էր, որի նպատակն էր շէնացնել Պարսկաստանը, ծաղկեցնել նրա մեջ վաճառականութիւնն ու երկրագործութիւնը։ Այդ ծրագիրը կատարվեց վերին աստիճանի բարբարոսական միջոցներով, բայց Արևելքի մեծ բռնակալին ուրիշ միջոցներ անմատչելի էին։
Երբ ահագին ժողովուրդը հասաւ Պարսկաստան, Շահ-Աբբասը իր առանձին հոգացողութիւնների առարկայ դարձրեց նրան և ցոյց տուեց մի աշխարհաշէն թագաւորի մեծ ընդունակութիւնները։ Նրան, ի հարկէ, անյայտ չէր թէ որքան տանջվել է այդ դժբախտ ժողովուրդը այն բռնութիւններից, որ գործադրել էր ինքը. անյայտ չէր և այն, թէ որքան քաղցր է հայրենիքը իւրաքանչիւր ժողովրդի համար, որքան նա դժուար է մոռացվում օտարութեան մէջ։ Որքան էլ ուժեղ և ահարկու լինէր Պարսկաստանը, բայց Շահ-Աբբասը չէր հաւատում որ միայն վախը բաւական լինի գաղթական բազմութիւնը Պարսկաստանի մէջ պահելու համար։ Մի բազմութիւն, որ կոչված էր երկրին ծառայութիւններ մատուցանել իր կուլտուրական ընդունակութիւններով, պիտի ուրիշ պատճառներ ունենար իր նոր, ակամայ հայրենիքը սիրելու, նրա հետ կապվելու համար։ Եւ Շահ-Աբբասը աշխատում էր սիրաշահել իր գաղթեցրած ժողովուրդը, աշխատում էր, նոյն իսկ մոռանալով մի մահմեդականի պարտաւորութիւնները։
Հայ ժողովուրդը բնակեցրվեց Պարսկաստանի զանազան կողմերում, բայց մեծ մասամբ Սպահան