Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագրերն իրագործել տալու նպատակով: Ներկայումս գործող համայնքային հաստատություններից են Կարագյոգյան սանուց միության Գընալը կղզու կազդուրման կայանը, Թագսիմի մարզական, Շիշլիի մարմնամարզական միությունները, «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը: Գրեթե բոլոր վարժարաններին կից գործում են սանուց միություններ:

Արշարունյաց ընկերություն, գրական, հրատարակչական կազմակերպություն: Հիմնվել է 1812-ին, Կ. Պոլսում՝ Ղուկաս Ինճիճյանի նախաձեռնությամբ, մեծահարուստ Տյուզյանների նյութական օժանդակությամբ: Հրատարակել է «Դիտակ Բյուզանդյան» շաբաթաթերթը (1812-16), շարունակել «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը (1812-20), տպագրել Ղ. Ինճիճյանի «Ազգասեր» (1815) գիրքը: Գործել է մինչև 1820-ը:

«Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոց, առողջապահական հաստատություն, հիմնվել է 1832-ին, Կ. Պոլսում՝ Գազազ Արթին ամիրա Պեզճյանի նախաձեռնությամբ և նյութական աջակցությամբ: Սկսել է գործել 1834-ից (մինչև 1953-ը կոչվել է «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոց): Ունի պոլիկլինիկա (17 բաժնով), ծննդատուն, հոգեկան հիվանդների բաժանմունք, ծերանոց (460 բնակիչ), դեղատուն (քաղաքի նշանավոր Կ. Պոլսի «Սուրբ Փրկիչ» հայոց հիվանդանոցը դեղատներից է), բժշկական արդիական սարքավորումներով կահավորված լաբորատորիաներ, եկեղեցական համալիր (1906-ից), տպարան, որտեղ 1949-ից հրատարակվում է նույնանուն ամսագիրը՝ «Սուրբ Փրկիչը», գրադարան, օժանդակ տնտեսական արտադրամաս, կալվածներ: Հաստատությունը ղեկավարում է հոգաբարձուների խորհուրդը (ատենապետ Փիլո Աթան): Հիվանդանոցը սպասարկում է նաև այլազգի հիվանդների: Անապահով հիվանդները բուժվում են անվճար: Բժշկական անձնակազմը (276 մարդ) բաղկացած է մեծ մասամբ հայերից (80 %): Օրական ընդունում է 200 հիվանդ, տարեկան կատարվում է շուրջ 1500 վիրահատություն: Գլխավոր բժիշկ՝ Արման Չաքըրօղլի:

Համազգյաց ընկերություն, մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1846-ին, Կ. Պոլսում՝ Մկրտիչ Պեշիկթաշլյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր նպաստել համազգային միասնությանը, հիմնել երկսեռ դպրոցներ, տպարաններ, թարգմանել ու հրատարակել հայ մշակույթին նվիրված գրքեր, հավաքել և ուսումնասիրել հայերեն ձեռագիր մատյաններ ու հին դրամներ, զարգացնել երկրագործության արվեստը ևն: Ակտիվ գործիչներից էին Ծերենցը, Հ. Հիսարյանը, Հ. Վարդանյանը, Հ. Տավությանը, Ա. Լյութֆյանը, Խ. Գազեզյանը, Կ. Թյուլպենաճյանը, Ս. Ասկերյանը, Ս. Ազնավուրյանը: Ընկերության ծրագրի համաձայն՝ ստեղծվել են Առևտրական ընկերությունը, Երկրագործական ընկերությունը, Թանգարան վերածնությանը: Գործել է մինչև 1852-ը:

Անարատ հղության հայ քույրերի միաբանություն, կաթոլիկ հաստատություն: Հիմնվել է 1847-ին, Կ. Պոլսում՝ հայ աղջիկներին կրթելու նպատակով: Մինչև 1914-ը միաբանությունը Թուրքիայի հայաբնակ վայրերում հիմնել է 30-ից ավելի օրիորդաց դպրոցներ ու որբանոցներ, որոնք Մեծ եղեռնի օրերին փակվել են, 75 հայ քույրերից 40-ը տարագրվել, շատերը զոհվել են Դեյր էզ Զորի ճանապարհին: Ողջ մնացած հայ քույրերը 1919-ից բազմաթիվ հայկական գաղթավայրերում (Ալեքսանդրիա, Հռոմ, Բաղդադ, Բեյրութ, Դամասկոս, Երուսաղեմ, Թեհրան, Կահիրե, Հալեպ, Փարիզ, Ֆիլադելֆիա) բացել են վարժարաններ ու որբանոցներ, որոնց զգալի մասը գործում է ցայսօր:

Մեսրոպյան ընկերություններ, կրթական-լուսավորական կազմակերպություններ. առաջինը հիմնվել է 1847-ին, Կ. Պոլսում՝ կաթոլիկ հայերի կողմից (կոչվել է նաև Մեսրոպյան եդբայրություն):Նրա խնամակալությամբ գործել է նույնանուն վարժարան: 1888-ին ընկերությունը վերակազմվել է՝ հոգալով նաև վարժարանի անապահով աշակերտների ուսումնական ծախքերը: 1854-ին կազմվել է մեկ այլ Մեսրոպյան ընկերություն, որի նպատակն էր տպագրել գրական գործեր (1855-ից հրատարակել է նաև «Աստղիկ արևելյան» ամսագիրը): Նույն թվականի վերջին ընկերությունը ցրվել է, դադարել է նաև ամսագրի լույսընծայումը: Մեսրոպյան ընկերություններ են հիմնվել նաև Կ. Պոլսի Ռումելի Հիսաբ, Ենիգափու թաղամասերում (1864, 1869), Զմյուռնիայում (1811, ծավալել է կրթական-լուսավորչական գործունեություն):