Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աւելի ևս ոյժ տալու համար՝ կաթողիկոսը կօնդակի հետ ուղարկեց Վլադիսլավին և մասունքներ։

Այդ աղերսանքն էլ անհետևանք մնաց։ Հայրերը Լեհաստանում բացառութիւն կազմել չէին կարող. եթէ եզուիտները նրանց վերաբերմամբ թուլութիւն ցոյց տային, ի՞նչպէս պիտի կարողանային հասնել իրանց նուիրական նպատակին։ Հայերից անհամեմատ ուժեղ դաւանութիւնները ոչինչ չէին կարողանում անել, որովհետև Լեհաստանում հաստատված կրօնական ֆանատիկոսութիւնը պատրաստ էր նոյն իսկ արիւնահեղութիւնների մէջ թաթախել պապի տիրապետութեան «քրիստոնէական և առաքելական» գործը։

Փիլիպպոս կաթողիկոսը այլ ևս ոչ մի միջոց չունէր լեհահայերին օգնելու։ 1654 թւին նա գրում էր որ եթէ իր մահով հնար լինէր Լեհաստանի հայութեան համար փրկութիւն ձեռք բերել, նա այդ էլ չէր խնայի։ Եւ իրաւ, դրանով էլ բան չէր դառնայ։ Ուրիշ ճար չը գտնելով, կաթողիկոսը աշխատեց հաշտեցնել հայերին Նիկօլ Թորոսօվիչի հետ։ Բայց այստեղ կաթողիկոսը զոհ էր իր միամտութեան և երկու ոտով ընկաւ այն թակարդի մէջ, որ սարքել էին եզուիտները։ Գլխաւորապէս լեհահայերին մի օգնութիւն անելու համար, կաթողիկոսը 1652-ին գնաց Կ.Պօլիս։ Լվօվցի հայերը մի պատգամաւորութիւն ուղարկեցին նրա մօտ, բայց Նիկօլն էլ, միշտ հլու գործիք իր մեծաւորների, այսինքն եզուիտների ձեռքում, նոյնպէս շտապեց Կ․ Պօլիս, ուր գործեց նոյն մեծաւորների տուած հրահանգներով: