թյունները: 1994-ից Սան Պաուլոյում գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը (նախագահ՝ Վարուժան Բուրմայան): 1996-ին ստեղծվել է Բրազիլիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը: ՀՕՄ-ի հովանավորությամբ գործում է հայկական ծերանոցը:
Համայնքի կազմավորման և ազգային ավանդույթների պահպանման գործում նշանակալի դեր են խաղացել ՀՀԴ, ՍԴՀԿ, ՌԱԿ տեղական կազմակերպությունները:
Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Բ-ի տեղական կազմակերպություն, հիմնվել է 1920-ական թթ., ունի երկու հիմնական կառույց՝ «Դրո» կոմիտե (նախագահ՝ Ավետիս Չալըքյան) և 1940-ից գործող Հայկական ակումբ: Վերջինս տնօրինում է ընդարձակ տարածք՝ իր շինություններով (հանդիսասրահ, գրադարան, փակ մարզադահլիճ, ֆուտբոլի դաշտ, լողավազան և օժանդակ այլ հարմարություններ): Ունի 40 անդամից կազմված վարչական մարմին (նախագահ՝ փաստաբան Կարո Փիլավջյան):
ՀՀԴ տեղական կազմակերպությունը հանդես է գալիս Հայ դատի պաշտպանությամբ: Նրա նախաձեռնությամբ են ստեղծվել «Հայաստան» մշակութային ընկերությունը (հրատարակում է «Լրատու» պարբերականը), Հայկական երգչախումբը (հիմնադիր՝ կոմպոզիտոր և ռեժիսոր Վահագն Մինասյան, ղեկավարել է մինչև 1970-ը):
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Սան Պաուլոյի մասնաճյուղ, ստեղծվել է 1932-ին: Քաղաքի կենտրոնական մասերից մեկում ունի լավ կահավորված դահլիճ, հանդիսասրահ, մարմնամարզության համալիր: Միությանը կից գործում է Փառեն և Ռեգինա Պազարյան հայկական դպրոցը: ՀԲԸՄ մասնաճյուղի գործունեության ոլորտում են նաև «Էրեբունի» երգչախումբը, «Ծիածան» պարբերականը (հայերեն, պորտուգալերեն): Միությունը (վարչության նախագահ՝ Ռեգինա Պազարյան) համագործակցում է Հայաստանի հետ՝ տեղեկաավության փոխանակման և երիտասարդության փոխայցելությունների կազմակերպման ասպարեզում:
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Բ-ում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերվում հայագիտության նկատմամբ: Սան Պաուլոյի համալսարանում 1964-ից գործող Հայկական ուսումնասիրությունների ամբիոնի շնորհիվ ամեն տարի տասնյակ ուսանողներ (հիմնականում՝ այլազգի) ուսանում են հայոց լեզվի և գրականության դասընթացներում: Պրոֆեսոր Եսայի Գռուզյանը, որը հիմնել և ղեկավարել է (մինչև 1988-ը) նշված ամբիոնը, հայտնի է հայոց լեզվի և գրականության հարցերին նվիրված իր մի շարք աշխատություններով: Նրա ջանքերով պորտուգալերեն 6 հատորով լույս են ընծայվել Հայոց ցեղասպանության մասին նյութեր և ոաումնասիրություններ: Հայր Եզնիկ Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գիրքը (1962) տեղեկություններ է պարունակում համայնքի ճանաչված անձանց մասին: Հայկական թեմաներով պորտուգալերեն հրատարակություններից հիշատակելի են Ժան-Պիեռ Ալեմի «Հայաստան» (1961), «Հայկական հարցի մեմորանդում» (1967), Ա. Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» (1976), Ա. Խանիզեճյանի «Հայ առաքելական եկեղեցին» (1980), Ա. Սափսզյանի «Հայոց պատմություն» (1988), «Հայ գրականություն» (1994), «Թալեաթ փաշայի դատավարությունը» (1994) աշխատությունները: Հայ համայնքից անկախ՝ Բ-ում պորտուգալերեն հրատարակվել են նաև Անրի Վեռնոյի «Մայրիկ» և Մայքլ Առլենի «ճանապարհ դեպի Արարատ» գրքերը:
ՄՇԱԿՈՒՅԹ
Բրազիլահայերի մշակութային կյանքը սկսել է ձևավորվել 1930-ական թթ.: Ստեղծվել են «Արմենիա», «Գուսան» երգչախմբերը, ինչպես նաև պարախմբեր ու թատերախմբեր: Ներկայումս գործում են «Սայաթ-Նովա», «Էրեբունի» երգչախմբերը, կազմակերպվում են թատերական ներկայացումներ:
Առաջին հայկական ներկայացումները Լատինական Ամերիկայում կազմակերպվել են Սան Պաուլոյում: 1929-ին տեղի թատերասերները Օ. Տարագճյանի ղեկավարությամբ ներկայացրել են Մ. Սառաջյանի «Աշխարհի դատաստանը» դրաման և երկու փոքրիկ կատակերգություն, որոնց գլխավոր դերակատարներն էին Օ. Տարագճյանը, Ա. Տարագճյանը, Օ. Տեպելյանը: Նույն թատերախումբը բեմադրել է նաև Ուիլյամ Շեքսպիրի «Համլետը»: 1936-ին դերասան Հովհաննես Զարիֆյանը բեմադրել է Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» պիեսը:
Մշակութային գործիչներից հայտնի են կինոդերասաններ Արաքսի (Ալիս) Բալաբանյանը, Ստեփան Ներսիսյանը, դաշնակահար Պարոնիկ Դարբինյանը, օպերային երգչուհի Հիլդա Կայծակյանը, երաժիշտներ Սիրվարդ Ավետիսյան-Մոմջյանը, Ասատուր Գյուլհաջյանը և ուրիշներ: