Էջ:Հայ Սփյուռք հանրագիտարան 2003.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բնակություն են հաստատել բացառապես մարզային և գավառային կենտրոններում, երկաթուղային ավաններում, ինչպես նաև Իրանի և Աֆղանստանի հետ սահմանամերձ առևտրի կենտրոնում: Սկզբնապես հայերի բնակությունը երկրամասում ժամանակավոր բնույթ է կրել, սակայն շուտով նրանց մեծ մասը մշտական բնակություն է հաստատել: Սկսել է ձևավորվել հայ համայնքը: 1884-ին հիմնադրվել է հայկական առաջին եկեղեցին Աշխաբադում: Հետագա տարիներին եկեղեցիներ են կառուցվել Ղզըլ Արվադում, Մերվում, Կրասնովոդսկում, Թեջենում: 1910-ին Թ-ում գործել է հայկական հինգ եկեղեցի՝ կից ծխական դպրոցներով: Համայնքը գլխավորել են ավագները՝ Ա. Տեր-Սարկիսովը, Ա. Ազադովը, Ա. Ասծատուրովը, Գ. Ազադովը, Ա. Գրիգորյանցը, Ի. Իշխանովը, Ն. Ակրոպովը:

Ռուսաստանի իշխանությունները խթանել են հայերի գաղթը Թուրքեստան, քանի որ իրենց աշխատասիրության, ձեռներեցության և ռուսերենի, պարսկերենի, թուրքերենի, արևելյան ժողովուրդների բարքերի ու սովորույթների իմացության շնորհիվ հայերը նպաստել են երկրամասի տնտեսական վերակառուցմանը, նաև՝ յուրահատուկ միջնորդներ հանդիսացել քրիստոնյա և մահմեդական բնակչության միջև հարաբերությունների ձևավորման ընթացքում:

Արդեն XIX դ. 80-ական թթ. սկզբին հայերն ամուր դիրքեր են ունեցել Թ-ի ռուսական բոլոր գաղութային հենակետերում: Մուտք գործելով երկիր ռուսական զորքերի հետ միաժամանակ՝ նրանք ձեռնամուխ են եղել շինարարական աշխատանքների: Հայ շինարարները մասնակցել են Անդրկասպյան երկաթուղու, Ամուդարյայի վրա Չարջոուի կամրջի, երկաթուղային կայարանների, մաքսատների և սահմանային պահակակետերի, եկեղեցիների ու մզկիթների, դպրոցների, հիվանդանոցների, պետական հիմնարկների ու մասնավոր տների շինարարությանը: Կարճ ժամանակամիջոցում հայերի ձեռքին են հայտնվել ոչ միայն կտորեղենի, արդուզարդի և նպարեղենի խոշոր խանութները, այլև զորքին մատակարարվող պարենի և այլ ապրանքների հիմնական ծավալը, ինչը ռուսական գերիշխանության առաջին տասնամյակներին եղել է առևտրական շահույթի հիմնական աղբյուրը: XIX դ. վերջին հայերին է պատկանել Թ-ի առավել խոշոր առևտրական հաստատությունների 40 %-ը: Կազմավորվել է վաճառականների խավը՝ բավական խոշոր կապիտալներով: Աչքի են ընկել Ն. Տեր-Միկիրտիչևը, Ի. Ավետիսովը, Մ. Սարուխանովը, Ա. Հախնազարովը, Խ. Մնացականովը, Ա. Տեր-Ավանեսովը, Ա. Մելիք-Քարամյանցը, Բաքվից, Ելիզավետպոլից, Շամախիից, Թիֆլիսից, Իրանի տարբեր վայրերից եկած մեծ թվով հայ գործարարներ: XX դ. սկզբին հայ վաճառականությունը, ընդարձակելով գործառնությունների ծավալները, մասնակցել է մի շարք խոշոր առևտրական ընկերությունների ստեղծմանը, որոնք իրենց ազդեցությունն են տարածել ամբողջ Միջին Ասիայում: Դրանց թվին են պաականել «Արևելյան ընկերությունը», «Կովկաս և Մերկուրի», «Հույս» ընկերությունները, «Շաքարի գործարանների ընկերությունը» ևն, որոնց փայատերերն ու առևտրական գործակալները հաճախ հայ առևտրականներն էին: Հայ վաճառականությունը առաջատար դիրքեր է գրավել Իրանի և Աֆղանստանի հետ Ռուսաստանի առևտրի ոլորտում:

Հայերն օժանդակել են Թ-ում բամբակագործության արմատավորմանը, ինչպես նաև գյուղատնտեսության այդ ճյուղի հետ կապված վերամշակման արտադրության ստեղծմանը: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Անդրկասպյան երկրամասի մասնավոր բամբակազտիչ ձեռնարկությունների մեծ մասը պատկանել է հայերին՝ Տեր-Միկիրտիչևին, Կևորկովին, Տեր-Տերյանցին, Արզումանովին: Բամբակագործության և բամբակազտիչ արդյունաբերության զարգացման հետ սերտորեն կապված էր ձեթի և օճառի արտադրության առաջացումը: 1893-ին մերվցի վաճառականներ Գ. և Օ. Պետրոսյանց եղբայրները ստեղծել են Թ-ում առաջին ձիթագործարանը, XX դ. սկզբին Մերվում նոր ձիթագործարան են հիմնել վեց հայ ձեռնարկատերեր՝ Ն. Անտոնովի գլխավորությամբ:

Հայերը նկատելի դեր են խաղացել Թ-ում և ամբողջ Անդրկասպյան երկրամասում գինու և սպիրտի արտադրության, ձկնարդյունագործության զարգացման բնագավառում: 1880-ական թթ. վերջից աստրախանցի հայ խոշոր ձկնարդյունաբերող Ս. Մ. Լիոնոզովը պայմանագրով վարձակալել է պարսկական ձկնորսաջրերը և իր հերթին վարձակալության տվել հայ այլ ձկնարդյունաբերոդների: XX դ. նախօրեին «Գ. Ս. Լիոնոզովի հարավկասպիական արդյունահանության ձեռնարկությունների ընկերակցությունն» այդ ջրերի նկատմամբ ունեցել է մենաշնորհային իրավասություններ: XIX դ. վերջից հայ վաճառականները սկսել են միջոցներ ներդնել նավթի, աղի հանույթի մեջ: Շատ հայեր իշխանություններից թույլտվություն են ստացել մշակելու Չելեքենի, Նավթադաղի, Քեյմիրի նավթային հանքավայրերը: XX դ. սկզբին նավթի հանույթը կենտրոնացված էր մի շարք ֆիրմաների («Նոբել եղբայրներ», «Արամազդ», «Չարքեն» ևն) ձեռքին, որոնց բաժնետերերի զգալի մասը հայեր էին: Եռանդուն գործունեություն էր ծավալել Կրասնովոդսկից խոշոր վաճառական և ձեռնարկատեր Ն. Տեր-Ավանեսովը, որն իր ձեռ-