տում է գործում Բադեն-Վյուրտեմբերգի հայ մշակութային ընկերությունը:
1987-ին Շտուտգարտի հայ համայնքի ճանաչված գործիչ Գրիգոր Մինասյանի նախաձեռնությամբ քաղաքի գերեզմանատունը կանգնեցվելէ հուշարձան՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
Գ. Մինասյանի նախաձեռնությամբ 1992-ին ստեղծվել է նաև Հայկական ցուցահանդեսների կազմակերպությունը, որի նպատակն է «ծանոթացնել հայ մշակույթը, ազգը և Հայաստանը գերմանացի բարեկամներին»:
Քյոլնի հայ համայնքը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեև այստեղ փոքրաթիվ հայություն կար դեռևս XIX դ. վերջից: 1965-ին պաշտոնապես գրանցվել է Քյոլնի հայ համայնքը: Ներկայումս (2003) Քյոլնը և նրա մերձակայքը Գ-ի հայաբնակ ամենամեծ տարածաշրջանն է, որտեղ բնակվում է շուրջ 10 հզ. հայ: Նրանց համախմբման գործում կարևոր դեր է կատարում Հայ առաքելական եկեղեցու Քյոլնի միությունը:
Հայ ազգային կյանքը Քյոլնում հատկապես աշխուժացել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գ-ի թեմի ստեղծումից (1991) հետո: Նշվում են Հայաստանի Հանրապետության պետական տոները, Մեծ եղեռնի տարելիցները, կազմակերպվում գրական երեկոներ, համերգներ, այլ միջոցառումներ: Գործում են մեկօրյա դպրոց, «Էրեբունի» պարախումբը, հայ կանանց «Սիլվա Կապուտիկյան» միությունը, Կոմիտասի անվան երկսեռ քառաձայն երգչախումբը, «Ախթամար» ֆուտբոլի խումբը: Քյոլնի Հայ մշակութային միությունը հիմնականում զբաղվում է երեխաների երաժշտական դաստիարակությամբ: 1998-ից Քյոլնում գործում է նաև Հայ գործարարների միությունը, որի հիմնական նպատակն է օժանդակել Գ-ում հայ մշակույթի զարգացմանը:
Ֆրանկֆուրտի (Մայնի Ֆրանկֆուրտ) հայ համայնքը կազմվել է Երկրորդ աշխարհամարտից հետո՝ հիմնականում Թուրքիայից, ապա նաև Իրանից ներգաղթած հայերից: Ֆրանկֆուրտում են գտնվում Հեսսենի հայ մշակութային միության վարչությունը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գ-ի մասնաճյուղը: Հայ համայնքն ունի իր սրահը, որտեղ կազմակերպվում են հավաքներ, գրական երեկոներ ևն:
Փոքրաթիվ հայ համայնքներ կան նաև Ախենում (1972-ից գործում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը), Համբուրգում (1965-ից գործում է Հայ մշակութային միությունը), Հանովերում (1998-ին ստեղծվել է Հայ ուսանողական միությունը), Դորտմունդում (1995-ից գործում է Հայ ազգային-մշակութային կենտրոնը) և այլ քաղաքներում:
ԵԿԵՂԵՑԻ
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գ-ի թեմը կազմավորվել է 1991-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Ընդգրկում է Բեռլինի, Քյոլնի, Մյունխենի, Մայնցի, Շտուտգարտի, Ֆրանկֆուրտի և այլ քաղաքների հայ համայնքները: Հարավային Գ-ի և Հյուսիսային Գ-ի հայ համայնքներն ունեն իրենց հոգևոր հովիվները: Առաջնորդանիսաը Քյոլնի Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցին է:
Թեմի կազմավորումից առաջ գերմանահայ համայնքի հոգևոր կյանքը գլխավորել է հոգևոր հովվությունը, որը մինչև 1980-ը գտնվել է Փարիզի, 1980-ից՝ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության (կենտրոնը՝ Վիեննա) ենթակայության տակ: Թեմը սերտորեն համագործակցում է Գ-ում գործող ավետարանական և կաթոլիկ եկեղեցիների հետ և ներկայացնում Հայ եկեղեցին Գ-ի միջեկեղեցական կենտրոնական խորհրդում:
Մինչև 1984-ը գերմանահայ համայնքը եկեղեցի չի ունեցել, արարողությունները կատարվել են տեղի ավետարանական եկեղեցիներում: Եկեղեցական շենքեր են վարձակալել միայն Գյոփինգենի և Քյոլնի հայ համայնքները: 1984-ից Գյոփինգենում գործում է Ս. Խաչ եկեղեցին (Գ-ի տարածքում առաջին եկեղեցին է, որ հայերը ձեռք են բերել կաթոլիկ գերմանացիներից և, ներքնապես վերափոխելով, օծել որպես հայկական եկեղեցի): Համայնքը Զալախ գյուղաքաղաքում ունի նաև Հայ տուն, որտեղ կազմակերպվում են մշակութային միջոցառումներ: Երկրի ավելի քան 10 քաղաքների (Բեռլին, Համբուրգ, Բրեմեն, Հանաու, Բրաունշվայգ, Մյունխեն ևն) հայ համայնքներում կանոնավոր մատուցվում են պատարագներ, իսկ որոշ համայնքներում եկեղեցական արարողությունները կատարում են այցելու հովիվները: