պարսկա-թիւրքական պատերազմները։ Կրօնի վառած ատելութիւնը կատաղի է լինում և երկար չէ մոռացվում։ Պարսկա-թիւրքական պատերազմները շարունակվեցին երեք դար և նրանց վերջին գործողութիւնը կատարվեց XIX դարի առաջին քառորդում։
Հայաստանը բաժանված էր երկու հակառակորդների մէջ և այդ պատերազմների դաշտ հանդիսացաւ այդքան երկար ժամանակ։ Հին դժբախտութիւնը, ուրեմն, շարունակում էր ճնշել հայ ազգը։ Կռւողները պետութիւններն էին, իսլամ կրօնի երկու հատուածները, բայց ամենամեծ զրկանքներ կրողը հայ ժողովուրդն էր, թէև մեղք չունէր մէջ տեղ։ Նա, ինչպէս միշտ, սովոր էր մի աչքով նայել բոլոր մահմեդական բռնակալութիւններին, որոնք այս ու այն կողմից գալիս էին իրանց լուծը նրա վզին դնելու։ Տարբերութիւններ դնել այդ բռնակալութիւնների մէջ, համակրել մեկին և հակակրել միւսին չէր կարելի, քանի որ նրանք մի և նոյն կերպով էին կառավարում, մի և նոյն եռանդով էին նրան կեղեքում. և բացի դրանից, սեփական կամք և տրամադրութիւն ցոյց տալը այնքան վտանգաւոր էր, որ հայի գոյութեան համար ամենաիմաստուն նշանաբան պիտի լինէր ստրուկի դաւանութիւնը-«ով տէր, ես ծառայ»։ Բայց չը նայած դրան, հայ ժողովրդի արիւնն էր թափվում պատերազմական գործողութիւնների վայրերում, նրա ստացուածքն էր կողոպտվում, նրա տունն էր քարուքանդ լինում։ Պարսից զօրքը, չը կարողանալով բաց ճակատամարտի