կողմանի աջակցություն ցույց տալիս հայ և գերմանացի պետական, հասարակական և մշակութային գործիչների միջև համագործակցության մթնոլորտի ստեղծմանը:
Աշխատում է հանուն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Հայ դատի հետապնդման: Կազմակերպում է մարդասիրական օգնություն 1988-ի երկրաշարժից տուժած հայրենակիցներին, սատարում Արցախյան ազատագրական շարժմանն ու հայոց անկախ պետականության վերահաստատմանը:
Այժմ ԳԿԽ-ն միավորում է 14 հայկական միություններ և կազմակերպություններ:
Գերմանահայ բժիշկների միություն, կազմավորվել է 1989-ի նոյեմբերին, Ֆրանկֆուրտում: Ներկայումս ունի շուրջ 60 անդամ: Միավորում է Գ-ում աշխատող հայազգի բժիշկներին, բուժքույրերին, բուժաշխատողներին, դեղագործներին: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան է ուղարկել զգալի քանակությամբ դեղորայք, բժշկական տարբեր սարքավորումներ: Բժիշկներ Ռաֆայել Պապանյանը (միության նախագահ), Խաչիկ Թաթարյանը, Գևորգ Քալատաշը, Արթին Տոնոն, Շավարշ Հովասափյանը և ուրիշներ բազմիցս եղել են Հայաստանում, մասնակցել աղետի գոտու բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու գործին, հատուկ հովանավորություն սահմանել Արարատի մարզկենտրոնի հիվանդանոցի նկատմամբ: Միությունը Գ-ի տարբեր քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնց հասույթը տրամադրվում է միության հիմնական ծրագրերի կատարմանը:
Վտանգված ազգերի համար ընկերակցության հայկական համագործակցության խմբակ, ստեղծվել է 1979-ին, Բեռլինում: Վտանգված ազգերի համար ընկերակցությունը իրավապաշտպան հայտնի կազմակերպություն է, որը զբաղվում է փոքր ազգերի ռասայական, կրոնական, քաղաքական խնդիրներով, նրանց շահերի պաշտպանությամբ: Խմբակը հիմնականում հանդես է գալիս Հայ դատի պաշտպանությամբ, ձգտում Գ-ի հասարակայնությանը պարզաբանել հարցի էությունը, մերկացնել թուրքական իշխանությունների և քարոզչության կեղծարարությունը Հայկական հարցում: Խմբակի ներկայացուցիչները մասնակցել են 1984-ին Փարիզում կայացած ժողովուրդների մշտական ատյանի նստաշրջանին (ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում), 1985-ին Վիեննայում գումարված «Ճնշված ժողովուրդները Թուրքական Հանրապետությունում» փորձագետների գիտաժողովին, 1990-ին Երևանում կայացած Մեծ եղեռնի 75-ամյակին նվիրված գիտաժողովին:
Վտանգված ազգերի համար ընկերակցության հրատարակած պաշտոնական հանդեսի էջերում տպագրվել են Հայ դատին, իսկ վերջին տարիների ընթացքում՝ նաև արցախյան խնդրին վերաբերող բազմաթիվ նյութեր:
Մեսրոպ հայկական ոաումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 1998-ին՝ պրոֆեսոր Հերման Գոլցի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Գ-ի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի նախարարությունների միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Նպատակն է հայկական մշակույթի ուսումնասիրությունը, ինչպես և նրա ծանոթացումը գերմանախոս լայն հասարակայնությանը, հայ և գերմանացի հայագետների համագործակցության սատարումը: Դրանք իրականացնելու համար կենտրոնը մշակել էր ծրագրեր. ա. Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ Գ-ում կազմակերպել «Հայաստան-2000» միջազգային համաժողով, բ. գերմաներեն թարգմանել հայ եկեղեցու շարակնոցը, գ. հրատարակել Յո. Լեփսիուսի արխիվը, դ. գերմաներենով հրատարակել մատչելի «Հիմնական դասընթացք հայ մշակույթի» խորագրով գրպանի պրակներ: Կենտրոնը գտնվում է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութեր համալսարանի շենքերից մեկում:
Գերմանիայի հայ ակադեմիականների միություն 1860 (ՀԱՄ), ուսումնական, գիտամշակութային կազմակերպություն: Հիմնադրվել է 2001-ի հունվարի 7-ին, Բոխում քաղաքում՝ որպես 1860-ին Գ-ում (Լայպցիգ) ստեղծված համանուն միության իրավահաջորդ: Նպատակն է՝ «վերակենդանացնել գերմանահայ ուսանողության պատմական հարուստ ավանդույթները և փորձել հնարավորին չափ կազմակերպել հայ ուսանողության և երիտասարդ մտավորականների ստեղծագործական և հասարակական կյանքը Գերմանիայում»: ՀԱՄ-ի առանցքն են կազմում Գ-ի, ինչպես նաև սփյուռքահայ տարբեր համայնքներից և Հայաստանից ժամանած աշակերտներ, ուսանողներ և երիտասարդ մտավորականներ: Միությունը կազմակերպում է ուսումնամշակութային միջոցառումներ, ձգտում միավորել գաղութահայ կյանքից կտրված նախկին հայաստանաբնակներին, նպաստել Գ-ի և Հայաստանի գիտական և կրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը: ՀԱՄ-ի ջանքերով Բոխումում գործում է հայկական մեկօրյա դպրոց, որտեղ դասավանդվում են հայերեն, հայոց պատմություն, հայ գրականություն, Հայաստանի աշխարհագրություն: ՀԱՄ-ը սկսել է հրատարակել միության գործունեությունը լուսաբանող տարեգիրք, ինչպես նաև միության շնորհալի անդամների ստեղծագործությունները ներկայացնող պարբերական մատենաշար:
Միության նախագահն է Ազատ Օրդուխանյանը: