Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էլ մի՛ շատ խոսալ, պըտի բերես, կբերես՝ կբերես, չես բերի՝ գլուխդ կէթա։

Տեհավ իլլաճ չի’լում, մի օր ժամանակ ուզեց։

Գնաց իրան օթախըմը մալուլ նստեց․ մտքի հետ ընկավ, մին էլ տեհավ թաքուհին էկավ։

— Հը՜,— ասեց,— տղա,— ի՞նչ ես մալուլ նստել։

Ասեց.— Ի՞նչ անեմ, թաքուհի, էս դոնըմ[1] թաքավորը ընենց բանի ա դեմ արել, որ ըլելու բան չի։

— Ի՞նչ ա,— ասեց թաքուհին։

— Ւնձ ասըմ ա, թե՝ գնա էս ծառի տիրոչը բե։ Ես ո՞նց էթամ բերեմ։

— Ա՛ քու տունը շինվի, շատ հեշտ ա, դու դրա հըմար միտք ես անըմ։— Ասեց.— Տղա՛, կէթաս թաքավորին կասես, «Քեզնից ուզըմ եմ մի զանդուղ, չորս հատ էլ սըրըղ[2], մի հատ էլ սեիզի[3] փոստ, ամեն մազին մի բոժոժ», էտ կէթաս կառնես թաքավորից, կգաս իմ կուշտը։

Տղեն վե կացավ, գնաց թաքավորի կուշտը, թաքուհու ասած բաները առավ, բերուց թաքուհու կուշտը։

Թաքուհին ասեց․— Տղա՛, էտ բոժոժի ձենը որ վեր հ’էլավ, էն պառավը ընենց կիմանա, թե իրա հոգիառն ա, էկել ա իրա հոգին պըտի առնի։ Էտ փոստն էլ, էտ զանդուղն էլ վե կունես, կէթաս պառավի տունը, զանդուղը չարդախումը վե կդնես, բերանը բաց կանես, մեխերն էլ կդնես կուշտը, էտ փոստը վե կունես՝ նի կըլես կտուրը, կքցես վրիդ, հերթըկի ղրաղին կկանես, որ մի քիչ կը թափ տաս, պառավը կզարզանդի, կմտցնես էս զանգուղի մեչ, կբերես։

Տղեն առավ զանդուղն ու փոստը, գնաց նի մտավ պառավի տունը, զանդուղը դրուց չարդախը, ինքը նի էլավ կտուրը, փոստը քցեց վրին, մոտացավ հերթկին, իրան ժաժ տվուց, պառավը սարսափեց, իմացավ, թե Գաբրիել հրեշտակը էկել ա ֆոքին առնի, ձեն տվուց.— Ի՞նչ եք ուզըմ ինձանից, ժամանակ տվեք իմ հաշըվները վերչացնեմ, նոր հոքիս առեք։

Տղեն մեկ էլ իրեն թափ տվուց։

  1. Անգամ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Երկար մեխ (ծանոթ․ բանահավաքի)։
  3. Նոխազ (ծանոթ․ բանահավաքի)։