Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր այդպիսի վերաբերմունք տեսնել, քանի որ նա նոյն իսկ վճռեց Էջմիածնի վանքը տեղափոխել Սպահան, որպէս զի գաղթական ժողովուրդը իր այդ մեծ սրբութեան միջոցով աւելի պինդ կապվի իր նոր հայրենիքին։ 1607 թւականին Շահը մի այսպիսի հրովարտակ արձակեց։ Որպէս զի Սպահանում բնակեցրած հայերը բարձրագլուխ ման գան, ես կամենում եմ որ իմ մայրաքաղաքում հայերի համար կառուցվի մի մեծ, փառաւոր եկեղեցի։ Եւ որովհետև Էջմիածնի շինութիւնը մեծ մասամբ աւերակ է, իսկ այնտեղի քահանան[1] հանել է այնտեղ թաղված սուրբերի ոսկորները և ծախել է օտարներին ու առհասարակ գցել է Էջմիածնի պատիւը, ուստի հրամայեցինք որ այդ վանքի քարերը բերվեն այստեղ, որպէս զի նոր եկեղեցու շինութեան մէջ զետեղվեն։

Այդ հրամանագրի մէջ Շահ-Աբբասը կամեցել է հաւասարապէս ուշադիր լինել թէ դէպի լուսաւորչական հայերը և թէ՛ դէպի կաթօլիկները։ Եւ այդ պատճառով կարգադրել էր խնդրել Հռօմի պապից, որ նա էլ քահանաներ ուղարկէ` նոյն այդ եկեղեցում աղօթելու համար։ Ի հարկէ, մահմեդական թագաւորը չը դիտէր, որ այդ երկու քրիստոնեայ եկեղեցիները երբէք չեն համաձայնվի միասին լինել, կողք կողքի աղօթել իրանց Աստուծուն։

Սակայն էջմիածինը քանդելու և Սպահան

  1. Խօսքը Մելքիսէթ կաթողիկոսի մասին է։