Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասի՝ Ղահրաման-Բլութը հրեն ֆլա՛ն թագավորի աղին առել ա, իրա ամարաթի միջին նստե:

Էս որ իմացավ, իրա նոքարներին հրամայեց․— Կէթա՛ք,— ասեց,— որդիան որ ըլնի, ման կգաք, մի պառավ կնիկ կգտնեք, կբերեք իմ կուշտը։

Նոքարներն էթում են, դե՛ս ման գալի, դե՛ն ման գալի, մի գզըզված պառավ գտնում, կանչում, բերում թագավորի կուշտը:

— Ա՛յ պառավ,— ասում ա թագավորը,— քեզ մի բան պտի ասեմ, կարա՞ս անի։

— Խի՞ չեմ կարա, թագա՛վորն ապրած կենա,— ասեց պառավը,— ասա՛, տենամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա:

— Լա՛վ, որ կարաս՝ կասեմ։ Ֆլա՛ն երկրումը,— ասում ա,— մի աղջիկ կա, անումը՝ Ղահրաման-Բլութ։ Էդ աղջիկը սաղ աշխարքը զվիր ա բերե։ Էլ թագա՛վոր ասես, էլ թագավորի ցե՛ղ ասես, մախլասի՝ աշխարքում ինչքամ ղոչաղ տղամարդիկ կան՝ գնացել են նրա հավարին, ձեռները զադ չի ընկե, քոմմըքին էլ էրել ա, ֆող ու մոխիր շինե, թողե։ Հմի քեզ տենամ, ա՛յ պառավ, թե կարացիր մի ֆանդով էդ աղջկանը բերի, իմաց կաց՝ քաշովդ մին ոսկի կտամ քեզ։

— Ա՛չքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասեց պառավը,— դրանից էլ հեշտ բա՞ն։

— Բաս որ ըտենց ա, առ ըս էլ քե ճամփի խարջլըղ:

Թագավորը բերում ա դրան մի գոգ ոսկի տալի, ճամփու դնում։

Էս պառավն ա՝ ճղված, ճոթռած, հին-մին, քնձրոտ-մնձրոտ շորեր ա հագնում, բերում մի խնոցի քցում ծովի էրեսը, խնոցու բերանը շորով ղայիմ կալնում, որ մեջը ջուր չքցվի, վրեն նստում ու գյամու ղայդա քշում դպա Ղահրաման-Բլթի ամարաթը։

Գալիս ա գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, հինգ օր, մախլասի՝ մի շաբաթ[1], դուս ա գալի ծովի էն մի էրեսը։ Պառավը խնոցին ըտե ծովի ղրաղին մի թաքուն տեղ պահում ա, էթում Ղահրաման-Բլթի ամարաթի պատի տակին թեք ընկնում, ղաստահիվանդ տալի։

— Խե՛ղճ, անտեր, անտիրական կնիկ եմ,— ասում ա,— ասսու սիրուն մի տեղ տա՞ք սթար անեմ։

  1. Տպագիր տեքստում «մի շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված Է (Ծ. Կ.):