Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թագավորը իրա ղոշունը առել էր, դուս էկել դևերի աղաքը, հեռվանց տասնըմին ձիավոր էկան, իրանց առաջովը տվեցին չափարխանի[1] գնացին։ Գնացին հասան դևերի ղոշնին, տվին, էդ դևերին, ընենց ջարդեցին, որ դևերից մնաց մի ֆոգի, էն էլ տղեն բռնեց, ատամները քաշեց, տվեց ճակատին, ասեց.— Գնա՛ քու տիրոնչը խաբար տա՛ր։

Ետով ձիանոնց գլուխը եդ դարձրին ու եդ գնացին։

Թագավորը ձեն տվեց ղոշունին.— Բռնե՜ք, հա բռնե՜ք, բռնե՜ք, մի փեշքաշ տանք,— ձիավորները փախան, գնացին։

Տղեն վեր էկավ ձիուցը, շորերը փոխեց, ձիավորներին բրախեց, խոզերը վե կալավ, էկավ դպա տուն։ Տեհավ սաղ քաղաքը քեֆի մեջ ա, դափ ու զուռնեն ածում ա, հա՛ ածում։ Ինքը գնաց, քաշվեց իրա խոզանոցը։

Թագավորի պուճուր աղջիկը մի լավ խոնջա շինեց, առավ գնաց Խոզարածի կուշտ։

Տղեն դուռը բաց արեց, ասեց.— Հը՛, ի՞նչ կա ա՛ղջի։

Ասեց.— Ես քու կարոտը քաշում եմ, հաց եմ բերե, որ իրար հետ ուտենք։

— Չէ՛, չէ՛, հարկավոր չի, գնա՛ բանիդ,— ասեց տղեն,— խոնջեն ձեռիցն առավ ու իրան բրթեց դուս, դուռը շինեց։

Աղջիկը լաց ըլնելով գնաց տուն։

Տղեն առավոտը վե կացավ, իրա շահին առավ, պոպոքը լցրեց ջեբը, քշեց խոզերը, գնաց դուս էկավ Կարմիր դևի սահմանը։

Տեհավ մի դարվազա, ասեց. «Էրևում ա՝ էս էլ ա դևի տուն տանեմ խոզերս մի կուշտ ուտացնեմ»։

Հասավ դարվազի կուշտը, էրկու դագանակ տվեց, դռան ամեն մի կտորը ընկավ Հալեպ ու Չինիմաչին։

― Խոզերը քշեց նեքսև, տեհավ բոստան ա, ասեց.— Էս լավ էլավ, թո՛ղ մի կուշտ ուտեն։

Ինքը գնաց մի մենծ ծառի շվաքում պառկեց։

Ճաշվա դեմը Կարմիր դևն էկավ դպա տուն, տեհավ դարվազեն ջարդված ա՝ արինը գլուխը տվեց. մտավ նեքսև, տեհավ խոզերը բոստանը քանդռտում են, բարկացած դես ու դեն ընկավ, տեհավ տղեն ծառի տակին քնած ա, ձեն տվեց.— Հողածի՛ն, հողածի՛ն, վե կա՛ց։

  1. Արագ (Ծ. Բ.)։