Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամառային մանկավարժական և գյուղատնտեսական դասընթացներ, որբանոց-արհեստանոց: Գոյատևել է մինչև 1915-ը:

Հայ գեղարվեստական միություն, հիմնադրվել է 1919-ին, Կ. Պոլսում: Նպատակն էր վերակենդանացնել ազգային արվեստի ավանդույթները, քաջալերել և հովանավորել հայ կերպարվեստագետներին, ներկայացնել հայ արվեստի նվաճումները: Միության անդամների ջանքեյավ Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են հայկական ձեռագրեր, գորգեր, կիրառական արվեստի այլ ստեղծագործություններ, կազմակերպվել ցուցահանդեսներ, հովանավորվել հայ արվեստին նվիրված ոաումնասիրությունների հրատարակությունները:

Գընալը կղզու կազդուրման կայան, ամառային ճամբար: Հիմնվել է 1965-ին: Հանգստանում են 6-13 տարեկան մանուկներ (հիմնականում ծնողազուրկ, անապահով ընտանիքներից): Հանգիստը կազմակերպվում է համայնքի հաշվին: Կայանի խնամակալության ատենապետն է Միհրան Ուլիկյանը: Կայանն ունի երգչախումբ (ղեկավար՝ Տիանա Տահաճրօղլի):


ՄՇԱԿՈՒՅԹ

Թ-ում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել ոչ միայն հայ ազգային արվեստի, այլև թուրքական մշակույթի տարբեր բնագավառների զարգացման գործում:

Կոստանդնուպոլսի գրչության կենտրոն, նախամաշտոցյան շրջանի հայ մշակույթի իաշորագույն կենտրոն: Հայ գրերի ստեղծումից հետո այստեղ հատկապես զարգացել է թարգմանչության արվեստը: VIII դ. սկզբին Սյունյաց եպիսկոպոսի աշակերտ Ստեփանոս Սյունեցին, Դավիթ Հյուպատոսի հետ Կ. Պոլսում թարգմանել է Դիոնիսիոս Արիոպագացու «Մատենագրությունը», Կյուրեղ Երուսաղեմցու «Գիրք պարապմանց», «Թուղթ և գանձ» երկերը, Գրիգոր Նյուսացու «Մատենագրությունը», ապա՝ Որոգինես Ալեքսանդացու «Ղևտիկոնի մեկնությունը», որոնք մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով: Հնագույն ձեռագիրը (պահվում է Մատենադարանում) մագաղաթե Ավետարան է՝ գրված 909-ին՝ Հայոց սպարապետ Աշոտի համար (գրիչ՝ Թութայել): X դ. թարգմանչական լուրջ գործունեություն է ծավալել Հովսեփ Բժիկ Կոստանդնուպոլսեցին: 965-ին նա թարգմանել է մի վկայաբանություն, իսկ 991-ին՝ «Յայսմաւուրք»: Հետագայում Իսրայել Արցախեցու, Կիրակոս Գանձակեցու, Գրիգոր Անավարզեցու, Գրիգոր Խլաթեցու խմբագրությամբ ժողովածուն հարստացել է հայկական վարք-վկայաբանություններով: Կ. Պոլսում կատարված ընդօրինակությունների թիվը առավել մեծ չափերի է հասել հատկապես XV-XVII դդ.: Կոստանդնուպոլսի գրչության կենտրոնի մեզ հայտնի շուրջ 1000 գրչագրերի կեսից ավելին պահվում է Մատենադարանում:

Գրականություն: 1850-ական թթ. սկսած՝ Եվրոպայում, մասնավորապես Փարիզում, բարձրագույն կրթություն ստացած ու Եվրոպայում դասական և վիպապաշտ գրականության դպրոցների ազդեցությունը կրած արևմտահայ ստեղծագործողների, ինչպես նաև նոր սերնդի ներկայացուցիչների՝ Նահապետ Ռուսինյանի, Գրիգոր Օտյանի, Ծերենցի, Մատթեոս Մամուրյանի և այլոց ջանքերով սկզբնավորվել է Զարթոնքի շրջանի գրականությունը, որի նվաճումները կապված էին առաջին հերթին Ղևոնդ Ալիշանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Դուրյանի ստեղծագործությունների հետ:

Զարթոնքի սերնդի կարևոր քայլերից էր արևմտահայերեն գրական լեզվի սկզբնավորման ու զարգացման փաստը: Արդեն 1880-ական թթ. գրաբարն իր տեղը զիջել էր աշխարհաբարին: Այդ ընթացքում գրական ասպարեզ էր իջել իրապաշտ սերունդը, որի շնորհիվ էական տեղաշարժեր եղան գրականության պատմության մեջ՝ հատկապես արձակում: Զարթոնքի սերնդի ականավոր ներկայացուցիչներից դարձան Տիգրան Կամսարականը («Վարժապետին աղջիկը»), Հակոբ Պարոնյանը («Մեծապատիվ մուրացկաններ»), Արփիար Արփիարյանը և Երուխանը՝ իրենց նորավեպերով: Մի փոքր ուշ արձակագիրներ Միքայել Կյուրճյանը, Թլկատինցին (Հովհաննես Հարությունյան), Ռուբեն Զարդարյանը, Մշո Գեղամը իրենց երկերում պատկերեցին առավելաբար գավառում ապրող արևմտահայերի կյանքը, որի պատճառով էլ նրանց գրականությունը կոչվեց «գավառի գրականություն»:

Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Վահան Թեքեյանի ստեղծագործությունների շնորհիվ դարասկզբին հայ բանաստեղծությունը հասավ նոր բարձունքի: Այս գրական սերնդի ներկայացուցիչներից շատերը Մեծ եղեռնի զոհ դարձան: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը (1918) նշանավորվեց եղեռնը վերապրած արևմտահայ գրողների մի մասի (Հակոբ Օշական, Վահան Թեքեյան, Կոստան Զարյան, Երվանդ Օտյան, Հակոբ Սիրունի և ուրիշներ) Կ. Պոլիս վերադարձով, որտեղ հրատարակվեցին Հակոբ Օշականի պատմվածքների երկու ժողովածուները՝ «Խո-