորի կուշտը, մոնց որ մերը ասեց, կասի թաքավորին. — Թաքավորը ապրած կենա, էտ բոլորը պըտի պատրաստես՝ հըմա բիրադի պըտի ըլի նազրի քիսիցը, թե չէ թլիսմը կքանդվի:

Թաքավորը կկանչի նազրին, կասի. — Նազիր, պըտի էս բիրադի հազրես:

Նազիրը էլած չէլածը վե կգա՝ կհազրի. Գյամին կշինի, կքցի ծովի հ՚էրեսը. ցորեն, կորեկ ու բրինձը կտանի կդնի մեչը, էրկու մարթ էլ կտանի կդնի գյամու մեչը:

Տղեն կգա մոր կուշտը, մերը կասի. — Դե՛ գնա, որթի, աստված քեզ հետ, գնա շաղ տուր ծովի մեչը:

Տղեն կէթա նի կըլի գյամին, կքշի. էտ տղեքը հա՛ թայերը կճղեն, շաղ կտան ծովի մեչը. մինչի վիրև, ներքև կանեն, կհատնի էտ ապրանքը:

Ծովի տակը կլիանա, գյամին կգա ծովի մեշտեղը, ձկան թաքավորը կբանցրանա. — Տղա՛, — կասի, — էս ա օխտը տարի իմ ծովի տակը սով էր, դու ո՞նց լիացրիր, քու մուրազդ ասա՛, կատարեմ:

Տղեն կասի. — Քե փեշքաշ ա, մուրազ չունեմ, որ կատարես:

Ձուկը կասի. — Տղա, ասա՛, կունենաս, ասա՛, մի՛ ամանչի:

— Դե որ ասըմ ես, կասեմ, ես էկել եմ դրախտական ծառը տանեմ:

  1. Քայլ, (ծանոթ. բանահավաքի):