Jump to content

Էջ:Հայկական տպագրութիւն.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միշտ չէր կարող այդպիսի հարկ վճարել իր հոգևոր տէրերի ապահովութեան համար. ի՞նչ դրութեան մէջ էր նա ինքը։ Եւ հոգևոր վարչութիւնը մի կերպ գոյութիւն պահպանելու համար տոկոսներով պարտք էր վերցնում, կատարում տիրողների պահանջը և ապա ինքը դառնում էր պարտատէրերի ստրուկ։ Դրութիւնն այնքան զարհուրելի էր, որ ոչ մի կաթողիկոս յանձն չէր առնում մենակ կառավարել եկեղեցին։ Սովորութիւն դարձաւ, որ կաթողիկոսը մէկին ձեռնադրում էր իր աթոռակից և ինքը փախչում էր Էջմիածնից, հէնց որ պարտատէրերի և իշխողների պահանջները խստութեան ծայրահեղ աստիճանին էին հասնում։

Եւ այսպիսի մի դասակարգն էր խելքի, լուսաւորութեան, գրականութեան միակ ներկայա-ցուցիչը։ Զարմանալի չէ, ուրեմն, որ XVI դարն էլ իր նախորդի նման էր, եթէ նրանից էլ աւել մռայլ ու մութ չէր: Նոյն իսկ մի հատ փոքր ի շատէ աչքի ընկնող ժամանակագիր հեղինակ էլ չը տուեց այդ դարը։ Ծանօթ են մի քանի հատ ու կտոր գրուածքներ, ինչպէս օրինակ, Յովհաննիսիկ վարդապետի փոքրիկ Յիշատակարանը, բայց դրանք այնքան մասնաւոր, երկրորդական երևոյթներ են, որ նոյն իսկ չեն մտել մեր գրականութեան պատմութեան մէջ։ XVI դարի միակ մատենագիր համարվում է Սիմէօն Ապարանցին, որ թողել է մի ոտանաւոր շատ խեղճ աշխատութիւն, այն էլ ոչ թէ ժամանակակից կեանքից, այլ վերցրած Ղազար Փարպեցու պատմութիւնից: