Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրարանցումների մէջ գլուխ էր բարձրացրել Օսմանեան պետութիւնը, որ կլանելով ասիական մանր-մունր անկախութիւնները, անցել էր Եւրօպա, ջնջել էր Բիւզանդիան, Բալկանեան թերակղզու սլաւօնական պետութիւնները և իր ահռելի ոյժով սարսափ էր ներշնչում արևմտեան ազգերին։ Դեռ օսմանեան նուաճումները չէին վերջացել Ասիայի կողմերում, երբ XVI դարի հետ միասին այդ վիթխարի բռնակալութեան կողքին լոյս ընկավ մի նոր մեծ պետութիւն։ Դա Պարսկաստանն էր, որ ոչնչացրեց տեղական իշխանութիւնները, վերականգնեց Սասանեանների գահը։ Այդ գործը կատարողները դարձեալ թիւրք ցեղերն էին, բայց նրանց հիմնած գահը պարսիկների համար էլ ազգային դարձաւ, քանի որ պետական կրօն հրատարակվեց պարսիկների ազգային կրօնը—շիա իսլամը։

Կարելի էր կարծել, թէ այդ երկու ցեղակից և նոյն իսկ կրօնակից մեծ պետութիւնները կը բաւականանային այն լայնարձակ տարածութիւններով, որոնք նրանց բաժին էին ընկել։ Բայց այդպէս չեղաւ։ Երկու հարևաններին անջատում էր կրօնական խորին ատելութիւնը, որ մոռացնել էր տալիս նոյն իսկ ցեղական կապերը։ Թիւրքիան, իբրև ուղղափառ իսլամի ներկայացուցիչ, իբրև սիւննի աշխարհի հրամանատար, չը կարողացաւ համբերել, որ իր կողքին մեծանայ ու զարգանայ շիա աղանդաւորների հիմնած պետութիւնը։ Եւ դեռ Պարսկաստանը չէր կարողացել մի փոքր շունչ առնել իր նոր գահի շուրջը, երբ սկսվեցին