Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բեռլինում՝ գերմանացի հասարակական գործիչ, աստվածաբան դոկտոր Յոհաննես Լեփսիուսի նախաձեռնությամբ, որը և դարձել է ընկերության առաջին նախագահը: Ընկերության ստեղծումն արդյունք էր հայերի և Հայկական հարցի նկատմամբ գերմանական առաջադեմ մտավորականության ցուցաբերած վերաբերմունքի՝ հատկապես օսմանյան Թուրքիայում հայերի 1894-96-ի ջարդերից հետո: Նպատակն էր գերմանական հասարակայնությանը ծանոթացնել հայ ժողովրդի պատմությանը և մշակույթին, ցույց տալ հայոց ավանդը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ, նպաստել երկու ժողովուրդների միջև կապերի զարգացմանը: Ընկերության անդամ են դարձել գերմանացի անվանի արևելագետ դոկտոր Յոզեֆ Մարկվարտը, հրապարակախոս դոկտոր Պաուլ Ռորբախը, Գ-ում այդ ժամանակ գտնվող մի շարք հայեր, այդ թվում՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը և ուրիշներ: Երբ Թուրքիայի կառավարող շրջանները իրականացնում էին Հայոց ցեղասպանության իրենց ծրագիրը, ընկերության ղեկավարությունը մի քանի անգամ դիմել է Գ-ի կառավարությանը և ռայխստագին՝ պահանջելով միջոցներ ձեռք առնել հայերի կոտորածը դադարեցնելու համար, սակայն որեէ արդյունքի չի հասել: Ընկերությունը հավաքել և հրատարակել է փաստաթղթեր Թուրքիայում հայերի վիճակի, Հայոց ցեղասպանության և այդ հարցերի հանդեպ Գ-ի դիրքորոշման մասին:

1914-ի ամռանը լույս է տեսել ընկերության «Մեսրոպ» հանդեսը՝ գերմաներեն և հայերեն: Առաջին աշխարհամարտից հետո ընկերությունը շարունակել է իր գործունեությունը: Ֆաշիստական տիրապետության պայմաններում պաշտպանության տակ է առել Գ-ում բնակվող հայերին՝ առաջ քաշելով հայերի արիական ծագման տեսությունը:

1956-ին, ընկերության երկարամյա նախագահ դոկտոր Պ. Ռորբախի մահից հետո, Գերմանա-հայկական ընկերությունը դադարեցրել է գործունեությունը: Կրկին սկսել է գործել 1972-ին: Ներկայումս (2003) ունի 230 անդամ Գ-ից և այլ երկրներից: Վերջին տարիներին կազմակերպել է բազմաթիվ գիտաժողովներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության, Գ-ի և Հայաստանի փոխհարաբերությունների, Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության և համագործակցության խնդիրներին: Ընկերության նախագահն է Ժասմինե Դում Թրագութը:

Հայ ազգային խորհուրդ, կազմավորվել է 1942-ին, Բեռլինում՝ ՀՀԴ կուսակցության այն գործիչների նախաձեռնությամբ, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմում Գ-ի հաղթանակի հետ էին կապում հայ ժողովրդին խորհրդային բռնապետությունից ազատագրելու հեռանկարը: Խորհրդի ղեկավար կազմի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության (1918-20) խորհրդարանի անդամ, բանասեր և թարգմանիչ Արտաշես Աբեղյանը, քաղաքական ու ռազմական հայտնի գործիչներ Դրաստամատ Կանայանը (Դրո), Գարեգին Նժդեհը, խորհրդային բանակի նախկին սպա Վարդան Սարգսյանը և ուրիշներ: Խորհուրդը ջանքեր է գործադրել Գ-ի ճամբարներում կալանավորված հայ ռազմագերիների վիճակը բարելավելու համար, նպաստել գերմանական բանակի կազմում այդ ռազմագերիներից հայկական լեգեոն ստեղծելու գործին: Երկրորդ աշխարհամարտում Գ-ի պարտությունից հետո խորհրդին հաջողվել է հայ նախկին ռազմագերիների մի մասին տեղափոխել երկրի արևմտյան մարզերը, որոնք գրավել էին ամերիկացիները, հատկապես՝ Շտուտգարտի մոտ գտնվող ճամբարը, կապ հաստատել ամերիկյան իշխանությունների հետ և նրանց օժանդակությամբ հայ նախկին ռազմագերիներին (շուրջ 4 հզ. մարդ) տեղափոխել ԱՄՆ:

Հայ ազգային խորհուրդը Բեռլինում հրաաարակել է «Հայաստան» (1942-44) շաբաթաթերթը և «Ազատ Հայաստան» (1943) ամսաթերթը:

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ (ԳԿԽ), հիմնադրվել է 1969-ի հունվարին, Ախեն քաղաքում, սկզբնական շրջանում հանդես է եկել որպես գերմանախոս երկրների հայկական գաղութների կենտրոնական կազմակերպություն: Նրա առաջին նախագահ է ընտրվել Ալֆրեդ Մուրադյանը Բեռլինից, որին շուտով փոխարինել է կազմակերպության գաղափարախոս և համահիմնադիր, վերապատվելի Ջեյմս Կառնուզյանը (Շվեյցարիա): Կազմակերպությունը պաշտոնական գրանցում է ստացել 1970-ի դեկտեմբերին: Որպես կենտրոնական մարմին նպատակ ունի պաշտպանել հայերի շահերը Գ-ում, նպաստել Հայաստանի Հանրապետության և Գ-ի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Գլխավոր խնդիրներն են՝ համադրել Գ-ի հայկական կառույցների գործունեությունը, օժանդակել նրանց մշակութային և բարեգործական ձեռնարկներին, առանձնահատուկ ուշադրություն դարձնել հայ երիտասարդ սերնդի ազգային ինքնության պահպանմանն ու հայեցի դաստիարակությանը:

ԳԿԽ-ն 1987-ից սկսած, տարին երկու անգամ, կազմակերպում է երիտասարդական եռօրյա հավաքներ, որոնց արդեն մասնակցել են բազմաթիվ երկրների հայ երիտասարդներ: Ապահովում է Մայնի Ֆրանկֆուրտում ամեն տարի կազմակերպվող գրքի միջազգային ցուցահանդեսին հայկական կողմի մասնակցությունը, հայանպաստ քաղաքական նամակներ է հղում տարբեր երկրների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների, բազմա-