Բաժանորդական ընկերություն, հիմնվել է 1858-ին, Կ. Պոլսում՝ հայ երեխաներին կրթություն տալու նպատակով: Հիմնադիրներից էին Գ. Օտյանը, Մ. Աղաթոնը, Գ. Փափազյանը, Տ. Փեշտիմալճյանը: Նյութական միջոցները գոյանում էին բաժանորդությամբ: Ընկերությունը գոյատևել է մինչև 1866-ը, սակայն չի կարողացել իրագործել իր ծրագրերը՝ թուրքական կառավարության հարուցած դժվարությունների պատճառով:
Բարեգործական ընկերություն հայոց, հիմնվել է 1860-ին, Կ. Պոլսում: Նպատակն էր երկրագործական ու արհեստագործական կրթություն տալ անապահով հայ երեխաներին: Հիմնադիրներն էին Գ. և Մ. Աղաթոնները, Մ. ՊԵշիկթաշլյանը, Ս. Թագվորյանը, Ծերենցը, Գ. Օտյանը և ուրիշներ: Ընկերության աշխատանքներին գործուն մասնակցություն է ունեցել Մ. Նալբանդյանը: Գործել է մինչև 1874-ը:
«Քնար հայկական», երաժշտական ընկերություն: Կազմակերպվել է 1861-ին, Կ. Պոլսում՝ Գ. Երանյանի նախաձեռնությամբ: Նպատակն էր «երաժշտութեան ոգին արթնացնել ազգին մէջ»: Ընկերությանն անդամակցել են երաժիշտներ Տ. Չուխաճյանը, Ե. Տնտեսյանը, Ն. Թուշճյանը, Գ. Սինանյանը, գրողներ, գրականագետներ, թատերական ու քաղաքական գործիչներ Մ. Պեշիկթաշլյանը, Գ. Օտյանը, Ն. Ռուսինյանը, Գ. Աղաթոնը, Ս. Հեքիմյանը: Ընկերությունն ուներ 35 հոգուց բաղկացած նվագախումբ (դիրիժոր՝ Գ. Սինանյան), որը անվճար համերգներ էր տալիս Կ.Պոլսի թաղերում: Գ. Երանյանը հրատարակում էր ընկերության «Քնար հայկական» երաժշտական հանդեսը (1861-63), որտեղ հայկական և եվրոպական նոտագրությամբ լույս էին տեսնում հայրենասիրական երգեր: Գործել է մինչև 1863-ը:
Արարատյան ընկերություն հայոց, հիմնվել է 1876-ին, Կ. Պոլսում՝ Արևմտյան Հայաստանի գավառներում ուսումնական գործը խթանելու նպատակով: Հիմնադիրները և ատենապետներն են եղել Գ. Նորատունկյանը, Ա. Արփիարյանը, Մ. Փորթուգալյանը, Մ. Չերազը, Հ. Շիշմանյանը, Պ. Վասիլյանը և ուրիշներ: Ընկերությունն առաջին դպրոցը բացել է 1876-ին, Վանի Ալյուր գյուղում, այնուհետև՝ 1878-ին, Կյուսնենցում, 1879-ին՝ Վանում (վարժապետանոց), Դատվանում, Կեմում և Խառակոնիսում: Դպրոցներ է հիմնել նաև Քղիի, Բալուի, Չարսանճագի գավառների գյուղերում: 1880-ի հունիսին Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերություններին միանալով՝ կազմել է Հայոց միացյալ ընկերությունը:
Ասիական ընկերություն, մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1877-ին, Կ. Պոլսում: Ատենապետներն են եղել Ռ. Պերպերյանը, Գ. Զոհրապը, Ա. Արփիարյանը: 1878-ին պոլսեցի և գավառից եկած պանդուխտ հայերի համար կազմակերպությունը բացել է կիրակնօրյա դասընթացներ, գրականություն նվիրել Վանի, Զեյթունի դպրոցներին: 1883-88-ին հրատարակել է «Երկրագունդ» գրական-գիտական ամսաթերթը (խմբագիրներ՝ Հ. Պարոնյան, Ե. Տեմիրճիպաշյան): Գործել է մինչև 1900-ը:
Դպրոցասիրաց-Արևելյան ընկերություն, կրթասիրական կազմակերպություն: Ստեղծվել է 1878-ին, Կ. Պոլսում, 1870-ից գործող «Դպրոցասիրաց» և Արևելյան ընկերությունների միավորումից: Նպատակն էր զարկ տալ ազգային դպրոցական գործին: Մասնաճյուղեր ուներ Տրապիզոնում, Ռոդոսթոյում, Մանչեստրում: Դպրոցներ է բացել Մուշում, Բաղեշում, Ալաշկերտում: 1880-ի հունիսին միավորվելով Արարատյան և Կիլիկյան ընկերությունների հետ՝ կազմել է Միացյալ ընկերություն հայոցը:
Ազգանվեր հայուհյաց ընկերություն, հիմնվել է 1879-ին, Կ. Պոլսում՝ Զապել Ասատուրի (Սիպիլ) նախաձեռնությամբ: Նպատակն էր կրթել Արևմտյան Հայաստանի գավառների հայ աղջիկներին: 1880-ին Քղիում բացել է առաջին դպրոցը: 1912-ին գավառներում ուներ 23 դպրոց՝ 2000-ից ավելի աշակերտուհիներով: Գործել է մինչև 1915-ի սկիզբը:
Կիլիկյան ընկերություն, բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է 1879-ին, Կ.Պոլսում: Հիմնադիրներ՝ Մ. Չերազ, Կ. Կարակյան, Հ. Ասատուր, Հ. Նազարյան: Նպատակն էր «ազգային դաստիարակությունն ընդհանրացնել Կիլիկիո մեջ»: Ընկերությունը նյութապես աջակցել է Ս. Վարդանյան ընկերության՝ Հաճընում բացած վարժարաններին, ապահովել ուսուցիչներով, նոր դպրոցներ բացել Զեյթունում, Մարաշում, Այնթապում, Սիսում: 1880-ի հունիսին միավորվել է Արարատյան ընկերություն հայոցի և Դպրոցասիրրաց - Արևելյան ընկերության հետ և կազմել Միացյալ ընկերություն հայոցը:
Հայոց միացյալ ընկերություն, կրթական-մշակութային կազմակերպություն: Հիմնվել է 1880-ին, Կ. Պոլսում՝ Արարատյան ընկերություն հայոց, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունների միավորումով: Նպատակն էր դպրոցներ հիմնել ու լուսավորություն տարածել Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Թուրքիայի հայաբնակ վայրերում: Կազմակերպիչներն էին Մ. Փորթուգալյանը, Ա. Արփիարյանը, Զ. Շիշմանյանը, Հ. Թորոսյանը, Մ. Չերազը, Հ. Շահնազարը, Հ. Յուսուֆյանը, Հ. Ասատուրը և ուրիշներ: Ընկերությունը հիմնել է շուրջ 30 վարժարաններ, նախակրթարաններ, հաստատություն ուսուցիչների համար,