Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1998-ին Քյոլնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի ձեռամբ կատարվել է առաջնորդանիստ Ս. Սահակ-Մեսրոպ եկեղեցու օծումը (նախկինում եղել է կաթոլիկ եկեղեցի, այնուհետե նորոգվել է հայկական ոճով): Թեմի կագմավորմամբ հայ ազգային կյանքը նկատելիորեն աշխուժացել է: Աշխատանք է կատարվում Գ-ի հայ համայնքների միջև կապն ամրապնդելու, գերմանահայ երիտասարդ սերունդն ազգային ոգով դաստիարակելու ուղղությամբ: 1999-ին թեմի նախաձեռնությամբ հիմնվել է Արմաշի ընծայարանը՝ հայ հոգևորականներին բարձրագույն կրթություն տալու նպատակով: Արմաշի ընծայարանը Այխշտեթ քաղաքի կաթոլիկ համալսարանի Արևելյան ընծայարանի մասնաճյուղն է, որտեղ ամեն տարի կրթություն կստանա 5 հայ ուսանող:

1998-ից գործող Հայ առաքելական եկեղեցու Բեռլինի համայնքը (հոգևոր հովիվ՝ Սերովբե վրդ. Իսախանյան) հոգում է նաև Գ-ի հյուսիսային շրջանների՝ Համբուրգի, Բրեմենի և Բրաունշվայգի հայ համայնքների հոգևոր կարիքները: Բհռլինի հոգևոր հովվի հովանու տակ են գտնվում նաև Շվերին, Հալլե և Լայպցիգ քաղաքների հայերը (շուրջ 7 հզ.), որոնք հիմնականում 1990-ական թթ. Հայաստանից արտագաղթածներ են: 1999-ից եկեղեցական համայնքի է վերածվել նաև Մայնցի համայնքը:

Էսլինգենում գործում է «Մարալ» հայ մշակութային և մարզական միությունը (շուրջ 200 հայ անդամներով): Շտուտգարտ, Էսլինգեն և Գյոփինգեն շրջագծում Բադեն-Վյուրտեմբերգ նահանգի երեք քաղաքներն են, որտեղ ապրում է շուրջ 2 հզ. հայ: Նրանց հոգևոր կարիքները հոգում է Բադեն Վյուրտեմբերգի եկեղեցական համայնքի վարչությունը: Քեհլ քաղաքի եկեղեցական համայնքն ընդգրկում է շուրջ 500 հայերի:

Հեսեն նահանգում, որի մեջ մտնում են Ֆրանկֆուրտ, Հանաու և Գիսեն քաղաքները, գործում է Հեսենի հայ եկեղեցական համայնքը, կենտրոնն է Հանաուն, որտեղ կա Հայ տուն:

1999-ին Հալլե քաղաքում կազմավորված հայ եկեղեցական համայնքը միավորում է հիմնականում Հայաստանից այստեղ եկած հայերին: Հալլեն հայտնի է իր աստվածաբանական ֆակուլտետով, որտեղ պրոֆեսոր Հերման Գոլցի ղեկավարությամբ ուսումնասիրվում է Լեփսիուսի արխիվը՝ հայ գիտնականների մասնակցությամբ:

Գ-ի թեմի առաջնորդն է Գարեգին եպս. Պեգճյանը (1991-ից):

ԴՊՐՈՑ

Գ-ում ամենօրյա հայկական դպրոցներ չկան: Մեկօրյա դպրոցներ են գործում Բեռլինում, Մայնի Ֆրանկֆուրտում, Շտուտգարտում, Քյոլնում: Հայ համայնքները ձգտում են ապահովել մայրենի լեզվի և կրոնի դասավանդումը գերմանական դպրոցներում սովորող հայ աշակերտների համար:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Գ-ում բնակվող հայերի ազգային կյանքը կազմակերպելու համար երկրի համալսարանների հայ ուսանողները ստեղծել են հայրենակցական միություններ: XX դ. սկզբին իրենց կազմակերպություններն են ունեցել ՀՀԴ-ն, ապա՝ ՌԱԿ-ը (փոքրաթիվ խմբեր գործել են Բեռլինում, Մյունխենում, Քյոլնում): Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ստեղծվել է Գերմանա-հայկական ընկերությունը: Երբ Թուրքիան դարձել է Գ-ի դաշնակիցը, հայերի թիվը Գ-ում խիստ կրճատվել է, իսկ հայ կուսակցությունների գործունեությունը կասեցվել:

Երբ 1941-ին հիտլերյան Գ. պատերազմ սկսեց Խորհրդային Միության դեմ, Բեռլին են տեղափոխվել ՀՀԴ որոշ գործիչներ, որոնք, ի տարբերություն կուսակցության ղեկավարության հիմնական մասի, պատրաստ էին համագործակցել Գ-ի հետ՝ նպատակ ունենալով գերմանացիների հաղթանակի դեպքում նպաստել հայ ժողովրդի ազատագրմանը խորհրդային բռնապետությունից: Այդ նպատակով ձևավորվել է Հայ ազգային խորհուրդը, որը դադարեցրել է իր գործունեությունը Երկրորդ աշխարհամարտն ավարտվելուն պես:

Պատերազմից հետո ՀՀԴ փոքրաթիվ խմբեր և համակիրներ որոշ ժամանակ գործել են Արևմտյան Բեռլինում, Մյունխենում, Քյոլնում: Տարիների ընթացքում, երբ քաղաքական գործունեության ասպարեզից հեռացել են գերմանահայ ավագ սերնդի ներկայացուցիչները, հայ համայնքների ղեկավարությունն անցել է նոր սերնդի ձեռքը, որի մեծամասնությունը չի պատկանում որևէ քաղաքական կուսակցության: Ստեղծվել և գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կարևոր դեր են խաղում գերմանահայության ազգային կյանքում:

Գերմանա-հայկական ընկերություն, ստեղծվել է 1914-ի հունիսին,