Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիշապը ծոր տալով, ծոր տալով[1], էկավ, ասեց.– Հը՛, տղա՛, ի՞նչ ես ուզում:

Տղեն ասեց.– Ինձ փող ա հարկավոր:

Ասեց.- Գնա՛ արխեին քնի, առավոտը կըլնի։

Տղեն գնաց քնեց: Առավոտը վե կացավ, տեհավ մի խուրջին ոսկի հազիր ա: Գնաց մի համբալ վե կալավ, էկավ, տվեց համբալի շլակը տարավ Զարդյարի դուքանը: Հանեց մի ոսկի, տվեց համբալին:

Զարդյարն ասեց.— Մի շահի տալու տեղակ մի ոսկի խի՞ տվիր:

Ասեց.- Բա՛ն չկա, քյասիբ մարդ էր, տվեցի։

— Դե՛,— ասեց,— գնա՛, էրկու օրից եդը արի, տա՛ր:

Տղեն վե կալավ, գնաց էլի պառավի տունը։

Էրկու օրից եդը վե կալավ էկավ Զարդյարի դուքանը, բարով տվեց։

Զարդյարը տեղիցը վե կացավ, բարևն առավ, ասեց.– Նստի՛։— Նստեց:

Ասեց.— Հազի՞ր ա։

Ասեց.— Հա՛զիր ա։

Գնաց բերեց. տղեն տեհավ, որ շատ լավ բան ա, համարյա մի թամաշի բան. առավ հագավ, ըսկսեց դուքանումը ման գալ։ Եդո հանեց, ասեց.— Ուստա՛, արի դու մի հագի՛, տենանք:

Ասեց.— Ախար քեզ հմար եմ հազրե, ոնց ես հագնեմ:

Ասեց.— Բա՛ն չկա, դու հագի, մի ես մտիկ տամ։

Ուստեն հագավ, տղեն ասեց.— Ոտիդ շատ լավ էկավ, քե՛զ փեշքաշ։

Ասեց.— Ըդքան փող տվիր ու փեշքաշ ես անում։

Ասեց.— Բա՛ն չկա։

Ասեց.— Մնաս բարով,— ու գնաց։

Էգսի օրը էլի էկավ, ասեց.— Ուստա՛, կարա՞ս ղաբլամա ոսկուց մի շալվար կա՞րի։

Ասեց. - Շա՛տ լավ, շատ լավը կկարեմ: Էրկու խուրջին ոսկի կտաս, հազար մանեթ էլ ձեռնամուղդ: Իրեք օրից եդը արի տա՛ր:

Տղեն վե կացավ, գնաց։ Իրիկունը, քնելու հանգամին դուս էկավ դուռը ձեն տվեց.- Վի՜շապ, Վի՜շապ, Վի՜շապ:

  1. Բարակել, երկարել (Ծ. Բ.)