Jump to content

Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹՈՒՐՔՄԵՆԻԱ

Թուրքմենստան, պետություն Միջին Ասիայում: Տարածքը՝ 488,1 հզ. կմ²: Բնակչությունը՝ 4,8 մլն (1998): Մայրաքաղաքը՝ Աշխաբադ (550 հզ.): Հայերի թիվը՝ 20-22 հզ.:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992-ին:

Հայերը Միջին Ասիայի տարածքում հայտնվել են մ.թ.ա. VI դարից: Հայտնի է նաև, որ Սասանյան Պարսկաստանը, գրավելով Հայաստանը (IV դ.), շատ հայերի գաղթեցրել է Պարսկաստան, և նրանց մի մասը հետագայում հաստատվել է Թ-ում: VI դ. Սասանյաններն իրենց ազդեցությունը Միջին Ասիայում ամրապնդելու նպատակով Մերվի (այժմ՝ Մառի) մերձակայքում հիմնել են հայկական և վրացական ռազմականացված բնակավայրեր: VII դ. հայ պատմիչ Սեբեոսը վկայում է, որ պարսից արքա Խոսրով II Ափարվեզը 599-ին հայ զորավար Սմբատ Բագրատունուն նշանակել է Միջին Ասիայում պարսկական զորքերի հրամանատար, 600-ին՝ Միջին Ասիայի (Խորասանի) մարզպան: Սմբատ Բագրատունու ութամյա մարզպանության ժամանակ տարածաշրջանում կառուցվել է հայկական քաղաք, բռնագաղթեցված հայերը ստեղծել են իրենց հոգևոր թեմը, վերականգնել մայրենի լեզուն և գիրը:

1386-ին Լենկթեմուրի զորքերը արշավել են Հայաստան, թալանել և ավերել բազմաթիվ բնակավայրեր, հազարավոր հայերի բռնագաղթեցրել Միջին Ասիա: Հայերի արտագաղթ Միջին Ասիա եղել է նաև XVI դ., սակայն նրանց զանգվածային հոսքը դեպի Միջին Ասիա կամ Թուրքեստան (այդպես կոչվել է XIX դ. - XX դ. սկզբին) սկսվել է XIX դ. (պատճառը ծանր սոցիալ-տնտեսական կյանքն էր Արևելյան Հայաստանում և թուրքական բռնություններն ու կոտորածները Արևմտյան Հայաստանում):

XIX դ. վերջին Միջին Ասիայում և մասնավորապես Թ-ում հայկական գաղթավայրերի առաջացումն արդեն կապված էր Ռուսաստանի կողմից այդ երկրամասի նվաճման հետ: Թ-ում հայկական գաղթավայրերի պատմությունը բաժանվում է չորս փուլի՝ 1881-1917 թթ.՝ հայկական գաղթավայրերի կազմավորում և արագ զարգացում, 1917-39 թթ.՝ հայ համայնքների իրավական և ազգային-մշակութային ինքնավարության բռնի վերացում, 1939-91 թթ.՝ հայերի նկատմամբ կիրառվող ուծացման քաղաքականություն, 1991-ից մեր օրերը՝ ազգային կյանքի վերականգնում:

XIX դ. 80-ական թթ. Միջին Ասիայում հայերի զանգվածային բնակեցմանը նպաստել է այդ տարիներին սկսված միջինասիական երկաթուղու շինարարությունը: Հայաստանից և Անդրկովկասից այստեղ են տեղափոխվել մեծ թվով արհեստավորներ (քարտաշներ, որմնադիրներ, ատաղձագործներ ևն):

XIX դ. 2-րդ կեսին Ռուսաստանն ավարտել է Անդրկասպյան հողերի նվաճումը. 1880-ական թթ. սկզբին ստեղծվել է Անդրկասպյան մարզը, որն ընդգրկել է ժամանակակից Թ-ի տարածքը: Շուտով այստեղ Անդրկովկասից (հիմնականում Ղարաբաղից և Նախիջևանից), Ռուսաստանից (Աստրախանից), մասամբ նաև Իրանից գաղթած հայերը կազմել են Կրասնովոդսկի (այժմ՝ Թուրքմենբաշի), Պոլտորացկի (այժմ՝ Աշխաբադ), Մերվի, Թեջենի և այլ քաղաքների բնակչության զգալի մասը: Հայերը