Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բնորոշում այդ կրօնաւորներին. «Մենք գառների պէս ներս ընկանք, իսկ կառավարեցինք որպէս գայլեր. մեզ շների պէս կարտաքսեն, իսկ մենք կը թռչենք իբրև արծիւներ»: Այսքան համարձակութիւն ու կորով ունեցող մարդկանց դէմ ի՞նչ պիտի անէին ողորմելի հայ վարդապետները, որոնց համար մի հասարակ գրագիտութիւնն էլ ահագին իմաստութիւն էր և որոնց մէջ չը կար անձնազոհութեան կաթիլ անգամ: Չը նայած այդ բոլորին, եզուիտականութիւնը առատ հունձեր չունեցաւ Հայաստանում: Հայ ժողովուրդը ընդունում էր արևմտեան հոգևորականներին իբրև գիտուն, հասկացող մարդկանց, ինչպէս վկայում է Տուրնըֆօր. բայց նա այնքան աւանդապահ էր, այնքան սերտ կերպով կապված էր իր հաւատալիքների հետ, այնքան ձուլել էր կրօնը իր ընտանեկան կեանքի, իր հնադարեան ամենամեծ սրբութեան-օջախի հետ, որ չէր ընդունում նրանց իբրև հոգի փրկողներ:

Թէև այսպէս, բայց չէ կարելի ասել, թէ կաթօլիկութիւնը ոչ մի աջողութիւն չունէր մեզանում, ինչպէս կարելի է եզրակացնել Շարդէնի և Տուրնըֆօրի խօսքերից: Ո՛չ. կրօնափոխութիւնը տարածվում էր, թէև դանդաղ, թէև փոքր չափերով: Գլխաւորը այն էր, որ յաղթանակ էր տանում կաթօլիկութեան գաղափարը, որովհետև նրա կողմն էր գիտութիւնը, որովհետև նա տարածվում էր ոչ միայն կենդանի խօսքի, այլ և տպարանի միջոցով: Եւ այդ յաղթանակը այնքան անմեղ ու անվտանգ բան չէր հայ հոգևորականութեան համար,