Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հայկական առաջին թերթը՝ «Արշալույս Արարատյանը», լույս է տեսել 1840-ին: Մինչե 1922-ը հրատարակվել է 36 անուն թերթ ու ամսագիր: Իզմիրը հայ մշակութային և հասարակական-քաղաքական կյանքի կարևոր կենտրոն էր: Նրա հետ է կապված շատ հայ գործիչների՝ Ս. Ոսկանյանի, Ա. Փափազյանի, Մ. Մամուրյանի, Գ. Չիլինկիրյանի, Գ. Կոստանդյանի, Տ. Չուխաճյանի, Վ. Փափազյանի, Ա. Արմենյանի և այլոց գործունեությունը:

Կեսարիան (անտիկ՝ Կեսարեա, թուրքերեն՝ Կայսերի) Փոքր Ասիայի Կապադովկիա (հայերեն՝ Գամիրք) երկրամասի հնագույն բնակավայրերից է: Ըստ Մովսես Խորենացու՝ կառուցել է Հայոց թագավոր Արամի կուսակալ Մշակը՝ իր անունով (հետագայում անունն աղավաղվել է՝ դարձել Մաժաք):

Կեսարիան հնագույն ժամանակներից քաղաքական, տնտեսական և մշակութային սերտ կապեր է ունեցել Հայաստանի հետ: IV դ. Հայոց առաջին կաթողիկոսները ձեռնադրվել են Կեսարիայում: Այստեղ վաղնջական շրջանից ապրել է հոծ հայություն, որի թիվն ստվարացել է միջին դարերում, երբ XI դ. սկզբից Կեսարիան հանձնվել է հայ իշխաններին, իսկ 1045-ին՝ Գագիկ Բագրատունուն: 1915-ին Կեսարիայում բնակվել է ավելի քան 20 հզ. հայ: Զբաղվել են արհեստներով (մասնավորապես հռչակված էին ապխտագործները) և առևտրով, հիմնել գործարաններ: Քաղաքում գործել են Ս. Աստվածածին, Ս. Լուսավորիչ, Ս. Սարգիս և կաթոլիկ Ս. Խաչ եկեղեցիները, Հայկական, Հակոբյան, Կյումուշյան, Արամյան, Ժառանգավորաց վարժարանները, որբանոց, նախակրթարաններ, մանկապարտեզներ ևն: 1908-ին Կեսարիայում լույս է տեսել «Տիգրիս» շաբաթաթերթը, 1912-ին՝ «Նոր սերունդ», 1910-13-ին՝ «Հայեկ» և այլ թերթեր: XIX դ. վերջին և XX դ. սկզբին գործել են հայկական թատերախմբեր: Կեսարիայի շրջակայքում էին գտնվում հայկական հռչակավոր Թոմարզայի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Նյուսացի, Ս. Կարապետ, Ս. Դանիել, Ս. Սարգիս վանքերը: Կեսարիան համանուն անկախ սանջակի կենտրոնն էր:

1915-ին թուրքական իշխանությունները Կեսարիայի և սանջակի բազմահազար հայերին բռնությամբ տեղահանել են, մեծ մասին կոտորել: Փրկվածները տարագրվել են օտար երկրներ: 1938-ին Կեսարիայում բնակվել է եղեռնից վերապրած ավելի քան 2,2 հզ. հայ: Ներկայումս (2003) Կեսարիայում կա փոքրաթիվ հայ համայնք, գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Կոստանդնուպոլսի (Կ. Պոլիս, 1923-ից՝ Ստամբուլ) հայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում Բյուզանդական կայսրության կազմավորման շրջանից (IV դ.): Կ. Պոլսում բնակություն հաստատած առաջին հայերը եղել են զինվորականներ, վաճառականներ, ճարտարապետներ, ուսումնառության եկած երիտասարդներ: 572-ին Կ. Պոլսում ստեղծվել է հայոց առանձին կրոնական համայնք: IX-XI դդ., երբ Բյուզանդիայի գահին տիրել են հայազգի կայսրերը [Մակեդոնական (Հայկական) դինաստիա], հայերի թիվը ստվարացել է: 1453-ին թուրքերից պաշարված Կ. Պոլսում հույների կողքին մարտնչել են նաև բազմաթիվ հայեր:

1461-ին Կ. Պոլսում հայոց պատրիարքության հաստատումից հետո ազգային կյանքն ավելի կազմակերպված է դարձել: Երկրի ներքին գավառներից Կ. Պոլիս են տեղափոխվել բազմաթիվ հայ վարպետներ իրենց ընտանիքներով, որոնք զգալի ներդրում են ունեցել ավերված քաղաքի վերականգնման գործում: 1478-ին Կ. Պոլսում եղել է 1000 տուն հայ: Հետագա դարերին հայերի թիվը բազմապատկվել է Սեբաստիայից, Կեսարիայից, Ակնից, Կիլիկիայից, Արևելյան Հայաստանից և Պարսկաստանից եկածների հաշվին: XIX դ. սկզբին Կ. Պոլսում բնակվել է 150 հզ., 1880-ական թթ.՝ 250 հզ. հայ: 1880-ական թթ., Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք, արգելվել է հայերի մուտքը Կ. Պոլիս, իսկ 1895-1896-ին կազմակերպվել են հայերի զանգվածային կոտորածներ (զոհվել է շուրջ 16 հզ. հայ): Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին (1914) Կ. Պոլսում բնակվել է ավելի քան 160 հզ. հայ: Նրանց մի մասը, այդ թվում՝ արևմտահայ մտավորականության հիմնական մասը՝ շուրջ 800 մարդ, դարձել է Մեծ եղեռնի զոհ:

Համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային (XIX դ. վերջին - XX դ. սկզբին գործել են 350 մշակութային ընկերություններ), բարեգործական միություններն ու ընկերությունները՝ Համազգյաց, Ուսումնական, Բարեգործական, Ասիական, Արարատյան, Կիլիկյան, Դպրոցասիրաց-Արևելյան (1880-ից՝ Միացյալ ընկերություն հայոց), Ազգանվեր հայուհյաց, Դպրոցասեր տիկնանց ընկերություններ, Իզմիրյան մրցանակի հանձնախումբ, Սանասարյան խնամակալություն, թատերասերների, երաժշտասերների, գրասերների, մարմնամարզական միություններ ևն: XIX դ. վերջին - XX դ. սկզբին Կ. Պոլսում գործել են նաև հայ ազգային կուսակցություններ:

1844-ին ստեղծվել է Կ. Պոլսի հայերի ներքին գործերը կարգավորող մարմին՝ Ազգային ժողով, 1847-ին՝ Ազգային հոգևոր և գերագույն ժողովները:

Կ. Պոլսում եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ: Առաջին կանոնավոր դպրոցը, որտեղ պատրաստվում էին ուսյալ եկեղե-