Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գ. հայագիտության հարուստ ավանդույթներ ունեցող երկիր է: XVIII դ. սկսած՝ հայերենը, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը գրավել են գերմանացի գիտնականների ուշադրությունը: Եվրոպական երկրների շարքում Գ. առաջիններից մեկն է նպաստել հայագիտության ձևավորմանն ու զարգացմանը: Միջնադարյան բժշկապետ Մխիթար Հերացուն բարձր է գնահատել նրա «Ջերմանց մխիթարություն» երկը գերմաներեն թարգմանած բժիշկ Էռնեստ Զայդելը, իսկ «Հայկական լեռնաշխարհ» հասկացությունը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի նշանավոր երկրաբան Հերման Աբիխը:

Հայոց լեզվի պատմության, քերականության, հնդեվրոպական լեզուների համակարգում հայերենի տեղի որոշման հարցերին են նվիրված գերմանացի լեզվաբաններ Յոհան Շրյոդերի, Հայնրիխ Պետերմանի, Հայնրիխ Հյուբշմանի, Ցոզեֆ Կարստի և ուրիշների աշխատությունները: Հայ ժողովրդի պատմության հնագույն (Ուրարտուից սկսած) և միջնադարյան շրջանները հանգամանորեն լուսաբանված են պատմաբաններ Յոզեֆ Մարկվարտի, Կարլ Լեհման-Հաուպտի և ուրիշների ուսումնասիրություններում: Հայկական հարցի և հայոց ցեղասպանության հիմնախնդիրները հետազոտել են Յոհան Լեփսիուսը, Հայնրիխ Ֆիրբյուխերը և գերմանացի մի շարք այլ պատմաբաններ:

Գ-ում հայագիտության զարգացման գործում զգալի ավանդ ունի բանասեր, պատմաբան Արտաշես Աբեղյանը (1878-1955), որը 1920-ական թթ. եղել է Բեռլինի և Մյունխենի համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոս: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ գերմաներենից հայերեն, հայերենից գերմաներեն, գրել ուսումնասիրություններ՝ նվիրված հայ գրականության պատմությանը:

Ժամանակակից Գ-ում գործում են մի քանի գիտական հաստատություններ, որտեղ գերմանացի և հայ հետազոտողները, շարունակելով գերմանական հայագիտության ավանդույթները, ուսումնասիրում են հայոց պատմությունը, հատկապես՝ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության հիմնախնդիրները:

Բեռլինի Ազատ համալսարանի հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժին, 1920-ին հիմնել է արևելագետ և հայագետ Յոզեֆ Մարկվարտը: 2000-ից բաժինը վարում է դոկտոր Ժիրայր Քոչարյանը: Դասավանդվում է գրաբար, հայերենի համեմատական քերականություն են:

Հայկական հարցերի հաստատություն, հիմնվել է 1977-ին, Մյունխենում՝ ՀՀԴ կուսակցության հովանավորությամբ: Գիտական ընկերակցության սկզբունքով միավորում է հայ և օտար մասնագետներին, որոնք հետազոտում են Հայ դատի, Հայոց ցեղասպանության, Հայաստանի նորագույն շրջանի պատմության հարցերը: Հրատարակելէ «Հայոց ցեղասպանություն» փաստաթղթերի ժողովածուի 1-ին (1987), 2-րդ (1988) և 3-րդ (1991) հատորները: Վերջին հատորում զետեղված են նաև Սումգայիթի (1988) ու Բաքվի (1990) ջարդերին վերաբերող նյութեր: Հաստատության նախաձեռնությամբ ստեղծվել է Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե, որի խնդիրն է միջազգային հասարակայնությանը ներկայացնել Հայ դատը: Վերջին տարիների հրապարակումների մի մասը նվիրված է Արցախին, հայ սփյուռքի հարցերին:

Հայկական ճարտարապետության հետազոտության կազմակերպություն, գրանցվել է Գ-ում, 1982-ին: Խնդիր է դնում ուսումնասիրել ու չափագրել պատմական Հայաստանի տարածքում (Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Հյուսիսային Պարսկաստան) պահպանված հայ ճարտարապետության հուշարձանները՝ եկեղեցի, ամրոց, կամուրջ, խաչքար ևն: Իր հնարավորությունների սահմաններում մտադիր է մասնակցել այն ճարտարապետական կոթողների վերականգնմանը, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

Կազմակերպության ղեկավարությունը (գիտական խորհուրդ, վարչություն) գտնվում է Ախեն քաղաքում: Վարչության նախագահն է դոկտոր Արմեն Հախնազարյանը:

Կազմակերպությունը մասնաճյուղ ունի նաև Երևանում:

Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոն, գիտահետազոտական հաստատություն, հիմնվել է 1985-ին, Արևմտյան Բեռլինում: Նպատակն է Հայաստանի պատմության և մշակույթի մասին գիտելիքների տարածումը: Գործունեության հիմնական ուղղությունն է Հայոց ցեղասպանության պատմության ոաումնասիրությունը, փաստաթղթերի հայտնաբերումը և հրապարակումը: Ստեղծել է հարուստ արխիվ, որը պարունակում է չհրապարակված վավերագրական նյութեր, լուսանկարներ, գերմանալեզու պարբերական մամուլի հավաքածու: Համագործակցում է հետազոտողների, հրապարակախոսների և լրագրողների հետ, որոնք ձգտում են վերականգնել պատմական ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: Կենտրոնը ստեղծել են Բեռլինի Ազատ համալսարանի դասախոսներ, նույն համալ-