պայման, հայերը, շնորհիւ քաղաքական դժրախտ հանգամանքների, փրկութիւն որոնում էին այն իսկ պապականութեան փէշերի տակ, որ այդպիսի խաւար տարածեց լուսաւորվող աշխարհի վրա, և դեռ մի այս տեսակ փրկութիւնն էլ նրանց համար երազ էր, ցնորք։
Նոր էր վերաջել Տրիենտի ժողովը, երբ Պիոս IV-ին ներկայացաւ Աբգար թօխաթեցին` իր ծածկագիր թղթերով, արիւնոտ Արևելքից բերած իր աղաչանքներով։ Բայց Պիոսը կարող էր զբաղվել այդ աղաչանքներով, երբ նրա առջև կար աւելի մեծ հոգս։ Տրիենտում տարած փառաւոր յաղթանակը պէտք էր իրականացնել, գործադրել։ Կաթօլիկ պետութիւններին առաջարկված էր պաշտօնապէս ընդունել ժողովի որոշումները։ Ֆրանսիան մերժեց ընդունել, միւս պետութիւններից որը ընդունում էր, որը զանազան առարկութիւններ էր անում։ Պապական աթոռը եռանդուն առաջարկներ էր անում, ստիպողաբար պահանջում էր գործադրութիւն։ Այդ հոգսերի մէջ, երբ ս. Պետրոսի աթոռը հաշտ ու համաձայն էլ չէր արևմտեան պետութիւնների հետ, հայոց կաթողիկոսի պատգամաւորութիւնը զուր ակնկալութիւնների ներկայացուցիչ կարող էր լինել։
Եւ իրաւ, Պիոս չորրորդը սիրով ընդունեց Աբգարին, պատուիրեց նրան գրել հայ եկեղեցու դաւանական սկզբունքները, բայց և խոստովանեց, որ Հռօմի աթոռը միջոցներ չունի Հայաստանին իրական օգնութիւն հասցնելու։ Կրկնվում էր հին պատմութիւնը․ վերջ ի վերջոյ արիւն-տրտասունք