Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թագա՛վորն ապրած կենա, ի՞նչ կտաս, որ ես մի ընենց դեղ անեմ, որ քեզ մի լավ տղա ըլնի,— ասում ա դարվիշը։

— Որ սաղ թագավորությունս էլ ուզես կտամ, թաքլա դուշմանահար չըլնեմ ես։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, սաղ թագավորաթյունդ քեզ հալալ ըլնի. թե որ խոսք կտաս տղեդ մենձացած վախտը տաս ինձ, էնա դարդիդ էս սհաթը դարման կանեմ, որ էլի սաղ-սալամաթ բերեմ տղեդ քեզ տամ. թե ղաբուլ ես՝ լավ, թե չէ՝ հո դու գիտաս, ես հենց եկել եմ քու խաթեր, ոնց որ քեզ սրտացավ բարեկամ։

— Ղա՛բուլ եմ, աղպեր, բա՝ ղաբուլ չե՜մ, թո՛ղ ինձ տղա ըլնի՝ մի քանի տարի էլ թո՛ղ քու կշտին ապրի, բան չկա, մինակ ընդար ըլնի, որ էլի տղիս սաղ-սալամաթ բերես տաս ինձ,— ասում ա ուրախ-ուրախ թագավորը։

Էն սհաթը դարվիշը ջիբիցը մի խնձոր ա հանում տալի թագավորին, ասում ա.— Ա՛ռ, թագա՛վորն ապրած կենա, էս խնձորը կես արա, կեսը դու կե, կեսն էլ տու թագուհուն, որ նա ուտի. թե քեզ տղա չէլավ՝ իմ արինը քեզ հալալ ա,— ասում ա դարվիշը ու խոր գլուխ տալի, ամարաթից դուս գալի, էթում իրա բանին։

Թող դարվիշն էթա, մենք գանք խաբարը տանք մեր թագավորիցը։

Թագավորն ա՝ ուրախ֊ուրախ խնձորը առնում ա մննում թագուհու օթախը, խնձորը կես ա անում, կեսը տալիս ա թագուհուն, կեսն էլ ինքն ա ուտում: Անց ա կենում մի ամիս, էրկու ամիս, իրեք ամիս, մախլասի՝ ինն ամիս, մեր թագուհին ծունկ ա չոքում մի նաշխուն, սիրուն տղա ա բերում. էնքա՜մ սիրուն, էնքա՜մ սիրուն, որ էլ չէլած։ Թագավորը, որ տղին չի տենում՝ ուրախությունիցը խելքը էթում ա, էնքամ ա ուրախանում. բերում են լավ կնունք են անում, սաղ պալատականներովը օխտն օր, օխտը գշեր քեֆ են անում, տղի անունը էլ դնում են Խուդավերդի։

Ըսենց ուրախ անց ա կենում մի տարի, էրկու տարի, տասը տարի, տասնհինգ տարի, ըսկի թագավորի միտը չի ընկնում դարվիշին տված խոսքը։ Հենց էդ վախտերքին օրեն մի օրը թագավորի նոքարները գալիս են թագավորին ասում.— Թագա՛վորն ապրած կենա, մի դարվիշ ա էկե. ուզում ա քեզ տենա։