Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մայրաքաղաքում և նրա շրջականերում։ Գիւղական, երկրագործ ժողովուրդը ստացաւ Փէրի և Բուրվարի գաւառներում հողագործութեան համար շատ յարմար, առողջ տեղեր: Նրան մնում էր այդտեղ իր գործով զբաղվել, առանց հոգսեր պատճառելու կառավարութեան և նրանից ակնկալութիւններ ունենալու։

Ուրիշ բան էր վաճառականական դասակարգը, և Շահ–Աբբասը, սեփական օգտի համար, մօտեցրեց նրան իրան, իր հովանաւորութիւնը տարածեց նրա վրա։ Դա մի վաճառական թագաւոր էր, որ ունէր առևտրական լայնարձակ ծրագիրներ։ Այսպէս, նա իր ձեռքում էր կենտրօնացրել Պարսկաստանի և հարևան երկիրների արդիւնաբերած մետաքսի վաճառահանութիւնը, որից էլ ահագին եկամուտներ էր ստանում։ Առևտրական ձեռնարկութիւնները ընդարձակելու համար նա կապեր հաստատեց եւրօպական պետութիւնների հետ, ուղարկելով դեսպանութիւններ, որոնք առևտրական դաշնագրեր էին հաստատում վաճառաշահ կենտրօնների հետ։ Նրա խորհրդատուները երկու անգլիացիներ էին, երկու եղբայրներ, որոնք դեռ XVI դարի վերջում հիւրընկալութիւն էին գտել պարսից արքունիքում, եւրօպական հիմքերի վրա կազմակերպել էին պարսկական զօրքը։ Շուկան պատրաստ էր, Շահ–Աբբասը աշխատում էր զանազան արտօնութիւններով գրաւել եւրօպացի վաճառականներին Պարսկաստան։ Բայց հպարտ և ազատ օտարականների հետ գործ ունենալը դժուար էր։ Եւ ահա Շահը աչք դարձրեց հայերի