Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնիկն ասեց.— Փարչը լցրած կողքին դրած ա, թող վեր ունի, խմի։

Աղջիկն էլ վե կալավ փարչը՝ միամիտ խմեց. օձը գնաց փորը։ Քնեց աղջիկը. առավոտը վե կացավ, էլի իրանց հմար հաց կերան, գնացին ավի։ Աղջիկը միամիտ նստած էր իրա բանին, օրեցօր էդ աղջկա փորը ուռեց. դառավ էրկու ֆոգիս կնիկ։

Իրիկունը ըդոնց մարդիկն էկան, ասեցին.— Ա՛յ ձեր լավ քիրը, տեսե՛ք ինչ օյին ա հանե, փորն ուռել ա։

Աղպերտինքը թամաշ արին, տեհան, որ քիրը օրերի վրա ա, մենծ աղպերը վե կալավ թաքուն ասեց պուճուր աղպորը.— Մի ձի կնստես, կքաշես թարքդ, մի տասն օրեն ճամփա հեռու կտանես, կթողաս, կգաս. ընդուց դենը ինչ կուզի թո՛ղ ըլնի։

Քնեցին․ լիսը բացվեց, պուճուր աղպերը հաց կերավ, քիրը հաց կերավ, իրանց հմար ճամփի պաշար վե կալան, քցեցին խուրջնի մեջը, կապեցին ձիու թարքը, նիլլան ձին, գնացին։ Մեկ օր, հինգ օր գնացել ին, տասն օրը թամմեց, հասան մի վայրենի մեշի։

Ըտեղ աղջիկն ասեց.— Աղպեր, բեզարել եմ, վե գանք ձիուցը, հա՛մ ձին խոտ կուտի, հա՛մ մենք կդինջանանք։

Ձիուցը վեր էկան, ձին աղպերը օրըկեց[1], իրանք նստեցին, հաց կերան։

Աղջիկն ասեց.— Ա՛ղպեր ջան, նստի, գլուխս դնեմ ծնկանդ մի քիչ քնեմ, վե կենանք, էթանք։

Աղպերը նստեց, քիրը գլուխը դրեց ծնկանը քնեց։ Շատ էր քնե, թե քիչ՝ աչքերը բաց արեց, տեհավ, որ ո՛նչ աղպեր կա, ո՛նչ ձի։

— Հե՜յ վա՜խ,— ասեց,— աղպերտինք, էս ի՞նչ օյին էր՝ հանեցիք իմ գլուխը:

Մնաց էդ վայրենի մեշի միջին: Կես գշեր էր, աղջիկը իլաջը կտրվեց, նիլլավ մի բանձր ծառի վրա նստեց մինչև լիս, ծառիցը վեր էկավ, մեշի մեջն ընկավ՝ սկսեց ծառապտուղ ուտի։

Մանգալոն, մանգալոն մեշիցը դուս էկավ, տեհավ, որ հրես մի գետ կողքովն էթում ա, ասեց.— Էս լավ էլավ, ջուր խմեմ, լվացվեմ, էթամ։

  1. Երկար պարանով կապեց (Ծ. Բ.):