Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիմնարկութիւններ, որոնք մի մի յիշեցնում են հայերին որ նրանք սկսած գործ ունեն, բայց միայն այդքանը և ոչ աւել։ Դրանցից մէկը Հռօմի Պրօպագանդան է, միւսը Պարիզի արքունական տպարանը։ Մենք տեսանք թէ ինչպէս էր Պրօպագանդան վերաբերվում հայերի կրթական պահանջներին. յոյս դնել նրա վրա չէր կարելի, ինչպէս նաև Պարիզի տպարանի վրա, որ Րիվօլայի բառարանը և «Առաւել պարզաբանութիւն» գրքի երկրորդ տպագրութիւնը հրատարակելուց յետոյ բոլորովին մոռացութեան տուեց իր հայերեն տառերը։

Նշանաւոր է որ մեր յիշած ժամանակամիջոցում Հայաստանից մարդ չէ գնում Եւրօպա՝ տպագրութեամբ զբաղվելու։ Մենք գիաենք թէ ինչու էր այդպէս, քանի որ արդէն ծանօթ ենք այն տանջանքների հետ, որոնք թափվեցին հայերի գլխին։ Պէտք է, սակայն, աւելացնենք, որ քաղաքական և ընտանի տագնապների մէջ անգամ գտնվում էին հայեր, որոնք չէին մոռանում տպարանը։ Շահ-Աբբասի աւերածութիւնների ժամանակ մենք տեսանք էջմիածնում Սրապիոն կաթողիկոսին։ Սա, լինելով գրասէր մարդ, շատ էր մտածում գրքեր տպագրելու մասին, բայց այն սոսկալի ժամանակներում, ի հարկէ, անկարելի էր մի այդպիսի ցանկութիւն իրագործելը. ուստի կաթողիկոսը իր աշակերտ Գրիգոր Կեսարացուն կտակեց իր բաղձանքը, պարտք դնելով նրա վրա որ աշխատէ տպարան հիմնել։ Սակայն Գրիգորն էլ չը կարողացաւ գլուխ բերել այդ գործը և իր