Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ վառում է ըմբշամարտի հաւաքված ամբոխը, երբ ամեն մէկը պատրաստ է իր կեանքն անգամ զոհել իր ընտրած ըմբիշի յաղթանակի համար։ Բայց այս պատրիարքական ըմբշամարտի մէջ յաղթութիւն որոշողը թեկնածուների անձնական ոյժը չէր, լինէր դա ֆիզիկական թէ մըտաւոր ոյժ։ Միմեանց տապալելու, միմեանցից վրէժ հանելու համար կուսակցութիւնները ոսկի էին թափում թիւրք փաշաների գրպանները, և ահա այս միջոցով մի պատրիարք, ցած էր քաշվում աթոռից, միւսը նստում էր նրա տեղը։ Եւ թիւրք կառավարութիւնը մատների արանքով էր նայում այդ իրարանցումներին. ռայեան ոչինչ պետական վտանգ չէր ներկայացնում, նա նոյն ստրուկն էր, նոյն խուզելու ոչխարը։ Ստրուկները, միմեանց գզգզում էին և դա ամեն կողմից ձեռնտու էր տէրերին։ Շաա շատերը վատնեցին իրանց ամբողջ հարստութիւնը փաշաների դռներում, աղքատութեան վերջին ծայրին հասան. աւելի շատ էին այնպիսիները որոնք բանտի և աքսորի մատնվեցին: Հարստահարելու, քերթելու առիթ և միջոց ինքը, ռայեան էր տալիս և ինչո՞ւ տիրողները պիտի հրաժարվէին այդ յարմարութիւններից։ Հայոց եկեղեցիները կողոպտված էին և պարտքերի տակ ընկած, որովհետև անյատակ էին կաշառակեր փաշաների գրպանները, իսկ կաշառք, տուողների եռանդը անսպառ։

Պէ՞տք է աւելացնել, որ այսքան զզուելի միջավայրում պատրիարքական աթոռի վրա նստողները չէին կարող ունենալ բարոյական արժանաւորութիւններ։