Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսենց փողերը քոմմա ֆող ու մոխիր արեց, իրիկունը լափ դարտակ էկավ ընդե կաննեց:

— Ո՛րդի,— հարցրեց թագավորը,— ըսօր առուտուրդ ո՞նց անց կացավ. ըսկի զադ-մադ աշխատեցի՞ր:

— Չէ՛, ա՛յ հեր,— ասեց տղեն,— ինչ առա՝ վնաս արի, ի՛նչ առա՝ վնաս արի, զադ էլա դատում չմնաց, սավայի աշխատանքը՝ մայեն էլ վրեն դրի։

— Գնա՛, ո՛րդի,— ասեց թագավորը,— դու մարդ դառնողը չես. մարդ դառնայիր, հմի վաղուց իր մարդ դառե։

Կանչեց միջնեկ տղին, հանեց նրան էլ իրեք հարիր մանեթ տվեց։

— Ա՛ռ, ո՛րդի,— ասեց,— հմի էլ քեզ եմ իրեք հարիր մանեթ տալի. տար քեզ հմար առուտուր արա:

Միջնեկ տղեն ա՝ հոր ձեռը պաչեց, իրեք հարիր մանեթն առավ, տարավ բազար, է՛ս առավ, է՛ն առավ, սրան տվեց, նրան տվեց, ի՛նչ առավ, ծախեց՝ վնաս արեց, ինչ առավ՝ վնաս արեց. փողերը քոմմա ֆող ու մոխիր արեց, իրիկունը դարտակ[1] ձեռով էկավ ընդե կաննեց։

— Հը՜, ո՛րդի,— հարցրեց թագավորը,— ի՞նչ արիր, ինչ չարիր, զադ-մադ աշխատեցի՞ր, թե չէ։

— Չէ՛, ա՛յ հեր,— ասեց տղեն,— հենց ի՛նչ առա՝ վնաս արի, ի՛նչ առա՝ վնաս արի, սավայի աշխատանքը, դեռ հլա մայեն էլ քոռ ու փուչ արի, թողի։

— Գնա՛, ո՛րդի, դո՛ւ էլ աղպորդ նման մարդ դառնողը չես. մարդ դառնայիր, հմի վաղուց իր մարդ դառե:

Կանչեց պուճուր տղին.— Ո՛րդի,— ասեց,— հմի էլ քեզ եմ տալի իրեք հարիր մանեթ, տա՛ր առուտուր արա։ Քեզ տենամ, ո՛րդի, աղպորտանցիցդ ճրագ չկպավ, բալի էլի քեզանից կպնի։

Պուճուր տղեն ա՝ հոր ձեռը կպաչի, իրեք հարիր մանեթը կառնի, կէթա մեյդանը, կտենա էնքամ խալխ են կիտվե, էնքա՛մ խալխ են կիտվե, որ ասեղ քցելու տեղ չկա: Կմոտանա, կտենա մի մեռել գեննին վեր են քցե, հենց ո՛վ հասնում ա՝ տալի, ո՛վ հասնում ա՝ տալի, էրես-մերես, քիթ, պռունգ չեն հարցնում, որդե ըլնում ա տալիս են։

  1. Տպագիր տեքստում այս բառից առաջ եղել է՝ լափ, որը ջնջել է բանահավաքը և հետո ավելացրել՝ ձեռով (Ծ. Կ.):