Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ երկար չասենք, էս տղեն դառավ մի տասը տարեկան, տերտերը վե կալավ, տվուց ուսումնարան: Ում էրեխեն տարեկան էր սովորում, դա օրական էր սովորում, օրական էլ մեծանում էր, էնպես ղվաթով տղամարթ դուս էկավ, որ էրեխանց հետ հաղ անելու վախտը ձեռը որին քցում էր՝ վնասում էր. ընենց էլավ որ դրա վարժապետները դրան հաղից արքելեցին, չին թողում, որ հաղ անի. որին ձեռ էր տալի, վնասում էր։

Քաղաքի մարթը լսեց, որ դա Խոսրով-շահի տղեն ա, սկսեցին գանգատվել տերտերին, որ քու թոռին հեռացրա։ Էրեխեն էլ մտածեց, որ թողում չեն հաղ անի, գնաց տուն, սկսեց լաց ըլելը։

Ասեց.— Ա՛յ մեր, թե հեր ունեմ՝ տեղն ասա, թե չունեմ՝ գերեզմանի տեղն ասա:

Ընչանք էտ օրր կնկա միտքը չէր ընկել թաքավորութան բազմանդը, վե կալավ կապեց կուռը, ասեց.– Դու Խոսրով-շահի տըղեն ես։

Տղեն գնաց տերտերի կուշտը, ասեց.– Ինձ մի ձի տու, ես պըտի գնամ իմ հորը քթնեմ։

Տերտերը շատ ուրախ էր, որ դա գլխից ըռադ ըլի, ասեց. — Ձին պատրաստ ա։

Ասեց.– Տուր ինձ ոսկի, էթամ գարի շինել տամ։

Տերտերը ոսկին տվուց, դա գնաց մի զարգյարի կուշտ.– Զարգյա՛ր,– ասեց,- կարա՞ս մի քառասուն հատ գարի շինի։

Զարդյարը շինեց մի քառասուն հատ, ածեց մի քիսիկի մեչ. վե կալավ էկավ տերտերի տունը։ Տերտերը պատրաստած ձին դուս քաշեց, նի էլավ ձին, մոր հետ մնաս բարով արուց, վեր կացավ, էս տղեն էր՝ ընկավ ճամփեն գնաց: Գնաց հասավ մինչի Խոսրով-շահի քաղաքը։ Գնաց թաքավորի պալատի առաչին վեր էկավ. մեհտարները մտիկ տվին, որ թաքավորի ցեղ ա, ձին վե կալան քաշեցին, տարան գոմը։ Գնաց ձիու կուշտը Բարակ-շահը, յոնջա դրին, վե կալավ դեն քցեց, գարի տվին՝ վե կալավ դեն քցեց, վե կալավ մեհտարին ծեծեց, էտ ձենը հասավ Խոսրով-շահի կուշտը, Խոսրով-շահը դրան կանչեց, ասեց.— Ո՛րթիս, ձին խոտ կուտի, ձին գարի կուտի, ընչի՞ հըմար ես իմ մեհտարներին ծեծում։

Ասեց.— Իմ ձին էտ խոտն ու գարին չի ուտիլ, իմ ձիու գարուցը բերեք։

— Որթի՛,— ասեց,— քու ձիու գարին ի՞նչ տեսակ ա։