Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է մի այլ լատին կրօնաւոր, թէադինեան կարգից, Կղեմէս Գալանոս անունով։ Սա 1636—ին ուղարկված էր Վրաստան, ուր քարոզչական պաշտօնը ծածկում էր բժիշկի մասնագիտութեան տակ։ Վրացիների մէջ նա երկար չը մնաց, այլ, սովորելով հայերէն լեզուն, սկսեց հայերի մէջ «հունձ անել Հռոմի համար» մի եռանդով, որի նմանը չունէր Պիրօմալին և մի ճարպիկութեամբ, որ եզուիտներին կարող էր պատիւ բերել։ Իր հայենագիտութիւնը նա ծառայեցրեց միսիօնարական նպատակներին և յօրինեց կղերական վիճաբանութիւնների գրքեր։ Իսկ երբ, ինչպէս ասում է մի կաթօլիկ վարդապետ, «աւելի արդիւնաւոր հունձերի համար» նա ուղարկվեց Կ․ Պօլիս, այն ժամանակ դէն դրեց իր գրիչն էլ, գիտութիւնն էլ և հրապարակ նետվեց իբրև որսորդական եռանդով տոգորված մի կրօնաւոր, որի համար շատ նպասաաւոր հանգամանքներ էր պատրաստել թիւրքաց մայրաքաղաքի փչացած հայ հոգեորականութիւնը:

Էջմիածնի աթոռի պէս Կ․ Պօլսի պատրիարքական աթոռն էլ դարձել էր առուծախսի առարկայ, որի շուրջը պտտում էին փառքի ու հարստութեան համար հոգի տալու պատրաստ սևագլուխները։ Կ․ Պօլսի ամբողջ հայութիւնը ալեկոծվում էր․ նա բաժանված էր զանազան կուսակցութիւնների, որոնցից իւրաքանչիւրը մի վարդապեա կամ եպիսկոպոս ունէր` պատրիարքական աթոռի վրա նստեցնելու համար։ Սաստիկ մրցութիւն էր, կրքեր բորբոքող մի այնպիսի մրցութիւն