Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անյայտ ու վայրենի կողմերում անգամ։ Հանրածանոթ հանգամանք է, որ պապականութեան այս խիստ կրթված, ճարպիկ զօրքը իր նպատակին հասնելու համար միջոցների խտրութիւն չէր ճանաչում և դիմում էր թէ թոյնին, թէ կրօնի խօսքին, թէ կաշառքին, թէ բարեգործութեան։ Եւրօպայի արքունիքներն անգամ չէին կարողանում ազատվել այդ մարդկանց խնամակալութիւից, ո՞ւր մնաց հայոց անտէր ու խղճուկ ազգը, որ այնքան առատ հունձ էր խոստանում հոգիներ որսացողներին։ Եզուիտները առանձապէս սիրեցին հայերին. և նախ քան Հայաստանի մէջ գործ սկսելը նրանք Հռօմի համար մի չաղ որս պատրաստեցին Լեհաստանի հայերից, օգտվելով այդ կաթօլիկ պետութեան մէջ իրանց բռնած տիրապետող և կառավարող դիրքից:

Լեհաստանի հայերը եւրօպական ամենախոշոր հայ գաղթականութիւնն էին կազմում։ Նրանք վայելում էին ինքնավարական լայն արտօնութիւններ, հասել էին նշանաւոր բարեկեցութեան, բայց և այդպէս, չը կարողացան մի անկախ ու հաստատուն դիրք գրաւել իբրև առանձին ազգութիւն, այլ սկսեցին կամաց կամաց օտարանալ։ Պատճառը միայն այն չէ, որ նրանք փոքր էին թւով և ենթարկված էին աւելի առաջաւոր ազգերի կուլտուրական հզօր ազդեցութեան։ Բացի այս ընդհանուր օրէնքից գործում էր և մի այլ նշանաւոր պատճառ. Լեհաստանի հայերը բաւականանում էին մնալով լոկ իբրև կրօնական համայնք, որ եկեղեցուց դուրս պաշտամունք էր դարձրել