Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին բոլոր կրօնական հիմնարկութիւնները, սկսած պապերի աթոռից։

Եւ բարքերի այդ ապականութիւնը համաճարակի կերպարանք ունէր։ Նա միայն կաթօլիկ եկեղեցին չէր փչացնում։ Յոյն կղերն էլ ընկած էր. պատմութիւնը հաւաստիացնում է որ այդ կղերի անբարոյականութիւնը հասաւ այն աստիճանին, որ վանականներից կազմված աւազակային խմբեր առաջ եկան, որոնք կողոպտում էին ժողովուրդը ամենաանգութ կերպով։

Նոյն անկումը մտաւ և հայոց եկեղեցու մէջ։ Սիսի կաթողիկոսարանը ապականվեց այն աստիճան, որ կործանման ծայրին հասաւ։ Յիսուն տարվայ ընթացքում այնտեղ վեց կաթողիկոսներ նստեցին, բայց վեցին էլ թունաւորելով սպանեցին: Սրբավաճառութիւնը այլանդակ չափերի հասաւ. ձեռնադրվում էին միայն այնպիսիները, որոնք, կարող էին կաշառք տալ. իսկ որոնք չէին կարողանում իրանց խոստացած փողը վճարել ձեռնադրողին, իրանց ստացած եկեղեցական կարգը գրաւ էին դնում ձեռնադրողի մօտ[1]: Փողը, պատւի խոստումները ամեն ինչ կարող էին մտցնել Սիսի կաթողիկոսարանում ապրող անբարոյական, անառակ հոգևորականների շարքը։ Համբերութեան բաժակը լցվեց մանաւանդ Կոստանդին կաթողիկոսի ժամանակ։ 1439 թւին տեղի ունեցաւ Ֆլօրենտեան եկեղեցական ժողովը, որին մասնակցելու կանչված էր և հայոց կաթողիկոսը։

  1. Կ․ Կոստանեանց — «Թովմա Մեծոփեցու Յիշատակարանը», Թիֆլիս, 1892։