Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասենք սա աղպորտանց արարմունքը լավ գիտար, համա քաշվում էր նրանցից, որ նստեր թագավորին մին-մին նաղլ աներ։


Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մի վախտ ուշքի ա գալի, աչքը բաց անում տենում ֆորումն ա։ Ինչքամ ձեն ա տալի. «Աղպրտի՛նք, աղպրտի՛ք, աղպրտի՛նք», լսող չիլնում։

«Հե՛յ գիդի աշխարք,— ասում ա ինքն իրան,– աղպորն էլ էհտիբար չի մնացե։ Նրանց ի՜նչքամ լավություն արի, ի՜նչքամ փորձանքից պրծացրի՝ վերջը գլխիս էս օղիեն բերին։ Է՛, բան չկա․ աստոծ ողորմած ա. հալբաթ ինձ մի լիս ու ճար կանի, էրկու դռնից մի դուռը բաց կանի, էս նեղ տեղիցը կազատի»։

Նրա Սև ձին էլ ֆորի ղրաղին կաննած՝ վախտ-վախտ գլուխը կախ էր անում ֆորը, խրխնջում, ուքուր-ուքուր լաց ըլնում։ Ձիու արտասունքները գըլգըլալեն էթում ին թափում տղի աչքերին, տղեն էլ նրա հեննա ընդե էր լաց ըլնում։

— Ջա՜ն, ա՛նլիզու հայվան ջա՛ն, ջա՜ն,– ձեն էր տալի տղեն ֆորիցը,— դարդ մի՛ անի, ես դեռ հլա սա՛ղ եմ, սա՛ղ։

Թամա՛մ օխտը պոլոլիկ տարի պուճուր աղպերը մնաց ֆորոմը։ Սև ձին ամեն օր էթում էր հանդը, ալապստրակից, յա ղշից դնչով կալնում, բերում քցում ֆորը, որ իրա տերն ուտի, սովածությունից չմեռնի։

Օրեն մի օրը, մի բեզրգյան գալիս ա էս ճամփովն անց կենում։ Գշերը որ վրա ա հասնում, էդ ֆորի կշտին վեր ա գալի, չադիր տալի, մնում, որ առավոտը էլ եդ վե կենա էթա իրա ճամփեն։ Որ լիսը բացվում ա, տենում ա ֆորի ղրաղին հրեն մի ձի։ Էթում ա որ բռնի, փախնում ա։

— Յարաբ էդ ձին խի՞ էր ընդե պտիտ գալի,— միտք ա անում ինքն իրան,— չըլնի՞ ֆորումը զադա տեհե. արի քար քցեմ տենամ։

Վեր ա ունում մի պուճուր քար, քցում ֆորը։

— Էդ ո՞վ եք,— ձեն ա տալի տղեն ֆորիցը։

— Հողածին ենք,– ասում ա բեզրգյանը,— բա դո՞ւ ով ես։

— Ես ֆլա՛ն թագավորի տղեն եմ։

— Բա ըտե ի՞նչ ես շինում։

— Է՜, հողածին, իմ դարդերը շատ ա, մի՛ հարցնի. ինձ մի ըստիան հանա՛, հերիք ա։